Ոսկե Գևորգը ոչնչացրել է մեկ տանկ, 1 ԲՄՊ, 1 ԲՏՌ և կենդանի ուժ․ քույրն ասում է՝ Գևորգից հետո կյանք չկա

Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդան, եղբոր սխրագործությունների մասին պատմելիս հուզվում է: 19-ամյա եղբայրը պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 22-24-ն ընկած ժամանակահատվածում, ոչնչացրել է հակառակորդի մեկ տանկ, 1 ԲՄՊ [հետևակի մարտական մեքենա], 1 ԲՏՌ [զրահափոխադրիչ] և կենդանի ուժ: 

«Ու դրա համար ադրբեջանական զորքն ընկել ա Գևի տանկի հետևից։ Մի քանի օր ԱԹՍ-ով նկարվել ա իրա տանկը, իրանց նպատակն ա էղել թիրախավորեն էդ տանկը, որը էդքան վնասներ ա պատճառել»:

Սեդան ցավով ասում է՝ հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ի հարվածից եղբայրը ծանր վիրավորվել է, օրեր անց՝ մահացել։

«Գևորգից հետո կյանք չկա, սա չկյանք ա կոչվում»,- ասում է ու հուզվում քույրը։

Գևորգի քույրը՝ Սեդան

19-ամյա Գևորգ Ջավախյանը ժամկետային զինծառայող էր, սկզբում ծառայել է Արմավիրի, այնուհետև՝ Խոջալուի զորամասում։ Եղել է տանկիստ-նշանառու օպերատոր։

Քրոջ խոսքով՝ եղբայրը մինչև հոկտեմբերի 21-ը զինակից ընկերների հետ Աղդամում է եղել՝ այդ ընթացքում թաքստոցում են եղել, հոկտեմբերի 22-ին հրաման են ստացել հատուկ գործողություն կատարելու։

«Հրամանատարությունն իրանց թաքցրել-պահել ա Աղդամում, ինքն ու իրա անձնակազմը համարվել են լավագույն տանկիստներ, պահել են հատուկ գործողության համար, որ ինչ-որ իրավիճակ լինի՝ հանեն։ Հետո երբ պետք է հատուկ գործողությունը կատարեին, հանել են, սկզբում Կարմիր Շուկա են տարել, հետո՝ Շեխեր»,- ասում է քույրը։

Սեդան պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել Շեխերում, եղբայրը տանկի մոտ կանգնած է եղել, ԱԹՍ-ն երկու անգամ հարվածել է։

Քույրն ասում է՝ հաջորդ օրը, երբ եղբորից լուր չեն ստացել, հասկացել են, որ ինչ-որ բան է տեղի ունեցել։ Այնուհետև իմացել են, որ եղբայրը վիրավոր է և հիվանդանոցում։ Սկսել են հարազատներով, ընկերներով Գևորգին փնտրել բոլոր հնարավոր հիվանդանոցներում, սակայն այդ օրը չեն գտել։

Մեկ օր անց՝ հոկտեմբերի 26-ին, Սեդան հիվանդանոցում ճանաչել է եղբորը, որն անգիտակից է եղել։

Քույրը հիշում է այդ ծանր օրը․ «Իմ ծանոթներից մեկը Գևի նկարներից ուղարկեց հիվանդանոցից, ասեց՝ նմանացնո՞ւմ ես։ Ասեց՝ արի գնանք, նայենք։ Մտա, տեսա՝ Գևը ամենասկիզբն էր, հոնքերը իրանն էին, ասեցի՝ մատներն էլ նայեմ, եղբորս մատները շատ սիրուն են, կճանաչեմ: Նայեցի, ասեցի՝ չէ՛, իմ եղբայրը չի։ էնքան ծանր տեսարան էր, բուժքույրն ասել էր՝ հանկարծ չվատանաս, ձեռքս բռնած էինք մտել։ Դուրս եկանք, բուժքույրն ասեց՝ հաշվի առ, որ մատներն այտուցված են… Ես հաշվի չէի առել, ինձ եղբորս ոտքերի նկարը ցույց տվեց, ու ճանաչեցի, ասեցի՝ իմ ախպոր մատներն են, փոքր ժամանակներից մի մատը ծալած էր քնում»,- հուզմունքով հիշում է քույրը։

Սեդան ասում է՝ հարազատները հույս ունեին, թե Գևորգը կապրի, ասում էին՝ գոնե վիրավոր եկավ։ 

«Բայց ամսի 27-ին բժիշկները զանգեցին, ասեցին՝ ձեր եղբոր սիրտը կանգնեց»,- ասում է ու կրկին հուզվում քույրը։

Սեդան ասում է՝ այդ օրը նույն ժամին կանխազգացել է, որ եղբոր հետ ինչ-որ բան է կատարվել, նշում է, որ դժվար է շնչել ու չի կարողացել քնել։

