Ամանորյա ճոխություններ, հյուրասիրություն և լույսեր. Հոգեբանը՝ տոները նշելու, արժեհամակարգի, տրամադրությունների մասին 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է  «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Արկադի Մեհրաբյանը

– Պարո՛ն Մեհրաբյան, հասարակությունն ի՞նչ տրամադրություններով ու ինչպե՞ս պետք է դիմավորի գալիք տարին, անցնող տարին հեշտ չէր, ու մարդկանց տրամադրությունները խիստ հակասական են. մի մասն ասում է, որ պետք է շարունակել ուրախանալ այնպես, ինչպես միշտ են ուրախացել, մյուս մասը, ընդհակառակը՝ դեմ է ճոխություններին։ Ձեր մոտեցումը ո՞րն է։

– Յուրաքանչյուր մարդու վարքը կախված է իր արժեհամակարգից, իր մտածողությունից, այսինքն՝ նայած, ինչն է իր համար արժեք։ Նույնը կարող է վերաբերել լոկալ կորուստներին. օրինակ՝ ընտանիքում մարդ է մահանում, բայց մեկ շաբաթից հարսանիք էր նախատեսված, մարդ կա` դա հետաձգում է, մարդ կա՝ չի հետաձգում, որովհետև հարսանիքն է գերադասում: Նույնն էլ սա է, մենք երկիր ենք կորցրել կամ, չգիտեմ, անդամահատվել ենք, կոպիտ ասած, հիմա, եթե ինչ-որ մեկի համար այդ մարմնի մասը կարևոր չէր, իր համար կույրաղի էր, այդպես է գնահատում, ինքն ինչ ուզում՝ անում է։ 

Սակայն սա չի նշանակում, որ դարերով պետք է սուգ անել, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով՝ կարելի է փնովել, քննադատել այն մարդուն, որը բարձրագոչ հայտարարում է, թե Արցախն իր հայրենիքն էր, իր հողն էր, ու մեծ շուքով նշում է Ամանորը: Այս պարագայում ինքը կեղծում է, սուտ է ասում, կարելի բացահայտել ստախոսներին։ Իսկ ում համար Արցախն իսկապես հայրենիք էր, կարծում եմ, որ այստեղ հարցը ոչ թե գումար ունենալ-չունենալու, տնտեսել-չտնտեսելու խնդիրն է, այլ այն, որ ինքն ուղղակի այդ միջոցները, ռեսուրսները կօգտագործի, եթե իր առաքելությունը Արցախը հետ բերելն է կամ ինչ-որ կերպ հայրենիքին օգտակար լինելը, կանխարգելելով հետագայում ավելի մեծ կորուստները, իր ռեսուրսները հիմնականում դրան են ուղղված լինելու, որովհետև միայն մեկ Նոր տարիով չէ, խոսքն ընդհանուր առիթներին է վերաբերում, որոնք մեծ շուքով են նշում։ 

– Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ մեր կողքին բռնի տեղահանված հազարավոր արցախահայեր են, որոնք սոցիալական բարդագույն վիճակում են գտնվում, ապա նրանց հոգեվիճակի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու այն փաստը, որ շուրջբոլորը ճոխությամբ պատրաստվում են տոներին։ Արդյոք մենք կարեկցո՞ղ ենք։

– Որպես այդպիսին՝ կարեկցող ազգ չենք, բնականաբար, ու միայն վերջին դեպքերը չեն դրա մասին խոսում, ընդհանրապես մեր պահելաձևն է դրա վկայությունը։ Ինչ վերաբերում է այդ մարդկանց, որոնք իրենց տունն ու ամբողջ ունեցվածքն են կորցրել՝ քիչ չէ, մի հատ էլ գալիս ու հանդիպում են նմանատիպ վերաբերմունքի, ի՞նչ ազդեցություն պետք է ունենա, բնականաբար, հիասթափությունն ավելի է խորանալու, առաջանալու են անգամ ատելության զգացում, վստահության կորուստ առաջին հերթին իր ազգի, հայրենակցի հանդեպ, որը հետագայում, եթե ավելի գլոբալ մոտենանք խնդրին, նպաստելու է արտագաղթին: 

Ո՞վ է մնալու էս երկրում, մնան, որ ի՞նչ անեն, այսինքն՝ այդ մարդկանց կողքին տունն ու ընտանիքը արժեք համարող մարդն իր տեղը չի գտնելու։ Այդ իսկ պատճառով այդ հիասթափությունները, ապատիաները, դեպրեսիվ վիճակներն ավելի են խորանալու ու վերածվելու են ավելի մեծ խնդիրների։

– Պարո՛ն Մեհրաբյան, այսինքն՝ գոյություն ունեցող երկպառակությունը, ատելության մթնոլորտն ավելի՞ են խորանալու։

