Այցելուների թվաքանակի կտրուկ նվազումից՝ մինչև մարզասրահների փակվել. ի՞նչ ազդեցություն կունենա ԱՆ նոր սահմանափակումը մարզասրահների գործունեության վրա

«Ավելի հաճույքով կգնամ, ավելի հանգիստ կլինեմ, որովհետև վստահ կլինեմ, որ կողքիններս ՊՇՌ թեստ հանձնած են կամ պատվաստված»,- խոսելով առողջապահության նախարարի հրամանով հունվարի 22-ից գործող նոր սահմանափակումների մասին՝ «Մեդիալաբին» ասում է Էմմա Կարապետյանը, որը օգտվում է «Գրանդ սպորտ» մարզաառողջարանային համալիրի ծառայություններից:

Էմման չեզոք վերաբերմունք ունի գործող և առաջարկվող սահմանափակումների նկատմամբ, քանի որ պատվաստված է, ու կարծում է, որ բոլորն էլ պետք է պատվաստվեն, որովհետև միակ խելամիտ լուծումը, ըստ նրա, դա է:

«Կոնկրետ իմը մեկ ամսվա փաթեթ է՝ լողավազանի ծառայություններից եմ օգտվում, ու գինը նույնն է, ինչ նախքան քովիդը, այդ մասով փոփոխություն չի եղել, իսկ հակահամաճարակային բոլոր կանոնները պահպանվում են ամենայն խստությամբ»,- ասում է Էմման ու վստահեցնում, որ ծառայությունների փաթեթների գներն այնպիսին են, որ բոլորն էլ կարող են օգտվել, չնայած մեր զրուցակիցը հրաժարվեց կոնկրետ արժեքը նշելուց:

Հակահամաճարակային կանոնների պահպանման պահանջներից դժգոհ չէ նաև Multi Wellness կենտրոնի ծառայություններից օգտվող Շողիկ Ղարիբյանը, սակայն եթե «Գրանդ սպորտի» ծառայություններից կարող են օգտվել գրեթե բոլորը, ապա այստեղ պատկերն այլ է:

«Փաթեթն այդքան էլ մատչելի չէ, սակայն առավելությունն այն է, որ ամբողջ տարվա փաթեթի համար վճարում ենք յուրաքանչյուր ամիս, այլ ոչ թե միանգամից, այս առումով որոշ չափով ձեռնտու է»,- «Մեդիալաբին» ասում է Շողիկը: Նա ևս հունվարի 22-ից հետո շարունակելու է այցելել մարզասրահ, քանի որ պատվաստված է, բայց վստահ չէ, թե մարդիկ, որոնք չեն պատվաստվել, կշարունակեն գնալ մարզասրահ: «Վստահ եմ, որ շատերը, որոնք պատվաստված չեն ու դեմ են պատվաստմանը, չեն այցելի մարզասրահ կամ յուրաքանչյուր շաբաթ ստիպված թեստ կհանձնեն»,- ասում է Շողիկ Ղարիբյանը:

Հունվարի 22-ից գործող սահմանափակումներին միանշանակ չեն վերաբերվում մարզասրահների ներկայացուցիչները. Նրանք կարծում են՝ սահմանափակումներն ազդում են այցելուների թվաքանակի վրա՝ միանշանակ է, բայց ուզած-չուզած պահպանելու են խաղի կանոնները, աշխատելու են այնպես, ինչպես պահանջվում է:

«Թե ինչպես կազդի նոր սահմանափակումը այցելուների թվաքանակի վրա, դժվարանում եմ ասել, բայց որ ցանկացած սահմանափակում մեր ոլորտի վրա ունենում է հետևանք, փաստ է»,- «Մեդիալաբին» ասում են Multi Wellness կենտրոնի ադմինիստրացիայի բաժնից ու ընդգծում, որ իրենք չեզոք դիրքորոշում ունեն Կառավարության ընդունած ցանկացած որոշման նկատմամբ ու անպայմանորեն կատարում են այդ որոշումները:

Հրաժարվելով ներկայացնել փաթեթներին համարժեք գնային քաղաքականությունը՝ այնուամենայնիվ, կենտրոնից վստահեցնում են, որ համավարակով պայմանավորված՝ գնային փոփոխություններ չեն արվել: Եթե Multi Wellness կենտրոնն այնքան էլ չի տուժել համավարակի հետևանքով, ապա բոլորովին այլ է պատկերը Vlad Fitness մարզասրահում:

«Երկու ամիս չենք աշխատել, որից հետո բնականոն հունով սկսեցինք աշխատանքը, բայց հաճախորդները շատ քիչ էին: Սակայն լոքդաունից որոշ ժամանակ անց մարդկանց հոսքն աստիճանաբար ավելացավ: Այնպես չէ, որ հիմա հաճախորդներ չունենք, բայց էլի այն թվաքանակը չէ, ինչ մինչև համավարակն էր»,- «Մեդիալաբին» ասում են Vlad Fitness-ից:

Այստեղ ևս գնային փոփոխություններ չեն եղել, փոխարենը տարատեսակ ակցիաներ են առաջարկվել քաղաքացիներին: Թե նոր սահմանափակումն ինչպե՞ս կազդի այցելուների թվաքանակի վրա, ֆիթնես ակումբում դժվարանում են ասել, բայց քանի որ պարտադիր պահանջ է, իրենք կհետևեն այդ դրան ու կաշխատեն ըստ այդմ:

Իսկ ահա Lady-Zone ֆիզիկական առողջության կենտրոնը հնարավոր է չաշխատի, եթե հունվարի 22-ից գործող նոր սահմանափակումների պատճառով բավարար թվով այցելուներ չունենան:

«Բավականին շատ ենք տուժել նաև լոքդաունից հետո, այցելուների թիվը մասնակի է վերականգնվել, իսկ հիմա՝ այդ նոր սահմանափակման պարագայում, հաստատ, այցելուների թիվն էլի նվազելու է: Առանց այդ էլ լավ վիճակում չենք, ամեն ինչ շատ վատ է, ու եթե այցելուների թիվը շարունակի նվազել, շատ հնարավոր է՝ չաշխատենք, դեռ հստակ որոշում չունենք»,- «Մեդիալաբին» ասում են Lady-Zone-ից:

Եթե հանրության շրջանում այսպես կոչված հայտնի մարզասրահները լոքդաունից հետո կարողացել են մի կերպ վերականգնել իրենց աշխատանքը, ապա բոլորովին այլ է հանրությանը քիչ հայտնի մարզասրահների վիճակը, որոնք արդեն իսկ փակման եզրին են կամ արդեն փակվել են:

«Համավարակի հետևանքով այցելուների թվաքանակը կտրուկ նվազեց, չկարողացանք այլևս շարունակել աշխատանքը դեռ ամառվանից, հիմա ևս, բնականաբար, ակումբն այցելուներ չունի»,- «Մեդիալաբին» փոխանցեցին «Էլեգանս ֆիթնես» ակումբից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am