Խորը մտահոգություն. Պաշտոնական Մոսկվայի ուշացած ու լակոնիկ արձագանքը

Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը ժամեր անց պաշտոնապես պարզաբանումներ պահանջեց Հունգարիայից` դատապարտելով նախագահ Ալիեվի կողմից ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ազատություն շնորհելը, Հայաստանի ամենամոտ դաշնակից համարվող Ռուսաստանը եռօրյա դադարից հետո հանդես է եկել կարճ հաղորդագրությամբ` մտահոգություն հայտնելով տեղի ունեցածի կապակցությամբ:

« ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ռուսաստանում խորը մտահոգությամբ են ընկալվել հաղորդագրությունները Հունգարիայում 2004 թվականին հայ սպայի առանձնակի դաժանությամբ կատարած սպանության համար հունգարական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի զինծառայող Ռ.Սաֆարովին Բաքվի կողմից ներում շնորհելու, ինչպես նաեւ դրան նախորդած` նրան Ադրբեջան էքստրադիցիայի ենթարկելու հունգարական իշխանությունների որոշման մասին», – ինչպես տեղեկացնում է «Ազատություն» ռադոիոկայանը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

«Համարում ենք, որ ադրբեջանական, ինչպես եւ հունգարական իշխանությունների այդ գործողությունները հակասում են միջազգային մակարդակով համաձայնեցված գործողություններին, առաջին հերթին` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գծով, ուղղված տարածաշրջանում լարվածության թուլացմանը», – նշել է նա – «Ակնկալում ենք, որ ստեղծված իրավիճակին ամենամոտ ժամանակներս համապատասխան գնահատական կտրվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից»։

Ռուսաստանի լռության մասին վերլուծաբանների տեսակետներին կարող եք ծանոթանալ «Մեդիալաբի» ավելի վաղ հրապարակած հոդվածում:

© Medialab.am