Հ1-ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ ՄԻՊ-ին՝ պարզելու, թե ի՞նչ խնդիրներ կան իրենց ու օմբուդսմանի գրասենյակի հաղորդակցության միջև

Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումը արգելափակելու վերաբերյալ։

«Մեզ համար խիստ մտահոգիչ է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը, ստեղծված լինելով Կառավարության կողմից, իրականացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության հեռարձակումն արգելափակելու արդեն երկարաժամկետ քաղաքականություն»,- մասնավորապես ասվում է Եվրոպական օբուդսմանի ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Հանրային հեռուստաընկերության հանրության հետ կապերի բաժնից «Մեդիալաբին» նախ ասացին` որպեսզի շփոթմունք չլինի, հարկ են համարում նշել, որ Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտը անկախ հասարակական կազմակերպություն է, որը հանդես է եկել նման հայտարարությամբ, ու չպետք է այն շփոթել Եվրոպական օմբուդսմանի հետ:

«Այդ հայտարարությունը հիմնված է միայն մեկ կողմի տեսակետների վրա: Հ1-ը որևէ հարցում չի կատարել՝ պարզելու, թե որոնք են այդ տեսակետները, և ինչպես պետք է լուսաբանել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքները Հայաստանում: Մենք գրություն ենք հղել այդ անկախ կազմակերպությանը՝ ճշտելու, թե ինչ ուսումնասիրություն են իրականացրել, որ նման գնահատականի են հանգել: Երբ ստանանք այդ պատասխանը, թե իրենց մոնիթորինգի աղբյուրը որն է, այդ ժամանակ հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ ու գնահատականով»,- «Մեդիալաբին» փոխանցեցին Հանրային հեռուստաընկերությունից:

Հանրայինից տեղեկացրին նաև, որ իրենք գրավոր հարցմամբ դիմել են նաև ՀՀ ՄԻՊ-ին՝ պարզելու, թե ի՞նչ խնդիրներ կան իրենց ու օմբուդսմանի գրասենյակի հաղորդակցության միջև՝ վերահաստատելով այնպիսի ձևաչափ մշակելու իրենց պատրաստակամությունը, որը թույլ կտա արդյունավետ համագործակցել:

«Մենք պատրաստ ենք համագործակցել ՄԻՊ գրասենյակի հետ, լուսաբանել նրանց աշխատանքը, ինչպես նախորդ ամիսներին: Անդրադառնալ թե՛ ինստիտուտին, թե՛ իրենց բարձրաձայնած մարդու իրավունքների խախտումներին»,- «Մեդիալաբին» ասացին Հանրային հեռուստաընկերության հանրության հետ կապերի բաժնից:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am