«Հրանտը վիրավորվում է, մեքենայով տանում են, ԱԹՍ-ն խփում է շտապօգնության մեքենային»․ Ալլան ասում է՝ ամուսինը «մի ուրիշ աշխարհ էր»

28-ամյա Ալլա Կոստանյանի մտքով երբեք չէր անցնի, որ կգա մի օր, որ իր ամենահարազատ մարդու՝ ամուսնու մասին ստիպված կլինի խոսել ու հիշել արցունքոտ աչքերով։ «Նա ինձ համար եղել է հենարան, մի ուրիշ աշխարհ»,- ասում է կինն ու հուզվում։

Ալլայի ամուսինը՝ Հրանտ Ասատրյանը, զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Հոկտեմբերի 13-ին ԱԹՍ-ի հարվածից Հրանտը ոտքերից վիրավորվում է, շտապօգնության մեքենայով տանում են հոսպիտալ, երկրորդ անգամ է ԱԹՍ-ն խփում՝ արդեն շտապօգնության մեքենային, ու էդտեղ Հրանտը զոհվում է»,- ցավով պատմում է Ալլան ամուսնու ընկերների հաղորդած տեղեկությունը։

Հրանտ Ասատրյանն ու Ալլա Կոստանյանը 6 տարի առաջ ընտանիք էին կազմել, երկու որդի ունեն՝ 6-ամյա Ալբերտը և 1,5 տարեկան Ալենը։ Վարձով ապրում էին Գյումրիում:

Հրանտ Ասատրյանը 8 ամիս էր, ինչ պայմանագրային ծառայության էր անցել Արարատ գյուղի Զոդի զորամասում։ Պատերազմի առաջին օրերից առաջնագիծ է մեկնել՝ մասնակցելու Ջրականի թեժ մարտերին։

Հոկտեմբերի 11-ին Հրանտը վերջին անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ, որից հետո այլևս անհասանելի է եղել։

«Վերջին անգամ ամսի 11-ի առավոտն ենք խոսել, երեխեքը հիվանդ էին, արագ գրել էր, պատասխանեցի, էլ չգրեց․․․»- հուզմունքով պատմում է 28-ամյա կինը։

Երկու օր անց ողբերգական դեպքը պատահում է։

Ալլան ասում է՝ ոչ մեկը չէր կարողանում հստակ տեղեկություն տալ ամուսնու մասին, քանի որ զինակից ընկերներից տեղյակ չէին, որ շտապօգնության մեքենային էլ ԱԹՍ-ն է հարվածել է. «Գիտեին՝ թե վիրավոր ա, փնտրեցինք հիվանդանոցներում, չգտանք։ Հետո իմացանք, որ Գյումրիի մորգում է»։

«Մեր կյանքը լրիվությամբ փոխվեց, դժվարությունները սաղ եկան աչքիս դեմը»,- մորմոքով ասում է Ալլա Կոստանյանը ու հուզմունքով շարունակում՝ երեխաները այլևս հոր ջերմությունն ու սերը չեն զգա:

Հրանտ Ասատրյանը, ծնվելով բազմազավակ ընտանիքում, դեռ փոքր հասակից ծնողներին օգնելու նպատակով տարբեր աշխատանքներ է կատարել։ «Խանութում վաճառող է աշխատել, շատ աշխատասեր էր ու կազմակերպված»,- ասում է կինն ու հավելում՝ Հրանտը կամեցող էր, հոգատար, ուշադիր։

Ալլան ասում է՝ ճիշտ է, վարձով էին ապրում, դժվարություններ կային, բայց փոխադարձ հարգանքի ու սիրո շնորհիվ ամեն ինչ հաղթահարվում էր։ Կինն ասում է՝ ամուսինը երկու գլխավոր երազանք ուներ՝ տուն ապահովել ընտանիքի համար և երրորդ երեխան աղջիկ ունենալ։

Ալլան ասում է՝ ավագ որդին շատ կապված էր հոր հետ, հաճախ է հիշում հորը, փոքր եղբորը պատմում հոր մասին։

«Փոքրս որ ծնվեց, օրվա գրեթե մեծ մասը մեծ տղես ու հայրը միասին էին անցկացնում, խաղում էին իրար հետ, զբոսնելու գնում, Հրանտը միշտ նոր խաղալիքներ էր գնում Ալբերտի համար, կատարում էր երեխու բոլոր կամակորություններն ու քմահաճույքները։ Հիմա մեծ տղես փոքրին անընդհատ ցույց ա տալիս հոր նկարը, փոքրը նկարով ճանաչում ա հորը։ Ալբերտը Ալենին ասում ա՝ պապան ո՞ւր ա, Ալենը նկարն ա ցույց տալիս»,- արցունքների միջից պատմում է կինը։

Ալլան ասում է՝ փորձում է ուժեղ գտնվել, որպեսզի երկու անչափահաս որդիներին մեծացնի, ամուսնու թողած կիսատ գործերն ավարտի։ Սակայն համակերպվել, որ ամուսինը չկա, չի կարողանում։ Ասում է՝ սպասման մեջ է, թվում է, թե շուտով ամուսինը տուն է գալու․ «Մենք օր օրի ավելի ու ավելի կկարոտենք իրան ու ավելի շատ կսպասենք, որ գա։ Չեմ ուզում մտածեմ կամ ինձ ստիպեմ՝ հասկանամ, որ չի գա, անդադար սպասում եմ ու կարոտում, իր կարիքը շատ եմ զգում»,- հուզմունքով ասում է Ալլան։ 

Հրանտ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am