«Ինձ ուղղակի քցել են». Տիգրան Կարապետյանը պնդում է, որ «ԱԼՄ»-ն եթերազրկելու պատճառը իր ընդդիմադիր կեցվածքն է, և որ պայքարելու է «մինչև վերջ»

Հեղինակ MediaLab

Ժողովրդական կուսակցության նախագահ, «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը հունվարի 19-ին նոր հանրահավաք է անցկացնելու Մատենադարանի հարակից տարածքում` ի պաշտպանություն «ԱԼՄ» հեռուստաընկերության:
Հունվարի 20-ից «ԱԼՄ»-ն դադարելու է եթեր հեռարձակվել, քանի որ ՀՌԱՀ-ի կողմից դեկտեմբերին հայտարարված կապուղիների մրցույթում նույն կապուղու համար պայքարող «ԱԼՄ» և «Երևան» հեռուստաընկերություններից հաղթող է ճանաչվել վերջինը:
Եվ երբ հայտնի դարձավ, որ «ԱԼՄ»-ն շուտով այլևս եթերում չի լինելու, Տիգրան Կարապետյանը հունվարի 7-ին առաջին հանրահավաքն անցկացրեց Մատենադարանի հարակից տարածքում:
«Մեր սեփական տանը, չգիտես ինչու, մեր նկատմամբ նման անարդար կերպով են վարվում: Չի կարելի նեղացնել սեփական ժողովրդին: Այստեղ խնդիրը ոչ թե «ԱԼՄ»-ի եթերազրկումն է, այլ ավելի շուտ անարդար վերաբերմունքը ժողովրդի հանդեպ, որը պետք է ոչ թե խնդրողի, այլ պահանջողի դերում հանդես գա: Ես դեռ նման հանրահավաք չեմ արել, սա առաջին անգամ է: Մենք «ԱԼՄ»-ն չենք տալու, մեր պայքարը նաև «Ա1+»-ի, «ԳԱԼԱ»-ի և մարտի 1-ի համար է»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել էր Տիգրան Կարապետյանը:

«ԱԼՄ» հոլդինգի նախագահը նաև հավելել էր, որ ինքը փաստորեն արդեն ընդդիմություն է, և կոչ էր արել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին` միանալ իրենց:

Մինչդեռ Տիգրան Կարապետյանի հանրահավաքն ու այս հայտարարությունը ոչ միանշանակ են ընդունվել. սոցիալական ցանցերում այս հարցն արդեն բուռն քննարկումների թեմա է դարձել, սակայն Տիգրան Կարապետյանի հանրահավաքի և նոր կեցվածքի մասին արտահայտվողները մեծ մասամբ հումորով են արտահայտվում:

Ֆեյսբուքում կարելի էր գտնել այսպիսի մեկնաբանություններ. «Տժժում ա Ամենափրկիչ Կարապետիչը, տանցույուտ վսե», «Կարապետիչը մորթ ա», «Մորթը ո՞րն ա, սուրբ ա: Մի օր ուզում եմ զանգեմ-հարցնեմ` ճի՞շտ ա, որ դու սուրբ ես, Տիգրա´ն դյադյա», «Կարապետիչը շատ կրեատիվնի ա` «Շնորհավոր բոլոր չուզողների մոր տարին», հենց նոր ասեց: Էս բառերը Կարապետիչին մտցրեցին պատմություն»:

Սակայն հումորային մեկնաբանությունների արանքում երբեմն լինում են նաև ի աջակցություն Կարապետյանի խոսքեր:

Սոցիալական կայքերից մեկում մի երիտասարդ, օրինակ` գրել է. «Որքան էլ զարմալի էր, էսօր Մատենադարանի մոտ բավականին թվով մարդիկ էին հավաքվել: Իհարկե, նրանց մեջ շատ էին մեզ ծանոթ դեմքերը, որոնք ՀԱԿ-ի հետ արդեն մի քանի տարի է` պայքարում են անարդարության դեմ, բայց փաստ է, որ ստրկամտությունը վերջնականապես չի հաղթել մեր ժողովրդին: Ու ամենևին էլ կարևոր չէ` Կարապետիչն է հայտնվել զոհի կարգավիճակում, թե այլ որևէ մեկը»:

Չնայած բազմաթիվ ասեկոսեներին և խոսակցություններին, Տիգրան Կարապետյանը, որը նախորդ նախագահական ընտրությունների ժամանակ բավական չեզոք դիրք էր գրավել և միայն քննադատում էր ընդդիմությանն ի դեմս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, այսօր պնդում է, թե «ընդդիմություն է», այլ ոչ թե «իշխանությունների պրոյեկտը»:

«Մեդիալաբի» հետ զրույցում Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե «ԱԼՄ»-ն եթերազրկում են հենց իր ընդդիմադիր կեցվածքի պատճառով:

«Ինձ ուղղակի քցել են: Իշխանությունները վախենում են ճիշտ խոսքից, և ես ուղղակի պայքարում եմ, ես ընդդիմադիր եմ այն պահից, երբ հասկացել եմ, որ այսպես ապրել չի կարելի: Արդեն հինգ տարի»,- «Մեդիալաբին» ասաց Կարապետյանը:

«Ես դա հասկացել եմ այն ժամանակ, երբ ասել եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, երբ չեմ վախեցել և գումար եմ փոխանցել «ԳԱԼԱ»-ի և «Ա1+»-ի հիմնադրամներին, երբ ստորագրել եմ ի պաշտպանություն Նիկոլի հայտարարության տակ, երբ քննադատել եմ Տիգրան Սարգսյանին: Այնպես որ, համարում եմ, որ դա քաղաքական որոշում էր»,- «Մեդիալաբին» ասել է Կարապետյանը:

Կարապետյանը հայտարարել է, որ իրեն դարձրել են ընդդիմություն, և ինքը պատրաստվում է հերթական հանրահավաքին, որում սպասում է «80-100 հազար քաղաքացիների ներկայություն»:

Ու թեև Տիգրան Կարապետյանը հայտարարում է, որ ինքն այլևս ընդդիմություն է և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին հրավիրում է միանալ իրեն, ՀԱԿ-ից «Մեդիալաբին» ասել են, որ Կոնգրեսի օրակարգում նման հարց դրված չէ:

«Կոնգրեսի անդամ կուսակցություններից այդ հարցի վերաբերյալ որևէ առաջարկ չի ներկայացվել»,- «Մեդիալաբին» ասել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Սակայն Տիգրան Կարապետյանը հայտարարել է, թե պայքարելու է մինչև վերջ, և որ «ԱԼՄ»-ն հնարավոր չէ փակել:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am