Մինչեւ ո՞ւր. Դատախազը խորհրդարանում՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով

Մինչեւ ո՞ւր. Դատախազը խորհրդարանում՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով
Մինչեւ ո՞ւր. Դատախազը խորհրդարանում՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով

Քիչ առաչ ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարան է մտել՝ ԲՀԿ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրով:
«Սեպտեմբերի 27-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Ազգային Ժողով է ներկայացրել միջնորդագիր՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Միջնորդագիրը վերաբերում է բացառապես Վ.Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու խնդրին եւ խափանման միջոցի հարց չի բարձրացվել: Միջնորդագրի քննարկման ընթացակարգը սահմանված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով»,-տեղեկացնում է ՀՀ դատախազության պաշտոնական հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում:

«Ակնհայտ է, որ դա կարող ենք միայն ու միայն կապել կուսակցության պահվածքի, իշխող կուսակցության հետ իր հարաբերությունների հետ, ուրիշ հիմքեր, մոտիվացիա չենք կարող ենթադրել: Փողերի լվացման հետ կապված հարցը նոր ծագեց, ինչու՞, եթե փողերի լվացման հետ կապված հարց կար, կարող էր լինել նաեւ 2 ամիս առաջ կամ անցած տարի, «Սիվիլիթասը» նոր չէ, էլի…»,-հունիսին Օսկանյանին շուրջ սկիզբ առած աղմկահարույց պատմության հետ կապված հայտարարել էր իրավապաշտպան Արթուր Օսկանյանը:

Օսկանյանն ինքը շատ արագ արձագանքել էր իր հասցեին հնչած մեղադրանքներին՝ մամուլի հաղորդագրություն ուղարկելով լրատվամիջոցներին:

«Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը ինձ որպես վկա հրավիրել էր ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի («Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)») հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է ինձ և իմ հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

Հիմնադրման օրվանից՝ Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը եղել է թափանցիկ և օրենքի տառին ու ոգուն համապատասխան»,-հունիսի 11-ին մամուլի հաղորդագրության մեջ հայտարարել էր նա:

Ինձ համար զարմանալի և տարօրինակ է, որ իմ և Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությունը որևէ կերպ կարող է շաղկապվել հանցավոր և անօրինական փողերի հետ: Առավել զարմանալի է, որ նման հարց առաջ է քաշվում հենց այն ժամանակ, երբ ես ներգրավվել եմ քաղաքական գործընթացներում:

Ակնհայտ է, որ հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա»,-նշել էր նա:

© Medialab.am