Գեղարքունիքի մարզի Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերում այս պահին հանգիստ է, կրակոցներ չկան: Այս մասին «Մեդիալաբին» վստահեցնում են համայնքի ղեկավարները:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր: Կրակը սահմանին դադարել էր 21:00-ի սահմաններում: Փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի երկու զոհ և երեք վիրավոր:
Այսօր առավոտյան ՊՆ-ն հաղորդեց, որ երեկվա փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից ևս մեկ զինծառայող է զոհվել:
«Սովորականի պես է, խաղաղ վիճակ է այս պահին: Կրակոցները երեկոյան կողմ՝ 18:30-ի մոտերը, դադարեցին, դրանից հետո էլ կրակոցներ չեն հնչել, գիշերը ևս հանգիստ է եղել»,- «Մեդիալաբին» փոխանցեց Նորաբակ համայնքի ղեկավար Վազգեն Ասատրյանը:
Վերին Շորժայում էլ կրակոցները դադարել են 20:30-21:00-ի սահմաններում, այստեղ ևս գիշերվանից մինչև հիմա կրակոցներ չեն հնչել:
«Կարելի է ասել՝ ամեն մարդ իր գործին է, այժմ հանգիստ է, կրակոցներ չկան: Գյուղում, բնականաբար, մարդիկ անհանգիստ են, ո՞նց կարող են կրակոց լսել ու չանհանգստանալ, բայց դա չի նշանակում, թե խուճապ կա, տները լքում են»,- «Մեդիալաբին» ասում է Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
Համայնքի ղեկավարները վստահեցնում են, որ երեկվա դեպքերից հետո թշնամու զորքը դիրքային առաջխաղացում չի ունեցել:
«Ոչ մի միլիմետր առաջ չեն եկել, նույն տեղերում են, որտեղ մինչ այդ կանգնած են եղել»,- ասում է Վերին Շորժա համայնքի ղեկավարը:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am