Քրոջ խոսքով՝ եղբայրը և՛ Արմավիրի, և՛ Իվանյանի զորամասում լավագույն տանկիստներից էր։ Որպես լավագույն զինվոր՝ հաճախ տուն է եկել, բազմաթիվ շնորհակալագրերի արժանացել։

Սեդան ասում է՝ եղբայրը սիրում էր ուշադրության կենտրոնում ու միշտ առաջինը լինել։ Այդպիսին է եղել և՛ բանակում, և՛ մարտի դաշտում։

«Զորավարժության կամ վարժանքի ժամանակ հրամանատարն ասել ա՝ ով լավ կրակի, ես իմ աֆիցերսկի գոտին եմ նվիրում, Գևն ասել ա՝ դե գնա, ա՛ռ, որովհետև հեսա տես ինչ եմ անում։ Ու գնացել, նստել ա տանկը ու էնպես ա կրակել, որ իր շնորհիվ իրանց անձնակազմը՝ երեք զինվորն էլ ստացել են աֆիցերսկի գոտին։ Պատերազմի ժամանակ էլ միշտ ուզել ա առաջինը լինի, ասել ա՝ հենց կրակելու հրաման լինի, առաջինը մեր չաստը դուրս գա, առաջինը մենք կրակենք։

Երբ տեղափոխել են Կարմիր Շուկա, հրամանատարն ասել ա՝ Գևորգ ջան, պետք չի, որ դու տանկի մեջ լինես, տեղափոխելուց ես լինեմ, ասել ա՝ կարո՞ղ ա չես ուզում, որ ես հերոս դառնամ, ես պետք ա հերոս դառնամ»։

Քույրն ասում է՝ եղբայրը միաժամանակ մի քանի տաղանդ ուներ՝ լավ նկարել է, բիթբոքսով զբաղվել (բերանով արտաբերել է տարբեր երաժշտական գործիքների ձայներ), նկարահանվել սիթքոմներում։

«Ինքը բիթբոքսի ֆեդերացիայի առաջին անդամներից էր, ֆան հանդիպումներ ա ունեցել, ինքը որ աչքի ընկավ, իրան հրավիրեցին «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվելու, դրանից հետո նկատեցին, առաջարկեցին «Ոսկե դպրոց» սիթքոմում նկարահանվել։ Ու մինչ այսօր իրան բոլորը Ոսկե Գևորգ են ասում»։

Գևորգը կենսուրախ էր, կյանքով լի, սիրում էր ապրել օրը՝ ինչպես վերջին օրը, ոչինչ սրտին մոտ չէր ընդունում, քրոջն էլ հաճախ ասում էր՝ պետք ա ուրախ ապրես ու ոչ մի բան չծանրացնես: 

Ու չնայած կյանքի հանդեպ մեծ սիրուն՝ քույրն ասում է՝ Գևորգը հաճախ է կրկնել, որ երիտասարդ է մահանալու։

«Տանկիստների մասին մի երգ կա, զինվորների անուններ են թվարկվում, ասում էր՝ նենց կուզեմ իմ անունն էլ ստեղ լինի, ասում եմ՝ Գևոր, ստեղ զոհվածների անուններ են, ի՞նչ ես խոսում, ասում էր՝ ոչինչ, թող իմ անունն էլ լինի»,- հիշում է քույրը ու նշում, որ եղբոր զոհվելուց հետո որոշել է անպայման երգ նվիրել եղբորը։ 

«Լուսավոր տղա» երգը, որը կատարում է Արամ MP3-ն, Գևորգին է նվիրված։

Սեդան ասում է՝ եղբոր զոհվելուց հետո ապրում են նրա մասին հուշերով, նրա հիշատակը վառ պահելով։ Ասում է՝ պատերազմի ժամանակ ռեպորտաժներից մեկում եղբայրն ասել է, որ քաղաքացիական կյանքից կարոտել է անգամ իրենց տան մուտքի աստիճանները։ Եղբոր զոհվելուց հետո այդ հատվածում պուրակ-հուշաղբյուր են կառուցել։ Քույրն ասում է՝ նման քայլերով են մի փոքր հանգստություն գտնում։

Սեդան ասում է՝ եղբայրը որոշել էր հերոս դառնալ և իր խոսքը կատարեց։

Բանակ գնալուց մեկ օր առաջ Ինսթագրամում Գևորգը գրառում էր կատարել՝ ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, մաքսիմում կարող եմ ասել, որ դուք շուտով իմ անունը ավելի բարձր կլսեք:

«Էնպես ա ստացվում, որ ինքն իրոք իրա խոսքի տերն էղավ, ու մենք իրա անունը ավելի բարձր լսեցինք»,- մորմոքով ասում է Սեդան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am