«Քոչարյանն եզակի նախագահ է, որ բազմաթիվ անգամ խախտել է Սահմանադրությունը, բայց հիմա ցույց է տալիս, թե չի հասկանում ինչի են իրեն մեղադրում». Փաստաբան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է փաստաբան Սեդա Սաֆարյանը

– Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում նշել է, որ անհեթեթություն է իր նկատմամբ հարուցված քրեական գործը, քանի որ իրեն մեղադրում են իր պարտականությունները կատարելու մեջ, և որ ինքը երեքշաբթիները՝ դատավարության օրերը, հանել է իր օրացույցից: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները:

– Միշտ իմ համոզմունքը դա է եղել և հիմա էլ դա է, որ Ռոբերտ Քոչարյանը պետական մտածող չէ և, ընդհանրապես, իր գործառույթները Սահմանադրությամբ չգիտի: Ցավալի է, որ ռուսական լրատվամիջոցում հնարավորություն չի եղել հարցադրումներ անելու, թե իր ո՛ր գործառույթից է բխել այնպիսի ուժերի հետ համագործակցելը, ինչպիսիք զինված խմբավորումներն են, օլիգարխիկ համակարգի թիկնապահներն են: 

Սահմանադրության ո՞ր նորմով նա կարող էր զորքը բերել և օգտագործել մարտի 1-ին ընդդեմ իր ժողովրդի: Ընդ որում, ես Սահմանադրությամբ չեմ էլ գտել այնպիսի դրույթ, որ փետրվարի 22-ին պաշտոնապես ձևավորեր պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնություն, և այդ համագործակցությունը օրեր շարունակ լրացվեր նորանոր խմբավորումներով, և վերջն ավարտվեր մարտի 1-ի ողբերգությամբ՝ բազմաթիվ զոհերի, բազմաթիվ վիրավորների զուգակցմամբ: Ես կարծում եմ, որ նա մոռացել է նաև, որ օգտագործել է մի հրամանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված է եղել մեկամյա ժամկետում ընդունել օրենք, որը վերաբերում էր արտակարգ դրության ռեժիմին: 

Եվ կրկին խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ նա չի ընդունել այդ օրենքը և չընդունված օրենքի պայմաններում հրամանագիր է հրապարակել, որը, ըստ էության, ապօրինությունների գագաթնակետն է: 

Ասեմ, որ Քոչարյանն իր բնույթով եզակի նախագահ է, որ բազմաթիվ անգամ խախտել է Սահմանադրությունը, բայց հիմա ցույց է տալիս, թե իբր չի հասկանում, թե ինչի մեջ են իրեն մեղադրում: 

Նրան առայժմ միայն մեղադրում են մարտի 1-ի հանցագործությունը կազմակերպելու մեջ: Նրան մեղադրում են, որ սահմանադրական կարգը տապալելու մոլուցքն այնքան մեծ է եղել իր մեջ, որ խախտել է ՀՀ օրենքները և այդ օրենքները խախտելու ուժով կարողացել է յուրացնել իշխանությունը և փոխանցել իր հաջորդին: 

Մեծ տարբերություն նրա և Սերժ Սարգսյանի միջև այդ ժամանակ չի եղել, նրանք նույն խմբի անդամներ են, և այն փաստարկը, թե ինչո՛ւ էր իրեն պետք իշխանությունը յուրացնել, իրեն դա շատ-շատ պետք էր, որովհետև իրականում նա իշխանությունը յուրացրել ու իր իրավահաջորդին է փոխանցել, և իրենց հաջողվել է տարիների ընթացքում խուսափել մարտի 1-ի ողբերգությունը բացահայտելուց: 

Վերջապես, իրավապահ համակարգը, երբ փոքր-ինչ հեռացել է նրանց լծից, փորձել է «Մարտի 1»-ի բացահայտման որոշակի գործընթաց սկսել: Ես կարծում եմ, որ մենք իհարկե դեռ չենք ավարտել «Մարտի 1»-ի գործընթացը, և այդ հանցավոր խմբի անդամների մեջ շատերը կան, որ կներգրավվեն ու կներքաշվեն: 

Ցավալի է իհարկե, որ դրանք մեկ միասնական խմբով, մեկ միասնական մեղադրանքի շրջանակում չեն ուղարկվել դատարան: Ես կարծում եմ, որ մաս-մաս ուղարկելն այնքան էլ գործի շահերից չի բխում:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ անազատության մեջ գտնվելու ժամանակ նշվում էր, թե Քոչարյանը հիվանդ է, բուժօգնության կարիք ունի, իսկ հիմա Սևանում լողում է, այնտեղից լուսանկարներ է հրապարակում: Սա չի՞ խոսում այն մասին, որ մեր դատական համակարգում ամենամեծ խնդիրները շարունակում են չլուծված մնալ:

– Դատաիրավական բարեփոխումներ չիրականացնելը և նման վիճակ պահպանելը խոսում են Ռոբերտ Քոչարյանի օգտին: Ես կարծում եմ, որ նրա այդ պահվածքը իր վարքագծի շարունակությունն է: 

Այն կարծիքին չեմ, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ փոփոխության է ենթարկվել, նա դեռ իրեն թագավոր է կարծում, և վատ է, որ Հայաստանի իրավական համակարգը այսօր չկարողացավ իսկապես պատժել մեկին և արագ իրականացնել այդ պատժիչ գործառույթը: 

Ով ներկա պահին իրեն վերագրված արարքների նկատմամբ այս կարգի իմիջիայլոց մոտեցում է ցուցաբերում, և, պատկերացրեք՝ ամենասարսափելի ոճրագործությունն էլ նրան վերագրելու պարագայում, վստահ եմ՝ Քոչարյանն այնպիսի անձնավորություն է, որ չեն կարող նրան «համոզել», որ այդ բոլորն ինքն է արել: 

Դե, հասկանալի է, շատ մեղադրյալներ կան, որ շատ-շատ դրվագներում մեղադրվում են, բայց իրենց մեջ որդեգրել են այդ քաղաքականությունը, այդ դիրքորոշումը, որ իրենք այդպիսի մեղադրանքներ չեն ընդունելու: Գուցե իսկապես գողական է գնում, ի՞նչ իմանամ: 

– Այս գործի բացահայտումը գնալով բարդանո՞ւմ է՝ հաշվի առնելով, որ դատավարությունը ձգձգվում է:

– Այս ամենը բարդացավ նաև նրանով, որ պաշտպանների ձեռնարկած ձգձգումների քաղաքականությունը, արձակուրդ գնալու պատրվակները ազդեցին գործի երկարատև ընդմիջման վրա: Բայց միայն դրանով չի պայմանավորված, պաշտպանական կողմը ձգձգում է դատավարությունը, որպեսզի չհրապարակվի մեղադրական եզրակացությունը, և այդ եզրակացությունում տեղ գտած բազմաթիվ փաստական տվյալներ չհրապարակվեն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը ի վիճակի չլինի երբևէ հեռուստաընկերություններում հանդես գալ ու ասել, որ իր մեղադրանքն անհեթեթություն է:

Ես չգիտեմ՝ պաշտպաննե՞րն են նրան համոզել, թե՞ ինքն է պաշտպաններին համոզել, բայց եթե մի մարդ այսքան ողբերգություն սարքելուց հետո գտնում է, որ իր մեղադրանքն անհեթեթություն է, ես այդ մարդու բարոյական կերպարի, պետական մտածող լինելու, հայրենիքի հետ կապ ունենալու հանգամանքները կասկածի տակ եմ դնում և մշտապես էլ կասկածի տակ եմ դրել:

Մանե Հարությունյան

MediaLab.am