Պատերազմի վերսկսման վտանգի, դիվանագիտության եւ PR ակցիայի արանքում. Վերլուծաբանները` ստեղծված իրավիճակի մասին

Պատերազմի վերսկսման վտանգի, դիվանագիտության եւ PR ակցիայի արանքում. Վերլուծաբանները` ստեղծված իրավիճակի մասին
Պատերազմի վերսկսման վտանգի, դիվանագիտության եւ PR ակցիայի արանքում. Վերլուծաբանները` ստեղծված իրավիճակի մասին

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական շփման գծում առաջացած լարվածությունն ու թշնամու կողմից դիվերսիոն հարձակումները, քաղաքական վերլուծաբան Երվանդ Բոզոյանի կարծիքով, չեն կարող բերել պատերազմի վերսկսմանը:

«Պատերազմի վերսկսման համար միաժամանակ պետք են մի քանի հանգամանքներ»,- «Մեդիալաբին» ասում է Բոզոյանը:

Նրա խոսքով՝ շփման գծում լարվածության մեծացումը պայմանավորված է տարածաշրջանում առկա իրավիճակով ու միջազգային հանրությունում նկատվող ընդհանուր մթնոլորտով:

Ըստ քաղաքագետի, Հայաստանը փաստացի հրաժարվեց եվրաասոցացումից և միաժամանակ անհայտ է, թե ինչ պայմանով պետք է դառնա Եվրասիական տնտեսական միության անդամ:

Այս պայմաններում շահեկան վիճակում է հայտնվել Ադրբեջանը:

«Իր բալանասավորված և հավասարակշռված քաղաքականությամբ Ադրբեջանը բավականին դիրքային առավելություններ է ստացել դիվանագիտական ճակատում: Եթե դրան գումարենք նաև այն տնտեսական զարգացումները, որոնք կան Ադրբեջանում և այն փլուզումները, որոնք կան Հայաստանում, ապա կարելի է արձանագրել, որ այսօր Ադրբեջանը պահանջում է վերանայել իր և Հայաստանի հանդեպ նախկինում ստանձնած պարտավորություններն ու վերաբերմունքը: Կարող ենք արձանագրել հետևյալը. Ադրբեջանն ասում է՝ մենք ուժեղացել ենք, հզորացել ենք, մեր արտաքին քաղաքականությունն ու դիրքերն ավելի արժանապատիվ են և հարգանք են վայելում, քան Հայաստանինը: Հայաստանը թուլացել է, որևէ ազդեցություն չունի միջազգային հարաբերություններում: Եթե այդպես է, ապա հաշվի առելով մեր և Հայաստանի ուժերը, եթե չեք ուզում լինի պատերազմ, ապա դուք պետք է ճնշեք, որպեսզի Հայաստանը  Լեռնային Ղարաբաղի հարցում կամովին գնա զիջումների»,- ասում է քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանի խոսքով, այստեղ առաջացել է այդ անորոշ իրավիճակը, բոլորն ուզում են, որ Հայաստանը գնա զիջումների, բայց չկա այն ձևաչափը, որով Հայաստանը պետք է դա անի: Պարզ չէ, եթե Հայաստանը չգնա զիջումների, իրավիճակն ինչ զարգացումներ կբերի:

Ըստ քաղաքագետի, քանի որ այս փուլում ռուս-ամերիկյան հարաբերությունները լարված են, այդ երկրները չեն կարողանում միասնական ձևաչափ ձևավորել, որով կարող են պահանջել, որ Հայաստանը գնա միակողմանի զիջումների: Հենց այդ պատճառով էլ առաջացել է այս լարվածությունը, որը դրսևորվում է տարբեր ձևերով. Ադրբեջանը սրում է  իրավիճակը, դիվերսիոն գործողություններ է անում: Բոզոյանի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից այդ գործողությունները կարող են ավելանալ:

«Դրանով եմ բացատրում ես այսօրվա իրավիճակը: Բայց ասել, որ կսկսվի լայնամասշտաբ պատերազմ, ես կարծում եմ, որ դա չի լինի, քանի դեռ Ադրբեջանը հույս ունի, որ միջնորդները դիվանագիտական իմաստով կփորձեն ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, և իրենք կհասնեն իրենց նպատակին: Այս պահի դրությամբ նրանք չունեն դիվանագիտական “դաբրո” թե Արևմուտքից, թե Ռուսաստանից, որպեսզի վերսկսեն ռազմական գործողությունները: Նրանք վախենում են, որ եթե սկսեն ռազմական գործողություններ, ապա դա կարող է Հարավային Օսիայի օրինակով բումերնագի էֆեկտով հենց իրենց խփել»,- նշում է Երվանդ Բոզոյանը:

