ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ Ռուբեն Հայրապետյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելու հայտարարությանը որակում է, որպես «քաղաքական քայլ»:
«Մենք պետք է հետամուտ լինենք, որ ամեն ինչ ընթանա իրավական ընթացակարգերով: Տվյալ իրադարձությունը տեղի է ունեցել, որպեսզի քաղաքական քայլով իշխանությունները փորձեն հանրության ուշադրությոնը շեղել իրավական ընթացակարգերից: Իսկ իրավական ընթացակարգը ասում է, որ հացագործը պետք է նստի բանտում»,- «Մեդիալաբին» ասում է Փաշինյանը:
Նա նշում է, որ առաջին հերթին պետք է կենտրոնանալ մեկ խնդրի վրա. Ռուբեն Հայրապետյանը պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության:
«Օլիգարխիան ՀՀ-ում պետք է տապալվի, օլիգարխիան ՀՀ-ում պետք է կործանվի: Պայքարի արդյունքում պետք է արձանագրվի մի բան, որ ՀՀ-ում միակ տղամարդը ՀՀ քաղաքացին է»,- հայտարարեց Փաշինյանը:
«Նեմեց մարդասպան», «Սեժիկ հեռացիր» եւ այլ նմանատիպ ցուցանակներով եւ վանկարկումներով, այսօր բազմաթիվ մարդիկ կրկին դուրս էին եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելու հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած վայրագության եւ հոսպիտալում դաժան ծեծի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ 33-ամյա Վահե Ավետյանի մավան կապակցությամբ:
Ներկա դրությամբ գլխավոր պահանջը իշխանական ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ, «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին քրեական պատասխանատվության ենթարկելն է:
Հելսինկյան քաղաքացիական ասոցացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, անդրադառնալով Հայրապետյանի մանդատը վայր դնելու հայտարարությանը, ասում է, որ դա «ոչ իրավական մեթոդ է»:
«Այսինքն մարդը հանդիպում է միապետի հետ, որի հորդորով է, թե համոզելով, նոր հրաժարական է տալիս, որը մեզ չի կարող բավարարել: Հասարակական ընդվզումն իր հիմքում ունի օլիգարխիկ համակարգի կազմաքանդումը եւ նրա հեռացումը քաղաքական հարթակից: Պայքարը պետք է շարունակել ընդհանրապես այն համակարգի դեմ, այն համակարգի փոփոխության օգտին, որի դրսեւորումներից մեկը հանդիսանում է Ռուբեն Հայրապետյանը ու մյուս բոլոր մականունավորները»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նա նշում է, որ նման պայքարը «մեկ օրվա խնդիր չէ» եւ որ պետք է անընհատ շարունակվի:
«Անկախ կուսակցական պատկանելիությունից օլիգարխիկ դրսեւորմները քաղաքական դաշտում լայնորեն ներկայացված են եւ սա ընդվզում է ոչ թե կոնկրետ անձի նկատամբ, այլ մարտահրավեր է ամբողջ պետությանը, հասարակությանը եւ յուրաքանչյուրի անձնական անվտանգությանը»,-ասում է նա:
Հայտնի դերասան Աշոտ Ադամյանը, ով նույնպես միանալով բողոքի ակցիաներին իր ընդվզումն ու քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտում, ասում է, «անբարոյական իրավիճակը, դառնալով օրինաչափություն, անցնում է բոլոր սահմանները»:
«Մինչեւ ժողովուրդը ինքնակազմակերպմամբ դրսեւորումներ չանի, նրա գլուխը կկտրեն, աչքերը կհանեն, հացը ձեռքից կվերցնեն, նա ստիպված կլինի լքել իր երկիրը: Սրանք բոլորը դրա պտուղներն են, արմատը այլեւս թունավորված է, պարարտանյութ չի ստանում, իսկ չորացած արմատը տալիս է վնասակար պտուղ եւ մենք քաղում ենք այդ պտուղները»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Ադամյանը:
Անդրադառնալով մասնավոր թիկնազորային ծառայությունների գործունեությանը՝ Ադամյանը նշում է, որ դրանք բանդիտական կազմակերպություններ են.
«Եթե չկա օրենք, ո՞ր թիկնապահների ու թիկնազորի մասին է գնում խոսքը: Ինչ որ մեկի նախաձեռնությամբ այդ մարդիկ հավաքվում են ինչ որ մի «թանկագին» մարդու պահպանման համար: Եւ ո՞վ է նրան թույլ տվել այդ ոհմակը հավաքել իր շուրջը եւ ոհմակին տալ այդպիսի հրահանգ: Ռուբենը ինքն է հայտարարում հեռուստատեսությունով, որ ծեծեում է, դու ո՞վ ես, որ ծեծում ես մարդ, որ այդպիսի հայտարարություն ես անում: Բացի այն, որ ինքը պետք է լինի բանտում, ի՞նչ իրավունք ունի ոհմակ հավաքելու»,- ասում է Ադամյանը:
Հիշեցենք, որ Վահե Ավետյանի մահը, ով ռեստորանային համալիրում գազանաբար ծեծի ենթարկվելուց, կյանքի ու մահվան հետ 12 օր անգիտակից վիճակում պայաքարելուց հետո մահացավ հունիսի 29-ին, ալեկոծել է հազարավոր մարդկանց, որոնք դուրս են եկել փողոց հանուն արդարության՝ մեղավորներին պատժելու պահանջով:
Հասարակական ցասումից անմասն չեն մնացել նաեւ քաղաքական ուժերը: ԱԺ 4 խմբակցություններ՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, այսօր առավոտյան դիմում են ներկայացրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին:
«Հնարավոր անկանխատեսելի զարգացումները, հարցի հրատապությունը նկատի ունենալով, նաև օգտվելով Ազգային ժողովի պատգամավորների օրենքով նախատեսված լիազորություններից` առաջարկում ենք սեղմ ժամկետներում ՀՀ ԱԺ-ում կազմակերպել հանդիպում գործի քննության համար պատասխանատու իրավապահ մարմինների ղեկավարների հետ` գործի ընթացքի վերաբերյալ հասարակությանը հուզող հարցերին պատգամավորներին պարզաբանումներ տալու և հարցադրումներին պատասխանելու նպատակով»,-նշված է խմբակցությունների ղեկավարների ստորագրությամբ նամակում:
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
© Medialab.am