Քաղաքականությամբ գնացեք դուրսը զբաղվեք, ինչո՞ւ եք բոյկոտում նիստերը, մարդիկ հայցերի են սպասում․ Փաստաբանը՝ ՍԴ երկու դատավորներին

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցազրույցը փաստաբան Գևորգ Գյոզալյանի հետ

– Պարո՛ն Գյոզալյան, կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է հերթական թեկնածուին, որը Էդգար Շաթիրյանն է։ Դուք ի՞նչ գիտեք նրա մասին, ձեզ հույսեր ներշնչո՞ւմ են նրա կենսագրական տվյալները։

– Անձամբ չեմ ճանաչում պարոն Շաթիրյանին և միայն բաց աղբյուրներից տեսել, լսել եմ նրա հարցազրույցները։ Տպավորիչ չեն ինձ համար։ Բայց ես կարող եմ ունենալ սուբյեկտիվ կարծիք։ Եթե կարճ՝ այդ թեկնածուին առհասարակ չեմ ճանաչում։ 

– Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է կառավարությունը այնպիսի թեկնածու առաջադրում, որը հատկապես մասնագիտական համայնքի համար ընդունելի չի լինում։ 

– Անկեղծ ասած, մեր հանրության մեջ ում էլ առաջադրեն, լինելու են մարդիկ, որ սվիններով են ընդունելու այդ թեկնածուին։ Դա միշտ է լինելու։ Բայց այստեղ մի հարց կա՝ դատավարական ինստիտուտները առաջ են եկել ու կայացել են միայն մի բանի հիման վրա՝ դատավորները պետք է հեղինակավոր անձինք լինեն։

Բայց դա չի նշանակում, որ մարդը կարող է պրոֆեսիոնալ չլինել։ Մարդը կարող է շատ պրոֆեսիոնալ լինել, բայց Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի դեպքում դատավորները պետք է լինեն հեղինակավոր, մարդկանց վստահությունը վայելող անձինք։

Կարող է դատել միայն հեղինակություն ունեցող անձը։ Իսկ եթե մենք չունենք նման կադրեր, ապա կարելի է մի քիչ ավելի արմատական լինել և համայն հայության մեջ փորձել գտնել այդ անձանց։

Եթե զգում ես, որ քո երկրի ներսում չես կարողանում գտնել համապատասխան անձանց, ապա նրանց կարելի է գտնել սփյուռքում։ Ես համոզված եմ, որ սփյուռքում մենք բազմաթիվ սահմանադրագետներ ունենք, սահմանադրական իրավունքի պրոֆեսիոնալներ, որոնք իրենց կյանքով մեծ ներդրում ունեն իրավունքի ոլորտում։

ՍԴ դատավորի պաշտոնը հիմա կարծես անիծված պաշտոն լինի, և ոմանք նույնիսկ ցույց են տալիս, թե մենք ենք ձեզ լավություն անում, որ գնում ենք Սահմանադրական դատարան։ Սա անընդունելի տարբերակ է։

– Ովքե՞ր են այդ ոմանք։

– Անուններ չեմ տա, բայց որ թեկնածուներին ուշադիր նայեք, կտեսնեք մի տեսակ սարկազմ։ Սա ճիշտ չէ։

– Պարո՛ն Գյոզալյան, դուք ասացիք, որ եթե շրջապատում չկան համապատասխան հեղինակավոր մարդիկ թեկնածություն առաջադրելու համար, ապա պետք է փնտրել սփյուռքում։ Այսպիսի մի հարց՝ գուցե մարդիկ չեն ուզում մասնակից դառնալ Սահմանադրական դատարանի շուրջը այս գործընթացին։ Մի տեսակ շատ խառը, հակասական երևույթներ տեղի ունեցան։ 