– Միանշանակ, ու ոչ ոք ոչինչ չի անում դա վերացնելու ուղղությամբ, բոլորը հնարավորինս նպաստում են դրան, ցավոք սրտի, թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ուղղակի մարդիկ։ Սրա համար եմ ասում, որ ազգի մակարդակով մենք կարեկցող չենք, մարդասեր չենք, ինչքան էլ ուզում է բարձրաձայնենք դրա մասին։ Մարդասեր ենք միայն «ես»-ի տեսանկյունից, մենք հիվանդագին էգոիզմ ունենք ու դրանից այն կողմ ոչ մի արժեք չունենք՝ որպես ազգ։

– Մասնագիտական խորհուրդ կամ կոչ հանրությանը՝ ի՞նչ կարող եք ասել, որպեսզի եղած մթնոլորտը գոնե մի փոքր փոխվի։

– Պետք է սիրեն, միմյանց սիրեն, այսինքն՝ դրական էմոցիաներ ունեցեք ձեր մեջ, ոչ թե բացասական, ցանկացած բացասական էմոցիա առաջացնում է ներքին բացասական զգացողություն, իսկ ամենադրական էմոցիան, բնականաբար, սերն է, իսկ սիրող մարդու մոտ չի կարող բացասական վերաբերմունք դրսևորվել ոչ մեկի նկատմամբ, անգամ՝ առարկայի: 

Իսկ ուղղակի կոչ՝ չհանձնվեն, ինչ ուզում է լինի, գոնե չհանձնվեն, որովհետև ինձ համար այս պահին ամենամտահոգիչը դա է, իսկ ես դա տեսնում եմ՝ հանձնված վիճակ է։ Նույն քաղաքապետի ընտրություններին չմասնակցելը նշանակում է, որ մարդիկ հանձնվել են, վերջ, ազգի 80 տոկոսը հանձնվել է, իսկ դա կարող է բերել սարսափելի կատաստրոֆաների, այսինքն՝ ով ինչպես ուզի կարող է մեզ հետ վարվել, կապ չունի՝ դրանք ներքի՞ն, թե՞ արտաքին ուժեր են։ 

– Դա ինչո՞վ եք պայմանավորում, պարո՛ն Մեհրաբյան, մարդիկ ուղղակի հիասթափվա՞ծ են, թե՞ այլ է խնդիրը։

– Մարդիկ, որոնք հանձնվել են, եկել են այն եզրահանգման, որ իրենցից ոչինչ կախված չէ, որ ամեն ինչ կանխորոշված է, ու իրենք այլևս անելիքներ չունեն երկրի համար, ուղղակի իներցիայով ապրում են՝ իրենց համար ստեղծելով ուրախության մեծ կամ փոքր աղբյուրներ, էական չէ։ Նրանք գտնում են, որ թիմի համար ոչինչ չեն կարող անել ու վերջ, որովհետև թիմի ճակատագիրը որոշված է, հարցը լուծված է, իրենք ինչ էլ անեն, ինչն էլ բերում է նմանատիպ վարքագծի։ 

Հիմնականում ոչ թե գիտեն, որ կարող են փոխել, չեն փոխում, այլ իրենք իրենց օգտակար գործողության գործակիցը համարում են զրո։

– Իսկ ի՞նչ խթան է պետք, որ այդ մտածողությունը փոխվի, որ մարդիկ հասկանան, որ, այնուամենայնիվ, իրենցից ինչ-որ բան կախված է։

– Սերունդ պետք է փոխվի, նոր եկող սերունդը պետք է նոր ոգով դաստիարակվի, գոնե փոքրիկ ձեռքբերումների շնորհիվ պետք է ցույց տան, որ, չէ՛, իսկապես մեզանից ինչ-որ բան կախված է։ Մեր ներկայիս սերունդը տեսել է շատ-շատ հիասթափություններ ու անհաջողություններ, ու անգամ հաջողությունը նրանք համարելու են բացառություն կամ պատահականություն, դրա համար էլ մեր սերնդի մոտ փոքրիկ հաջողություններից, գուցե, շատ բան չփոխվի։ 

Այդ փոփոխությունը անհատական մակարդակով ուտոպիա է, պետական մակարդակով է պետք դա անել, եթե պետական մակարդակով էլ չլինի, դա կարող է եկեղեցին անել, եթե այն համարենք ոչ պետական կառույց, չնայած եկեղեցին էլ պետությունից ոչ պակաս մարդկանց մեջ առաջացրել է նույն հիասթափությունը, նույն հավատը եկեղեցու հանդեպ կորել է, որովհետև շատ-շատ դեպքերում եկեղեցին ձեռքերը ծալած նստել է։ Այդ ամենը մասսայական պետք է արվի, եթե անգամ մեկ մանկապարտեզում կամ դպրոցում արվի, էական նշանակություն չի ունենա, այդ ամեն ինչը մասշտաբային պետք է անել։ 

Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am