«Սերժ Սարգսյանը ճիշտ կանի պատասխանի հարցին՝ ինչո՞ւ ժամանակին անկեղծորեն չի խոսել հասարակության հետ ու չի ներկայացրել իրավիճակը». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի վերաբերյալ հարցազրույցից ի՞նչ առանցքային կետեր եք առանձնացրել։ Սերժ Սարգսյանի խոսքում նորություն կա՞ր։

– Առանձնապես նորություն չկար, ուղղակի, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի, առաջին հերթին՝ Արցախում ստեղծված իրավիճակի համար մեղադրում է նախկիններին, Սերժ Սարգսյանն էլ հիմնականում արդարացնում էր իրեն, մեղավոր էր հռչակում Նիկոլ Փաշինյանին։

Բայց գործընթացին շատից-քչից տեղյակ մարդիկ, այնուամենայնիվ, հասկացան, որ, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունն է իրականացրել, ուղղակի կործանումը տեղի է ունեցել Փաշինյանի օրոք, դրա համար էլ թիվ մեկ հանցագործը, թիվ մեկ պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է։

– Դուք ասում եք, որ Փաշինյանն իրականացրել է նախկին նախագահների քաղաքականությունը, բայց Սերժ Սարգսյանն ասում էր, որ եթե ինքը շարունակեր բանակցել, կամ իր թողած բանակցային ժառանգությամբ առաջ շարժվեին, բոլորովին այլ պատկեր կունենայինք։

– Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը 10 տարի նախագահ լինելով՝ բավական ժամանակ ուներ դա անելու ու եթե չի արել, ես հիմքեր չունեմ հավատալու, որ նա 11-րդ կամ 12-րդ տարում դա կաներ։ Այնպես որ, կարծում եմ, որ նա այդքան էլ ազնիվ չէ, ամենայն հավանականությամբ, նա ոչինչ էլ չէր անի, ինչպես 10 տարի ոչինչ չի արել, կշարունակեր ժամանակ ձգել, ինչն ի վերջո կհանգեցներ նման իրավիճակի։

Պարզապես Նիկոլ Փաշինյանի բացառիկ ապաշնորհության պատճառով այդ հետևանքները շատ ավելի աղետալի ու կործանարար եղան։

– Պարո՛ն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանն ասաց, որ իր ձեռքի տակ կան համանախագահների բոլոր առաջարկները, բայց ինքը չի պատրաստվում դրանք հրապարակել, ավելին՝ առաջարկեց, որ Նիկոլ Փաշինյանը դա անի։ Ինչո՞ւ չեն հրապարակվում այդ փաստաթղթերը, փոխարենը միմյանց մեղադրելն է շարունակվում՝ առանց հիմնավոր ապացույցների։

– Չեմ էլ կարծում, թե այդ փաստաթղթերի հրապարակումն ընդհանուր պատկերը կփոխի, որովհետև այդ փաստաթղթերը, որոնց մասին երկուսն էլ խոսում են, վաղուց արդեն անցյալում են: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է, ու, ի վերջո, կարևոր չէ, թե ինչ փաստաթղթեր են եղել սեղանին, շատ ավելի կարևոր է, թե ինչո՞ւ դրանք չեն ընդունվել, ինչո՞ւ, օրինակ՝ Հայաստանի իշխանությունները բավարար կամք չեն ունեցել հասարակության հետ անկեղծ խոսելու, ինչո՞ւ են միայն փակ շրջանակներում ասում՝ «այսօր Ղարս-Ղարս եք երգում, վաղը՝ Ստեփանակերտ-Ստեփանակերտ եք երգելու»։

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն անկեղծորեն չի խոսել հասարակության հետ ու չի ներկայացրել իրավիճակը։ Սերժ Սարգսյանը ճիշտ կանի այդ հարցերին պատասխանի, չնայած նրա բոլոր մեղադրանքները Նիկոլ Փաշինյանի հասցեին արդարացի են, ու դեռ մի բան էլ՝ շատ մեղմ է ասում։ Դա նման է մի իրավիճակի, երբ երկուսով ինչ-որ բան են ջարդում համատեղ ջանքերով, հետո սկսում են միմյանց մեղադրել։