– Անշուշտ ճիշտ եք։ Չկա որևէ երաշխիք, որ, օրինակ՝ որևէ պրոֆեսիոնալ կամ որևէ անձ ոչ միայն չի հայտնվի Սահմանադրական դատարանում, այլ նաև կպախարակվի, այլ նաև նրա ընտանեկան կյանքը կհանեն դուրս, և ոչ միայն ինքը վնաս կկրի, այլ նաև նրա ընտանիքի անդամները։

Միանշանակ այս մտավախությունը կա։ Սա շատ մտահոգիչ է և գալիս է ոչ հեռավոր 2015 թվականից, երբ Սահմանադրությունը փոփոխվեց, ու Սահմանադրական դատարանի հերն անիծեցին, այսինքն՝ երբ վերացրեցին դատավորի պաշտոնում թեկնածուների առաջադրման հավասարակշռությունը (4-ին առաջադրում էր ՀՀ նախագահը, 5-ին՝ Ազգային ժողովը) ու տվեցին մի կուսակցության ձեռքը, դրանից մեծ վատություն Սահմանադրական դատարանին դժվար է պատկերացնել։

Այստեղ ամբողջությամբ քաղաքականություն էր, այստեղ իրավունք չկա։ Այսինքն՝ մարդը, որը իրավական ոլորտում գործունեություն է ծավալել, ուզում է գնալ զարգացնել ոլորտը, հանկարծ քաղաքականությունը խոչընդոտում է։

Եվ հիմա, անկախ նրանից, թե ո՛վ է ՍԴ դատավորի թեկնածուին առաջադրում, միակուսակցական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովից է կախված այդ թեկնածուի ընտրությունը։

Եվ թեկնածուն Ազգային ժողովի մեծամասնության ճաշակին պետք է համապատասխանի, ու այստեղ սկսվում են քաղաքական հարցերը՝ իսկ մարտի 1-ին ո՞ւր էիք, իսկ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ ո՞ւմ էիք պաշտպանում։

Այստեղ արդեն իրավունք չկա, կա քաղաքականություն, և շատ իրավաբաններ չեն ուզում մտնել քաղաքականության մեջ, որովհետև ոչ միայն կպախարակվեն, այլ նաև չեն հայտնվի Սահմանադրական դատարանում։

– Ըստ ձեզ՝ այդպես եղավ կառավարության նախկին թեկնածու Վահրամ Ավետիսյանի պարագայո՞ւմ։

– Ավետիսյանի պարագայում ես որոշակի վերապահումներ ունեմ, որովհետև նրա մասին հրապարակվեցին նյութեր, մասնավորապես, քաղաքացիական գործի մասին է խոսքը, երբ նա ցուցմունք էր տվել դատարանին, որ հարկ չվճարելու համար շինծու գործարք է կնքել և իրեն պատկանող անշարժ գույքը օտարել է, որպեսզի հարկը չվճարի։

Այդ տեղեկությունը պարոն Ավետիսյանը կարծես չի հերքել, և նման երևույթը ինձ համար անընդունելի է, որովհետև նման անձը առհասարակ դատավոր լինելու իրավունք չունի։ Իմ սահմանած չափանիշը դատավորի նկատմամբ բավականին բարձր է, և դատավորը չի կարող օրինական ձևով անօրինական վիճակ ստեղծել։

– Դուք կարծես Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն էլ լավ չընդունեցիք։

– Գուցե Խունդկարյանի մարդկային որակները լավն են, ես նրան չեմ ճանաչում։ Եկեք չանձնավորենք, ես որպես մասնագետ եմ գնահատում իրավիճակը։ Ես կարծում եմ՝ Վճռաբեկ դատարանի այսօրվա բոլոր դատավորները ենթակա են առնվազն տուն ուղարկելու։

Մեր երկրի խնդիրների մեծ մասը եկել է հենց Վճռաբեկ դատարանից (Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի նախագահն է – հեղ․)։ Առաջին ատյանի դատարանները կարող են սխալվել, դրա համար կա Վերաքննիչ դատարան, Վերաքննիչն էլ մի տեղ կարող է սխալվել, և դրա համար կա Վճռաբեկ։

