«Թուրքիայում խայտառակ ճգնաժամ է, արդյոք թուրք ժողովուրդը կկարողանա՞ կազմակերպվել». Հակոբ Չաքրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը

– Պարո՛ն Չաքրյան, Թուրքիայում ազգային արժույթը արժեզրկվում է դոլարի նկատմամբ՝ մասնագետների գնահատմամբ սահմանելով պատմական ռեկորդներ: Այդ հանգամանքը դժգոհության ալիք է բարձրացրել երկրում: Կներկայացնե՞ք՝ ինչ է կատարվում այդ երկրում:

– Այո՛, ես հետևում եմ Թուրքիայում իրադարձությունների ընթացքին: Այսօր մեկ դոլարը 11 թուրքական լիրա էր, երկու օր առաջ՝ 10 լիրա: Մեկ օրվա մեջ Էրդողանը երկու անգամ ելույթ էր ունեցել, և դոլարի փոխարժեքը երկու անգամ էլ բարձրացել էր: Երբ դոլարի փոխարժեքը բարձրանում է, բնականաբար, դա անդրառնում է մյուս ապրանքների գների վրա. այնտեղ հիմնականում ամեն ինչ ներմուծում են՝ ոսպ, սիսեռ, շաքար, նույնիսկ կենդանիների համար դարմանն են ներմուծում:

Օրերս հեռուստաալիքներից մեկով դիտում էի՝ սուպերմարկետում մեկ կիլոգրամից ավելի շաքարավազ գնելը արգելվում էր: Արգելվում էր նաև մեկ լիտրից ավելի արևածաղկի ձեթ գնելը:

– Ճգնաժա՞մ է փաստորեն:

– Այո՛, խայտառակ ճգնաժամ է այդ երկրում: Դոլարի փոխարժեքի բարձրացումը բոլոր ոլորտների վրա է ազդում: Տեղի մասնագետներն ասում են՝օրինակ՝ աֆրիկյան երկրներում դոլարի փոխարժեքն այդքան չի բարձրանում, և եզրակացնում են, որ խնդիրը ոչ թե դոլարի ինքնարժեքի բարձրացումն է, այլ թուրքական լիրայի ինքնարժեքի նվազումը:

Վիճակագրական տվյալներով՝ մոտ 50 մլն մարդ Թուրքիայում ապրում է աղքատության շեմին, այսինքն՝ ստացած եկամուտը չի բավականացնում ապրելու համար, մի քանի միլիոնն էլ՝ սովի շեմին: Գործազուրկների թիվը, պաշտոնական վիճակագրությամբ, 13 մլն է, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են: Մի խոսքով, երկրի վիճակը շատ ծանր է:

Միաժամանակ, առաջնային ապրանքների գների սրընթաց բարձրացմանը զուգահեռ, աճում են նաև նախագահականի ծախսերը, օրինակ՝ Էրդողանի միայն խոհանոցի մեկ օրվա ծախսը կազմում է 8 մլն լիրա: Նա ունի ավելի քան 5000 թիկնապահ, երբ ուրբաթ օրերին գնում է մզկիթ նամազի, փակում է բոլոր փողոցները, թիկնապահների մի մասին լցնում է մզկիթ, որ ուրիշ մարդ չմտնի: Էրդողանի կնոջ՝ Էմինե Էրդողանի ավտոշարասյունը 5 մեքենայից է բաղկացած, վերջերս մի առիթով նա գնացել էր Անթալիա, և, բացի այդ մեքենաներից, նրան ուղեկցել են նաև մի քանի ուղղաթիռ:

– Այդ ճգնաժամը հուզումներ է առաջացրել Թուրքիայում, մենք երեկվանից տեսնում ենք՝ փողոցներում մարդիկ են, բողոքում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ու, մասնավորապես, Էրդողանի դեմ: Սա ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ:

– Այդ հուզումներն առաջին անգամ է, որ Ստամբուլում էին սկիզբ առել, ու առաջին անգամ է, որ պահանջում էին կառավարության հրաժարականը: Բայց Թուրքիայում կառավարություն՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Միանձնյա իշխանություն է, և Էրդողանն է երկրում ամեն ինչ որոշում, բոլոր հարցերն ինքն է ինքնուրույն լուծում:

Ցուցարարների մեջ կան առողջապահության ոլորտի աշխատողներ, ուսանողներ և անպայման կանայք, որովհետև այդ երկրում օրական 3-4 կին է զոհ դառնում: Ցուցարարները որոշել են Ստամբուլից ոտքով գնալ Անկարա: Թե ինչ կլինի՝ չգիտեմ, բայց Էրդողանը, ըստ երևույթին, գնալու մտադրություն էլ չունի: Ակնհայտ չեն ասում, բայց կարծում են՝ հնարավոր է երկրում ինչ-որ մի բան սարքի:

– Ի՞նչ օրինակ:

– Դե, օրինակ, զանգվածային սպանություն, ինչպես եղավ 2015 թվականին, երբ Անկարայի կայարանի մոտակայքում ահաբեկչական գործողության հետևանքով 100-ից ավելի մարդ մահացավ: Օրինակ՝ ընտրեն ահաբեկիչ մահապարտ, որը կիրականացնի ահաբեկչական ակտը, և արդյունքում Էրդողանը հնարավորություն կունենա պահպանել իր իշխանությունը:

Կամ էլ կարող է Սիրիայում կռիվներ հրահրել, ինչի համար, ի դեպ, նախապայմաններ ստեղծվել են. Թուրքիայի Ազգային մեծ ժողովը կառավարությանը թույլ է տվել արտերկիր զորք ուղարկել երկու տարով:

Նման քննարկումներ ծավալվում են թուրքական փորձագիտական շրջանակներում:

– Թուրքիայում այդ բողոքի ալիքները, ստեղծված ճգնաժամը Հայաստանում մի տեակ ուրախություն է առաջացրել: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս դա կարող է անդրադառնալ տարածաշրջանի և, հատկապես, Հայաստանի վրա:

– Հայաստանի վրա առանձնապես չի անդրադառնա: Թուրքիայում ներքաղաքական իրավիճակի լարվածությունը մեզ որևէ օգուտ չի տա, այդ երկրի ղեկավարներին, մասնավորապես՝ Էրդողանին կդարձնի ավելի ագրեսիվ, վիրավոր գազանի էֆեկտ կթողնի:

Այդ խառնաշփոթ իրավիճակը գուցե Էրդողանի հնարավորությունները սահմանափակի Սիրիայում պատերազմ սանձազերծելու առումով: Թե չէ Հայաստանին՝ ի՞նչ, կամ ուրախանաս՝ ի՞նչ անես:

– Այդուհանդերձ, պարո՛ն Չաքրյան, ի՞նչ եք կարծում, հնարավոր է նման հուզումները, ճգնաժամը սասանեն Էրդողանի իշխանությունը:

– Էրդողանն առանձնապես հեղինակություն էլ չունի, ուղղակի ամբողջ խնդիրն այն է՝ արդյոք թուրք ժողովուրդը կկարողանա՞ այնպես կազմակերպվել, ինչպես մենք՝ 2018-ին: Այդ երկիրը, ի տարբերություն մեր երկրի, մեծ է, բազմազգ է, տարբեր շրջանների միջև զարգացման ու մակարդակների միջև մեծ տարբերություն կա: Էրդողանի ընտրազանգվածը սկզբունքորեն կրթված չէ: Նախանցյալ տարվա ՏԻՄ ընտրություններում բոլոր խոշոր քաղաքներում, բացառությամբ Բուրսայի, հաղթեց ընդդիմությունը:

Էրդողանը հաղթում է արևելքում և Կենտրոնական Անատոլիայում, որտեղ կրթության ամենացածր մակարդակն է: Ի՞նչ է պետք նրանց: Նրանց չես կարող ասել, որ դեմոկրատական իրավունքները սահմանափակվել են, խոսքի ազատությունը իսպառ վերացել է երկրում: Նրանց դա չի հետաքրքրում: Այդ զանգվածին հետաքրքրում է՝ գլխաշորով կարողանա ուսուցիչ աշխատել, պետական հիմնարկներում աշխատել:

Բացի այդ, նրանց երեխաները դպրոցներում Ղուրանի կուրսեր են անցնում, նրանց հետաքրքրում էր Մուհամմեդ մարգարեի գործունեությունն ընդգրկել ուսումնական ծրագրերում, որն արել են: Այդ մարդկանց նաև պետական աջակցություն է տրամադրվում, ածուխ են տալիս որպես վառելիք, ուտելիք և այլն: Այն էլ այս տարի այդ օգնությունը մասամբ կատարվեց:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am