Մի 40 րոպե տևեց փոխհրաձգությունը, և մերոնք լռեցրին թշնամուն․ գյուղի ուղղությամբ չեն կրակել․ Վերին Շորժայի ղեկավար

Ադրբեջանական կողմը այսօր Գեղարքունիքի մարզում կրակահերթ է արձակել հայ-ադրբեջանական սահմանին:

«Այսօր 14։15 րոպեին լսել եմ կրակոցի ձայները։ Մի 40 րոպե տևեց փոխհրաձգությունը, մերոնք լռեցրեցին թշնամուն»,- «Մեդիալաբին» փոխանցեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։

Համայնքապետի խոսքով՝ հիմա իրավիճակը հանգիստ է, կրակոցների ձայներ չեն լսվում: Այս տարի սա ադրբեջանական սադրանքի առաջին փորձն է եղել։

«Մեկ էլ դեկտեմբերի 31-ին ժամը 24։00-ի կողմերը փորձեցին կրակել, մերոնք կրկին հակառակ կրակոցներով լռեցրին։ Տղաների հետ ամեն վայրկյան խոսում եմ, նորմալ տրամադրություն ունեն։ Մեր դիրքում կանգնած են տղաները, եթե դրանք մեկ հատ կրակում են, մերոնք տասը հատ են կրակում»,- ասաց Երանոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ համայնքում նորմալ իրավիճակ է, իսկ այսօրվա կրակոցները եղել են դիրքերում, գյուղի ուղղությամբ թշնամին չի կրակել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am