Միայնակ մեծացրած մինուճար որդուն Գայանեն կորցրել է պատերազմում․ «Էլ ի՞նչ կյանք, էլ կյանք չկա՛»

«էլ ի՞նչ կյանք, էլ կյանք չկա՛»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է 43-ամյա Գայանե Դավթյանը, որը պատերազմում կորցրել է իր մինուճարին՝ 20-ամյա Արման Աղվանյանին։

Արման ծառայելիս է եղել Ստեփանակերտի Ցոր զորամասում, երբ սկսվել է պատերազմը։ Արմանին զորամասից տեղափոխել են պատերազմի թեժ կետեր՝ Հադրութ, Ջրական, սակայն մորն ասել է՝ «Մեր զորամասի բունկերում ենք, մեզ բան չկա»։

Մայրն ասում է՝ չէր պատկերացնում, որ որդին կխաբի․ «Ասում էր՝ հանկարծ չմտածես։ Ասում էի՝ ես էլ եմ գալու, ասում էր՝ գալիս ես ի՞նչ անես, ես սկի բան չեմ անում»։

Մայրն ասում է՝ որդին հաճախ էր զանգում։ Երբ լուր տարածվեց, թե հրթիռակոծվել է Գյանջան, որդին տատի հետ սկսել է երգել «Արազն անցա էն կուռը, Քաղեցի գյանջա նուռը» երգը։

Երգի կատարումը երգիչ Սարո Թովմասյանի։

Երգել Արմանը շատ էր սիրում, երաժշտական կրթություն ուներ, դուդուկն էլ ձեռքից բաց չէր թողնում, ինքնուս սովորել էր։ 

Մայրն ասում է՝ ականջներում որդու ձայնն է։

Հոկտեմբերի 8-ին Արմանը վերջին անգամ է կապ հաստատել ընտանիքի հետ, ասել, որ եթե երկու օր չզանգի, չանհանգստանան, սակայն․ «Էլ չզանգեց ու իմացանք․․․»- հուզմունքով ասում է մայրը։

Գայանե Դավթյանը Ռուսաստանում էր գտնվում՝ աշխատանքի նպատակով, հոկտեմբերի 10-ին որդու լուրն իմանալով՝ միանգամից վերադառնում է Հայաստան։

Մայրը որդու հետ՝ Ռուսաստանում։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

«Ինձ զանգեցին մորգից, ասեցին՝ Արմանը ի՞նչ նշաններ ունի, ես էլ ասում էի՝ ի՞նչ եք ասում… Արմանի ոտի տակը խալ կար, ասեցի, սկզբում չէին գտել, հետո երևի գտան, ասեցին՝ վռազ արի»։

Մոր խոսքով՝ որդու դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։ «Գնացի մորգ ու տեսա երեխին հետևից, թիկունքից էր վիրավոր, ասում են՝ տանկ ա շուռ եկել, ինքը տանկի հրամանատար էր։ Ստեփանակերտում էլ՝ Ցորում, մինչև պատերազմը ինքը դասակի հրամանատարին էր փոխարինել»։

Գայանեն միայնակ է մեծացրել որդուն, մեկնել արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանա որդու երազանքներն ու նպատակներն իրագործել։ Սակայն պատերազմը Գայանեից խլեց մինուճարին՝ իր կյանքը իմաստին։

«Ես աշխատում էի Ռուսաստանում, Արմանիս տատի մոտ եմ թողել, գնացել Ռուսաստան, ամեն ինչ արել եմ, որ ինքը իրա ուզածին, իրա նպատակներին հասնի»։

Մայրն ասում է՝ որդին էլ ձգտում էր լավագույնին, լավ է սովորել, օլիմպիադաների մասնակցել, ասմունքի և երգի մրցույթների մասնակցել, սպորտում մեծ հաջողություններ գրանցել:

«Ջրագնդակի էր գնում, մեծ հաջողություններ ա ունեցել, «Լավագույն ռմբարկու» կոչմանն ա արժանացել, պատմություն շատ լավ գիտեր։ Սիրում էր նվագել ու երգել, Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինն ա ավարտել, բոլոր ազգային հերոսների մասին երգելով պատմում էր»։

Դպրոցն ավարտելուց հետո Արմանը անվճար ընդունվել է Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։

Մայրն ասում է՝ որդին նաև լավ մաթեմատիկա գիտեր, որոշել էր այդ ուղղությամբ շարունակել կրթությունը, սակայն մրցույթներից մեկի ժամանակ սխալ գնահատական ստանալուց հետո կտրուկ փոխել էր մտադրությունը և որոշել իրավաբան դառնալ՝ իրավունքները պաշտպանել կարողանալու համար։

Արմանը հայրենասեր էր, խիստ էր, միաժամանակ՝ բարի՝ ասում է մայրը։ «Ընկերների համար պապա ա եղել, իրանք բոլորն են դա ասում, բոլորին իրա թևերի տակ առած»։

Գայանեն ասում է՝ որդին շատ էր ցանկանում մեքենա ունենալ, մայրն էլ աշխատել էր ու հավաքել գումարը: 

«Արմանս շատ էր ուրախացել, որ էդ գումարը կա, էն էլ վերջում դա դարձավ հուշաղբյուր, Վանաձորում հուշաղբյուր կառուցեցինք իր անունով»,- ասում է ու հուզվում Գայանեն։

Մայրը մինուճար որդուն կորցնելուց հետո մեծ սթրես է տարել, մեկ տարի տնից չի կարողացել դուրս գալ, չի ցանկացել որևէ մեկի հետ շփվել։ 

«Նոր-նոր եմ դուրս գալիս, աշխատում եմ, որ չխելագարվեմ ու կարողանամ ինձ պահել»,- հուզվում է Գայանեն։

Արփինե Արզումանյան

MediaLab.am