– Սերժ Սարգսյանը կրկնեց իր այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Մենք հիշում ենք, որ երբ նա առաջին անգամ հնչեցրեց այս միտքը, դրան հաջորդեց 44-օրյա պատերազմը, ու ունեցանք այն, ինչ ունենք։ Նման հայտարարության նպատակը ո՞րն է, եթե, ըստ էության, նա չի կարողանում ազդեցություն ունենալ գործընթացների զարգացման վրա։

– Դա քաղաքական գործչի հայտարարություն է ու արվում է ավելի շատ լսարանին դուր գալու ու իր վարկանիշը բարձրացնելու համար, բայց, մյուս կողմից էլ՝ հասկանալի է, որ մեծ հաշվով ինքը ճիշտ է ասում, որովհետև եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այնտեղ հայ չի լինելու ընդհանրապես, այսինքն՝ չի լինելու Արցախ։

Նա նորություն չի ասում, ուղղակի պետք չէ դա կենացային ձևով ասել, պետք էր հստակ ցույց տալ, թե ինչպես պետք է հասնենք նրան, որ Արցախը չլինի Ադրբեջանի կազմում, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել դրա համար: Կարծում եմ՝ հասարակությունն այդ հարցերի պատասխանն էր ակնկալում, բայց չստացավ։

– Սերժ Սարգսյանն ասաց, որ չնայած ստեղծված իրավիճակին, այնուամենայնիվ, դեռ հնարավորություններ կան, մենք պետք է գործնական քայլեր անենք, պահանջներ ներկայացնենք, որ արդյունքի հասնենք։ Պարո՛ն Բաղդասարյան, կա՞ այդ հնարավորությունը։

– Ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր մենք, նկատի ուներ Հայաստանի ներկայիս իշխանություննե՞րին: Եթե նկատի ուներ դա, ապա այսօրվա իշխանությունները ձգտում են ժամ առաջ ձեռքերը լվանալ Արցախից ընդհանրապես, իսկ եթե խոսում է Հայաստանի մասին, ապա ակնհայտ է, որ պետք է նախ օր առաջ ձերբազատվել այս իշխանություններից՝ ինչպե՞ս ձերբազատվել, այդ մասին պիտի խոսեր Սերժ Սարգսյանը։

– Իսկ ինչո՞ւ չխոսեց։

– Կարծում եմ՝ ասելիք չուներ, նախ չգիտի՝ ինչպես ձերբազատվել այս իշխանություններից, և երկրորդ՝ այս իշխանության կայունության պատճառներից մեկն էլ հենց այն է, որ խորհրդարանական ընդդիմության լիդերներից մեկը ինքն է, մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ իրենք էլ դեր ունեն Հայաստանի այսօրվա իշխանությունների ամրության հարցում։

– Ամփոփելով երրորդ նախագահի հարցազրույցը, պարո՛ն Բաղդասարյան, կարծում եք, որ Սերժ Սարգսյանն անկեղծ չէ՞ր հանրության հետ։

– Անկեղծ էր, երբ մեղադրանքներ էր ներկայացնում Նիկոլ Փաշինյանին, որովհետև դրանք բոլորը տեղին են, բայց այդ անկեղծությունը գրոշի արժեք չունի, որովհետև հետին թվով միմյանց մեղադրելու փոխարեն պետք է անկեղծորեն ասեր և՛ իր դերակատարման մասին, և՛ ինչո՞ւ չի ստացվում այս իշխանություններից ազատվել ու երկիրն այս իրավիճակից դուրս բերել:

Սերժ Սարգսյանն այդ մասին համեստորեն լռեց, դրա համար էլ, ընդհանուր առմամբ, ես չեմ կարող ասել, թե դա անկեղծ հարցազրույց էր, թեև իր ասած թեզերն իրավացի ու արդարացի էին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am