Բայց Վճռաբեկ դատարանը չի կարող սխալվել, մինչդեռ ամենամեծ սխալները այս դատարանն է գործում։ Գործ կա այդ դատարանում, որը 2014-ից է, և այդ մարդը մինչև այսօր անհանգիստ վիճակների մեջ է, մինչև հիմա չեն քննել։

Պատկերացնո՞ւմ եք՝ Վճռաբեկ դատարանը անգործություն է ցուցաբերում։ Նման դեպքերը բազմաթիվ են։ Այդ դատարանում բոլորը պետք է տուն գնան, այդ թվում՝ Երվանդ Խունդկարյանը։

– Պարո՛ն Գյոզալյան, եթե փորձենք ամփոփել՝ ի՞նչ իրավիճակ է Սահմանադրական դատարանում կամ դրա շուրջը։ Օրինակ՝ ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասում է՝ փակուղային իրավիճակում են, ճգնաժամ է և այլն։ 

– Որքան գիտեմ, տիկին Պետրոսյանը և պարոն Հրայր Թովմասյանը նիստերին չեն մասնակցում, որի պատճառով քվորումի հարց է առաջանում։ Եվ եթե հաշվի ենք առնում, որ այնտեղ երեք դատավոր էլ չկան, ապա, այո՛, կազուսային իրավիճակ է առաջանում։

Ես ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ճգնաժամ չեմ տեսնում Սահմանադրական դատարանում։ Եթե ՍԴ անդամը չի մասնակցում նիստերին, ապա Ազգային ժողովը պետք է իր տեղում լինի և անմիջապես կարգապահական վարույթ հարուցի, ու դատավորի լիազորությունները դադարեցվեն։

Եվ դա կապ չունի՝ տիկին Պետրոսյա՞նն է, պարոն Թովմասյա՞նը, թե՞ իմ շատ սիրելի պարոն Գրիգորյանը։ Ի՞նչ է նշանակում՝ ՍԴ դատավորը նիստերին չի մասնակցում, այստեղ ևս ես քաղաքականություն եմ տեսնում, որովհետև պարոն Թովմասյանը և տիկին Պետրոսյանը այս պահին միգուցե քաղաքական ենթատեքստ ունենալով բոյկոտ են անում։

Բայց, սիրելինե՛րս, ես մի քանի դիմում ունեմ Սահմանադրական դատարանում, ու ձեր այդ բոյկոտի պատճառով էդ մարդկանց գործերը չեն քննվում։

Քաղաքականությամբ եք զբաղվում, գնացեք դուրս քաղաքականությամբ զբաղվեք։ Այս փլատակների տակ մնում են սովորական, շարքային քաղաքացին, իրավաբանական անձը, որովհետև նրանց ձայնը չի լսվում։ Սա անթույլատրելի է։

– Մյուս կողմից՝ ժամանակին Վահե Գրիգորյանն էր բոյկոտում ՍԴ նիստերը։

– Այո՛, ես նաև նրա մասին եմ ասում։ Բայց պետք է արձանագրել, որ նրա՝ ՍԴ նիստերին չմասնակցելուց գործերի քննությունը չէր տուժում։

Բայց մյուս կողմից՝ ինչո՞ւ պարոն Թովմասյանը չէր դիմում Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։ Ինչո՞ւ չէր դիմում, դիմեիք։ Բայց եթե այն ժամանակ պարոն Գրիգորյանը չէր մասնակցում, հարցը այդքան սուր չէր, քվորում կար, գործերը քննվում էին, տեղաշարժ լինում էր։ Այժմ առհասարակ նիստեր չեն անում, իսկ ես սրտատրոփ մի գործի եմ սպասում, ընդունել են վարույթ, ու դեռ պատասխան չկա։ Սայլը տեղից չի շարժվում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am