Ընտրություններ 2013. Հայաստանում նախագահ են ընտրում

Ընտրություններ 2013. Հայաստանում նախագահ են ընտրում
Ընտրություններ 2013. Հայաստանում նախագահ են ընտրում

Այսօր` փետրվարի 18-ին, Հայաստանում մեկնարկեցին վեցերորդ նախագահական ընտրությունները: Ընտրություններին առաջադրված ութ թեկնածուներից ընտրապայքարին կմասնակցեն յոթը` «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, անկուսակցական, «Ռադիո հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանը, ՀՀԿ նախագահ, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը և անկուսակցական, էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Թեկնածուներից «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ինքնաբացարկ էր ներկայացրել:
Հիշեցնենք, որ անկախ Հայաստանում առաջին նախագահական ընտրությունները կայացան 1991 թվականին: Ընտրությունների արդյունքում ՀՀ առաջին նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա վերընտրվեց 1996-ին: Սակայն, 1998-ին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ  տարաձայնությունների պատճառով Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:

1998 թ. արտահերթ նախագահական ընտրություններում նախագահ ընտրվեց այն ժամանակ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Նա ևս պաշտոնավարեց երկու ժամկետ: Պաշտոնապես առավելագույն ձայներ հավաքելով` նախագահի պաշտոնում վերընտրվելով նաեւ 2003 թվականին:

2007 թվականին երկարատև լռությունից հետո քաղաքականություն վերադարձավ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և հայտարարեց 2008-ի փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին: Նրան հաջողվեց համախմբել հազարավոր մարդկանց եւ Ազատության հրապարակը երկարատեւ հանգստից հետո կրկին վերափոխվեց պայքարի հարթակի` բազմաթիվ մարդկանց մեջ հնարավոր փոփոխության հույսեր առաջացնելով:

Սակայն, ոչ Ազատության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքները, ոչ Տեր-Պետրոսյանի խարիզմատիկ ելույթները ի զորու չեղան փոխելու ընտրությունների ընթացքը: 2008-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով, երկրի նախագահ ընտրվեց իշխանական ՀՀԿ թեկնածուն` Սերժ Սարսգայնը: Սկիզբ առած ցասման հետեւանքով, տեղի ունեցան հայտնի մարտիմեկյան արյունալի  իրադարձությունները, երբ ուժայինների եւ ընդդիմության բախումների հետեւանքով առնվազն 10 մարդ զոհվեց, հարյուրավորները վիրավորվեցին եւ ձերբակալվեցին:

Չնայած երկրում տիրող խիստ լարված ներքաղաքական իրավիճակին, ապրիլին` փակ  տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ինագուրացիան: Հետագա տարիներին Սերժ Սարգսյանը մինչ պաշտոնավարում էր` փորձելով ՚հարթել՚ հայ-թուրքական հարաբերությունները եւ երկխոսության գնալ երկրում ընդդիմադիր ուժերի հետ, արմատական ընդդիմությունն ի դեմս Տեր-Պետրոսյանի վերափոխվեց կոնգրեսի` ՀԱԿ-ի: Սակայն, եթե ժամանակի հետ ընդդիմությունը թուլացավ, պահանջները դարձան ոչ հստակ, իսկ մարդիկ հիասթափվեցին: Զարգացումները տարան նրան, որ անհասականալի պատճառներով, այս ընտրություններին ՀԱԿ-ն առհասարակ սեփական թեկնածու չառաջադրեց:

Հիշեցնենո, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրվել էր ինը թեկնածու: Երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում էին «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ԼՂՀ փոխարտգործնախարար Արման Մելիքյանը, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը և ՀՅԴ թեկնածու Վահան Հովհաննիսյանը:

Հայաստանի վեցերորդ նախագահական ընտրություններին չեն մասնակցում խորհրդարանական ընդդիմադիր երկու ուժերը` ՀԱԿ-ը, որի ընտրազանգվածն ակնկալում էր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը, և ՀՅԴ-ն: Ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չսատարելու մասին հայտարարություն արեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` չնայած ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնարավոր առաջադրման մասին ավելի վաղ շրջանառվող տեղեկություններին:

Հայաստանի Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահը պետության գլուխն է: Նա հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը:

Հանրապետության նախագահը, համաձայն Սահմանադրության, ՀՀ անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է: Հանրապետության նախագահն ընտրվում է ՀՀ քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում:

Հայաստանի ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը, փետրվարի 17-ի դրությամբ, 2.505.980 է: Հանրապետության տարածքում ձևավորվել են 1988 տեղամասային կենտրոններ: Քվեարկությունը կմեկնարկի առավոտյան ժամը 8-ից և կավարտվի 20:00-ին:

Հայաստանում ընտրությունների ընթացքին կհետևեն 26 տեղական (6251 դիտորդ) և 12 միջազգային (632 դիտորդ) դիտորդական կազմակերպություններ: Հայաստանում են գտնվում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի (Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ) 263 դիտորդ, ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով) 36, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի` ԱյՍիԻԷս-ի (ICES) 35, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 30, ԱՊՀ դիտորդական առաքելության 163 դիտորդներ: Դիտորդական առաքելություն կիրականացնեն նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների 34 ներկայացուցիչներ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 31, Եվրոպական խորհրդարանի 12, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչների 25 դիտորդներ, ինչպես նաև ԱյԷֆԻԷս-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակների ղեկավարները:

© Medialab.am