«Համոզված եմ, որ այս անգամ ավելի շատ քվեներ կհավաքեմ». Սաֆարյանը բարձր է գնահատում իր հնարավորությունները

«Համոզված եմ, որ այս անգամ ավելի շատ քվեներ կհավաքեմ». Սաֆարյանը բարձր է գնահատում իր հնարավորությունները
«Համոզված եմ, որ այս անգամ ավելի շատ քվեներ կհավաքեմ». Սաֆարյանը բարձր է գնահատում իր հնարավորությունները

Օրեր շարունակ ընթացող քննարկումներից հետո այսօր վերջապես «Ժառանգություն» խմբակցությունը հայտարարեց, որ խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին Երեւանի թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունը կառաջադրի «Ժառանգության» անդամ Ստեփան Սաֆարյանը:
Ազգային Ժողովի նախկին, ամենակտիվ պատգամավորներից մեկը հնարավոր է նորից վերադառնա խորհրդարան: Այնուհանդերձ Սաֆարյանն այս անգամ շատ բարձր է գնահատում իր հնարավորությունները:
«Նախորդ անգամ ես չանցա ընտրություններին, թեեւ կարծում եմ, որ հավաքեցի պատկառելի թվով ձայներ` 10 հազար ձայն, բայց մյուս կողմից, ընտրություններից հետո ես տեսա իմ բացերը, որոնք կարող էի անել, բայց չէի արել» ,-ասում է Սաֆարյանը «Մեդիալաբին»:

Նա նշում է, որ առաջադրված լինելով եւ մեծամասնական, եւ համամասնական ընտրակարգով, ամբողջությամբ չէր կարող կենտրոնանալ իր ընտրատեղամասում. «Ես պատասխանատվություն ունեի նաեւ մեր կուսակցության ընտրարշավում, մեկնում էի մարզեր, ինպես նաեւ Նոր Նորքի, Ավանի եւ Ջրվեժի ընտրական շտաբի պատասխանատուն էի, եւ դրա արդյունքում բակային հանդիպումներն ավելի քիչ եղան, թիվ 1 ընտրատեղամասում ես չկարողացա օգտագործել իմ բոլոր հնարավորությունները»:

«Հիմա չկա նման խնդիր եւ իմ հնարավորությունները ես շատ բարձր եմ գնահատում, քանի որ այժմ միայն կենտրոնացած եմ լինելու թիվ 1 ընտրատեղամասում, իսկ կուսակցության ռեսուրսներն էլ իր հերթին կբազմապատկեն հնարավորությունները: Ես գիտեմ արդեն որտեղ աշխատեմ, որ շերտերում ինձ ներկայացնեմ: Փորձը ունեմ եւ համոզված եմ, որ այս անգամ ավելի շատ քվեներ կհավաքեմ»,-ասում է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ մայիս 6-յան խորհրդարանական ընտրություններին Ստեփան Սաֆարյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրել էր իր թեկնածությունը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում, որտեղ իր մրցակիցն էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը:

Խորհրդարանի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում ներկայացվել է Հայրապետյանի դիմումը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Եթե Հայրապետյանը 15 օրվա ընթացքում հետ չվերցնի դիմումը, այն կհամարվի ընդունված, եւ նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն:

Հիշեցնենք, որ Հայրապետյանի հրաժարականի պատճառը վերջինիս պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին հայ ռազմական բժիշկ Վահե Ավետյանի` դաժան ծեծի ենթարկվելուց հետո, նրա մահվան դեպքն էր:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am