«Մի վայրկյան անգամ որ մտածեմ` ինքը չկա, ես չգիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ». հետախուզության գնալիս Նաիրին զոհվել է դիպուկահարի գնդակից

«Մի վայրկյան անգամ որ մտածեմ՝ ինքը չկա, ես չգիտեմ՝ ինչ կլինի ինձ հետ»,- հուզմունքով ասում է Անահիտ Աբրահամյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է որդուն։

22-ամյա սերժանտ Նաիրի Աբրահամյանը պայմանագրային զինծառայող էր, ծառայել է Մարտունի 3-ում, երբ սկսվում է Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։

Նաիրին ականանետորդ էր, սակայն երբ հետախուզական խումբը գնացել է հետախուզության, Նաիրին որոշել է միանալ՝ չնայած հրամանատարի դեմ լինելուն։

«Ինքը չպիտի գնար, իրան չպետք ա տանեին, ինքը զոռով համոզել ա հրամանատարին, որ ես պիտի գամ։ Ինքը շատ ուժեղ էր, վախ չուներ, իրա հրամանատարն ասել ա՝ դուրս արի շարքից, դուրս ա եկել, հետո նորից գնացել վերջում կանգնել՝ ես գալիս եմ։ 

Իրա ընկերն ասել ա՝ մի՛ գնա, ես մենակ չեմ կարա կրակեմ, սաղ տվյալները տվել ա ու ասել՝ ոնց պետք ա կրակել։ Էդպես կամավոր գնացել ա»,- մայրը պատմում է որդու զինակից ընկերների հաղորդած տեղեկությունը ու հավելում, որ որդին ինչպես կյանքում, այնպես էլ պատերազմի դաշտում միշտ առջևում էր։

«Ադրբեջանցիների դիրքն են գրավել, արդեն վերջացրած պիտի հետ դառնային, ասել ա՝ մտնեմ խրամատ, նորից նայեմ։ Էնտեղ թաքնվել էր անպետք դիպուկահարը, դիպուկահարի գնդակից Նաիրիս զոհվել ա, սրտին ա խփել, չեն հասցրել հիվանդանոց»,- պատմում է ու արտասվում մայրը։

Ասում է՝ չնայած որդու ընկերներն ասում են, որ իսկույն կրակել են դիպուկահարին, բայց դա չի հանգստացնում որդեկորույս մորը․ «Ես իմ Նաիրիին եմ ուզում»։

Մայրն ասում է՝ դեպքից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին է զրուցել որդու հետ։ Որդին ասել է՝ ամեն ինչ կարգին է։ «Ասեց՝ սաղ լավ ա, սաղ չոտկի ա, արխային մնա»,- պատմում է մայրը ու հուզմունքով շարունակում՝ հաջորդ օրն առավոտյան զանգել է որդուն, սակայն զանգն անպատասխան է մնացել։

«Հոկտեմբերի 9-ին ասեցին՝ Նաիրին չկա»։

Նաիրի Աբրահամյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով։

Անահիտն ասում է՝ Նաիրին յուրահատուկ էր, հոգատար, ուշադիր, կյանքով լեցուն ու մարդասեր․ «Մեր գյուղում՝ Մարտունու շրջան Բերդաշեն գյուղում, եթե ինչ-որ մեկին հարցնեք Նաիրիի մասին, կասեն՝ ինչ ընկերասեր էր, մաքուր, ուրախ, կյանքը սիրող»։

Անահիտն ասում է՝ որդու հետ շատ էր կապված, որդին կյանքի իմաստն էր։

«Մինչև պատերազմը ես վիրահատության կարիք ունեի, ձգձգում էի, ասում էր՝ չէ՛, մա՛մ, եթե քո համար ֆինանսն ա պրոբլեմը, դու գործ չունես, ինքն ինձ համոզեց, որ վիրահատության գնամ, ինքն ինձ օգնեց, հանեց էդ վիճակից, ինքն ուշադիր էր բոլորի հանդեպ՝ քրոջ, եղբոր, ծնողների»։

Նաիրին սիրել է սպորտը՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, մասնակցել գյուղում անցկացվող մրցումներին։ Մայրն ասում է՝ որդին ցանկանում էր գյուղում բիզնես հիմնել, խանութ բացել, աշխատեցնել․ «Չհասցրեց»,- ցավով ասում է Անահիտը։

Որդեկորույս մայրն ասում է՝ շատ դժվար է ապրել որդուց հետո, նշում է՝ միշտ զգում է որդու ներկայությունը, զրուցում որդու հետ, խոսում որդու մասին ներկայով․ «Աղջիկս, մյուս տղես են մեզ ուժ տալիս, մենք իրարով ենք ապրում, բայց Նաիրիին երբեք անցյալ չենք գցում, ինքը մեր հետ ա։ Ամեն զրույցը իրա հետ ա կապված, եթե լուռ ենք, իրա հետ ենք խոսում, ուրիշ ձև անհնար ա, չի կարա լինի, եթե ինքը չլինի, չեմ կարա ապրեմ։

Նույնիսկ պահ ա լինում, իր ձայնն էլ եմ լսում, ոնց ա ինքը կանչում՝ մա՛մ»,- հուզմունքով ասում է Անահիտը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am