ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն կրկին Ֆեյսբուկ սոցիալական ցանցի իր էջում գրառում է թողել, այս անգամ ենթադրաբար անդրադառնալով «Հարսնաքարի» դեպքին եւ դրան հետեւած հասարակական շարժմանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀԿ անդամ, դեռեւս պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժանաբար ծեծի ենթարկվելուց հետո 33-ամյա զինվորական բժիշկ Վահե Ավետյանը այդպես էլ ուշքի չգալով մահացել է հունիսի 29-ին: Վահե Ավետյանի մահը հասարակական ցասում է առաջ բերել՝ մարդկանց հանելով փողոց՝ պայքարելու արդարության եւ մեղավորներին պատժելու պահանջով:
Չնայած Հայրապետյանի խիստ զգայական նամակին եւ հայտարարությանը, թե ինքը հրաժարվում է պատգամավորական մանդատից, մարդկանց մոտ չի թուլացել հասարակական ընդվզումը: Հունիսի 30-ին բազմաթիվ մարդիկ մասնակցում էին կազմակերպված բողոքի ակցիա-մոմավառությանը «Հարսնաքարում»: Վաղը կրկին մոմավառություն է նախատեսվում «Հարսնաքարի» մոտ: Ըստ երեւույթին, այս մոմավառությունն է, որ փոխոստիկանապետին տարել է այս «կանխարգելիչ» գրառումը կատարելու:
«Մարդկային կորուստ, սուգ, մոմավառություն… Մի խորհուրդ, որը պահանջում է լուռ, վեհ, սրբագործված մի շփում, որը երբեք ու երբեք չպետք է վերածվի ագրեսիայի, ամբոխավարության, ամենաթողության, ինքնադատաստանի կոչերի եւ քաոսի: Դուք պատկերացնու՞մ եք եկեղեցում, մոմավառության, սուրբ պատարագի ժամանակ նման իրավիճակ: Ես տարբերություն չեմ տեսնում, թե մոմավառությունը որտեղ է կատարվում եւ ամենեւին էլ պետք չէ մարդկային կերպարանքը կորցրած ղժժալ, սպառնալ, հարձակվել ոստիկանների վրա, փորձել բարոյականության դասեր տալ նրանց,-գրում է Ռոբերտ Մելքոնյանը:
Ոտնակոխ անելով մոմավառության՝ խոնարհումի ու աղոթքի խորհուրդը, այն դարձնել միտինգ եւ «Խաթաբալայի» վարձու լացողների ոճով շոու սարքել… Մարդկային կորուստ, սուգ, աղոթք, խոնարհում, մոմավառություն… Քրիստոնեաբար աղոթենք բոլորս, մեզ պահենք աստվածահաճո, աղոթենք առ Աստված եւ ներում հայցենք բոլորս մեր մեղքերի թողության համար»:
© Medialab.am
Տեսանյութը՝ «Մեդիալաբի» /«Հարսնաքար», հունիսի 30, Մոմավառություն-բողոք/