«Մարտի մեկն առանձնահատուկ գործ է, դա ցուցիչ է, թե հեղափոխությունից հետո ինչպես են աշխատում իշխանությունները». Ժաննա Ալեքսանյան

«Մարտի մեկն առանձնահատուկ գործ է, դա ցուցիչ է, թե հեղափոխությունից հետո ինչպես են աշխատում իշխանությունները». Ժաննա Ալեքսանյան
«Մարտի մեկն առանձնահատուկ գործ է, դա ցուցիչ է, թե հեղափոխությունից հետո ինչպես են աշխատում իշխանությունները». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկին Ալեքսանյան, ՄԻԵԴ-ը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով։ Հայաստանի կառավարությանը ցուցում է տրվել շտապ կերպով ապահովել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն։ Շատերի գնահատմամբ՝ սա այս իշխանության առաջին ձախողումն է ՄԻԵԴ-ում։ ՄԻԵԴ-ում ընդդեմ ՀՀ-ի որոշման համար փաստաբան, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ նախկին իշխանությունն է մեղավոր։ Հիմա ՄԻԵԴ-ի որոշումը կարո՞ղ ենք դիտարկել ձախողում, թե ոչ։

– Կարծում եմ՝ Մարտի մեկի գործը պետք է քննել համակ ուշադրությամբ՝ առանց որևէ մեկի իրավունքը խախտելու։ Մենք հիմա էլ տեսնում ենք, որ կոպիտ խախտումներ չկան, թեև փաստաբանները ասուլիս են տալիս, խոսում իրավունքների խախտումների մասին, բայց ես պետք է ասեմ, որ կոպիտ խախտումներ չեն արձանագրվել։

Ամեն դեպքում, Սամվել Մայրապետյանի հետ կապված շրջանառվում էին խոսակցություններ, թե ձգձգում էին, անձնագիրը չէին տալիս, այս դեպքում քննչական մարմինները, նախաքննական մարմինը պետք է բացառեն, և ՄԻԵԴ-ի նույնիսկ միջանկյալ որոշումը չպետք է լիներ։

Հայտարարություն էր տարածել նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը և ողջունել է ՀՀ իշխանություններին, որ վերաբացել են 2008 թվականի մարտի արյունալի բախումների քննությունը։ Միևնույն ժամանակ, HRW-ն զգուշացնում է, որ այս գործերը պետք է քննվեն ամենայն զգուշությամբ՝ առանց որևէ մեկի իրավունքը խախտելու։ Եվ սա շատ կարևոր է այն իմաստով, որ եթե մենք ուզում ենք բացահայտել, պետք է շատ ուշադիր լինենք, չպետք է արձանագրենք խախտումներ և պետք է բացառենք միջամտությունները ՄԻԵԴ-ից։

Սա շատ կարևոր է մեր իրավապահ համակարգի վերափոխման համար։ Մենք դժգոհ ենք իրավապահ համակարգից, և կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչ վատ են աշխատում իրավապահ մարմինները։ Մարտի մեկն առանձնահատուկ գործ է, որը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, որ դա ցուցիչ է, թե հեղափոխությունից հետո ինչպես են աշխատում իշխանությունները։

Եվ շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը տեսնի, որ մենք կատարում ենք անաչառ քննություն։ Եվ շատ կարևոր է, որ անաչառությունը և օբյեկտիվությունը լինեն առաջին պլանում։ Եվ կարիք չկա միջամտությունների։ Մենք պետք է անենք ավելին և անենք անհնարինը, որպեսզի գործի քննությունը ցույց տրվի որպես թափանցիկ քննություն։ Որքան էլ հիմա դատախազությունն ասի, որ խախտում չի եղել Սամվել Մայրապետյանի գործի հետ կապված, բայց ակնհայտ է, որ խախտում է եղել, որ մարդիկ դիմել են ՄԻԵԴ։