Նրա  կանխատեսումներով, Ադրբեջանի կողմից դիվանագիտական ճակատում ճնշումները Հայաստանի վրա կշարունակվեն, նրանք կփորձեն ապակայունացնել մթնոլորտն ու շանտաժ անել միջնորդներին՝ թե, տեսեք, մեր համբերության բաժակը լցվում է: Այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, ինչքան դեռ Հայաստանը կշարունակի էլ ավելի թուլանալ, իսկ Ադրբեջանն էլ ավելի ուժեղանալ: Եթե Հայաստանը կարողանա փոխել ներկա իրավիճակն ու իր արտաքին քաղաքականությունը, ապա լարվածությունը կթուլանա: Եվ հակառակը, եթե Հայաստանը շարունակի թուլանալ, ապա կգա մի պահ, երբ ադրբեջանցիների համբերության բաժակը կլցվի և ինքնուրույն կսկսեն ռազմական գործողություններ:

«Բայց, իհարկե, այդ ժամանակ նրանք պետք է հաստատ համզոված լինեն, որ Հայաստանն արդեն չափից դուրս թույլ է, և Ռուսաստանն էլ այնպիսի վիճակում է, որ մեծ աջակցություն ցույց չի տա Հայաստանին: Ես կարծում եմ՝ այդ պահը դեռ չի եկել»,- ասում է Երվանդ Բոզոյանը:

Ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը շփման գծում լարվածության մեծացումը բացատրում է Հայաստան-Եվրասիական միություն-Ռուսաստան-Ղարաբաղ բանակցային գործընթացով:

«Ինչ-որ գործընթաց գնում է, և այդ գործընթացի մեջ այս ակտիվացումն իր տեղն ունի, դրա մասնիկն է հանդիսանում»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Բադալյանը:

Պատերազմի վերսկսման վերաբերյալ փորձագետն ասում է, որ դրա հավանականությունը ցածր է գնահատում, քանի որ պատճառ չի տեսնում:

«Դեռևս Ռուսաստանի և Ադրբեջանի միջև այդ բանակցային գործըթնացը՝ կապված Եվասիական միության և այդ համատեքստում՝ Ղարաբաղի հետ, դեռևս սպառված չէ: Այդ պատճառով խոսել պատերազմի մասին, ճիշտ չէ: Պատերազմը կարող է անկանախատեսելի հետևանքներ ունենալ Մինսկի խմբի երկրների համար, և ոչ ոք չի կարող ասել, թե արդյունքում որ կողմը կարող է դրանից տուժել կամ հաղթել՝ անկախ նրանից, թե ով շատ զենք ունի: Այսինքն, մենք միանշանակ չենք կարող ասել, որ պատերազմ չի լինի, բայց միանշանակ չենք կարող ասել, որ այն կլինի: Ոչ ոք չի կարող ասել՝ պատերազմի հետեւանքով Ռուսաստանի դիրքերը կուժեղանան Հարավային Կովկասում, թե՞ Արևմուտքի»,- նշում է Արմեն Բադալյանը:

Խոսելով Քարվաճառի շրջանում հակառակորդի կատարած դիվերսիոն հարձակման մասին՝ Արմեն Բադալյանը նկատում է, որ դա ավելի շատ PR ակցիա էր:

«Ադրբեջանական կողմն արդեն հայտարարում է, որ Քարվաճառը հանդիսանում է իր երկրի տարածքը, ուստի իր երկրի բնակիչներն իրավունք ունեն իրենց տարածքում լինել այնտեղ, որտեղ ցանկանում են: Այսինքն՝ սա ոչ այնքան դիվորեսիա է, որքան PR կամպանիա»,- ասում է նա:

Մասնագետը նաև նկատում է, որ Հայաստանի իշխանությունները միշտ ընտրություններում չակերտավոր «հաղթանակ» են տանում ընտրական կեղծ ու ուռճացված ցուցակներով՝ դրանցում ընդգրկելով նաև զինվորներին:

«Դե հիմա թող իշխանություններն այդ կեղծ ցուցակները տանեն Քարվաճառի դիրքերում դնեն և այդ կեղծ ցուցակներով փորձեն պաշտպանել Քարվաճառը ադրբեջանական հարձակումներից»,- ասում է Արմեն Բադալյանը:

Մարի Ներսեսյան

© Medialab.am