Վերցնենք Մանվել Գրիգորյանի դեպքը. եթե նա ունի հիվանդություններ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ, նա չպետք է լինի բանտում։ Օրենքը հավասար է բոլորի համար։ Մենք միայն չպետք է համեմատենք նախորդ իշխանությունների հետ, որ նրանք ընդհանրապես չէին անում, մենք մի քիչ ավել ենք անում։ Պետք է անել այնպես, ինչպես օրենքն է պահանջում։ Եվ Մարտի մեկի բացահայտումը շատ կարևոր է։ Դա հնարավորություն կտա վերափոխելու ամբողջ իրավապահ համակարգը, որը կոռուպցիայի և օրենքից դուրս աշխատելու սովոր մի կառույց է։ Մարտի մեկի բացահայտումն ընդհանրապես կարող է ցուցիչ հանդիսանալ Հայաստանի իրավապահ համակարգի համար, էլ չեմ ասում, թե միջազգային կառույցները որքան բարձր կգնահատեն անաչառ քննությունը։

– Դատական իշխանության անվստահությունը կարո՞ղ է տասնյակ գործեր տանի ՄԻԵԴ։ Քանի դեռ չի առողջացել դատական համակարգը, այսպիսի վտանգներ կա՞ն։

– Այսօր դա ամենահնարավոր տարբերակն է։ Եվ կարծում եմ, որ կառավարությունը ձևավորելուց հետո ավելի շատ պետք է հրավիրվի իրավապահ համակարգի վրա։ Մենք աշխատում ենք դատարանների և նախաքննական մարմինների հետ և տեսնում ենք ապօրինություններ անընդհատ։ Եվ ես դեռ չեմ տեսնում փոփոխություն։ Վճռաբեկ դատարանը մեկ աննախադեպ որոշում էր կայացրել, արձանագրել էր խոշտանգումների փաստը։ Եվ եթե այսպես շարունակի դատարանը, հույս կա, որ կարող է փոխվել։ Պարզապես շատ կարևոր է, որ համակ ուշադրություն դարձնեն այս խնդիրներին, գուցե առաջիկայում ավելի մեծ ուշադրություն կդարձվի և լսելի կլինի մեր ձայնը, որ բացառվեն նաև ՄԻԵԴ-ում այսպիսի որոշումները, թեև կարծում եմ՝ Հայաստանը դեռ շատ հեռու է դրանից։

– Մարտի մեկի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Սեյրան Օհանյանին։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2018 թ. դեկտեմբերի 26-ին Մարտի 1-ի գործով անհեթեթ մեղադրանք է առաջադրվել։ Նաև նշել է, որ Մարտի 1-ի գործով քննության շրջանակներում իրավագիտորեն ոչինչ չասող մեղադրանք է, ուղղորդվող դատական գործընթաց, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ, ինչը ոտնձգություն են Հայաստանի Հանրապետության մայր օրենքի նկատմամբ: Ինչպե՞ս եք գնահատում նրա նկատմամբ մեղադրանքի առաջադրումը։

– Ինձ համար հիմա շատ դժվար է կարծիք հայտնել Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու շուրջ։ Հատկապես սահմանադրական կարգի տապալման հետ կապված չեմ կարող մեկնաբանել, որովհետև որևէ տեղեկություն չունեմ։ Տարօրինակ է, որ ՀՔԾ-ն երկար ժամանակ չէր հաստատում մեղադրանքի առաջադրումը, ինչը ինձ համար շատ տարօրինակ էր։ Ես չեմ կարող այս մեղադրանքի հետ կապված, որը առաջադրվել է Սեյրան Օհանյանին և Ռոբերտ Քոչարյանին, որևէ մեկնաբանություն անել։

– Որքանո՞վ է մոտ Մարտի մեկի գործի բացահայտումը։ Նիկոլ Փաշինյանը դեռ ամռանը հայտարարեց, որ այն բացահայտվել է, բայց մենք չենք տեսնում արագ գործընթաց։ Ինչո՞ւ։

-Նիկոլ Փաշինյանն ավելի տեղեկացված է, քան ես, և դրա համար նա կարող է հայտարարել, որ գործը բացահայտված է։ Ես կարծում եմ, որ պետք է լինեն ապացույցներ, և դրանք պետք է լինեն այնպես, որ որևէ մեկը այդ ապացույցների վերաբերյալ կասկած չհայտնի։

Մանե Հարությունյան

MediaLab.am