«Իմ կյանքը դարձել է սև գիծ»․ մայրը հիշում է որդու խոսքը՝ «Չլացես, կգնամ-կծառայեմ, հետ կգամ»

40-ամյա Քրիստինե Գույումջյանը հուզմունքով է հիշում որդու խոսքը բանակ գնալիս: 

«Ասում էր՝ մա՛մ ջան, երբե՛ք չտխրես, չլացե՛ս, կգնամ-կծառայեմ, հետ կգամ։ Բայց չեկավ․․․»- հուզվում է որդեկորույս մայրը։

Քրիստինեն որդուն կորցրել է 44-օրյա պատերազմում։ 

19-ամյա Արամ Գույումջյանը կրտսեր սերժանտ էր, ծառայել է Մարտունի 2-ում։ Պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ կռվել է Հորադիզում, որտեղ էլ զոհվել է հոկտեմբերի 7-ին թշնամու գնդակից։

Քրիստինեն ասում է՝ երկար ժամանակ որդուն չէին գտնում, տեղեկություն չունեին: Պատերազմի ավարտից 3 ամիս անց ԴՆԹ համընկնումով են իմացել, որ Արամը զոհվել է։

«Մենք գիտեինք՝ անհետ կորած ա կամ գերի ա։ Սպասում էինք։ Փետրվարին իմացանք, որ ԴՆԹ-ն համընկել ա»,- հուզմունքով ասում է մայրը։

Քրիստինեն ասում է այդ օրվանից կյանքը դարձել է սև գիծ. «Ոչ մի լավ բան չկա, չի կարա լինի, երբ որ երեխեն չկա։ Ամեն ինչ դեպի վատն ա գնացել»։

Արամ Գույումջյանը մինչ բանակ գնալը ընդունվել էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ։ Մայրն ասում է՝ որդին սիրում էր սովորել, կարդալ, ընդ որում՝ կարդում էր ոչ միայն հայերեն, այլև անգլերեն և ռուսերեն։ Հիմնականում կարդում էր պատմական գրքեր, ուներ իր գրադարանը։

«Դպրոցը գերազանց ա ավարտել՝ կարմիր վկայականով, շատ նպատակասլաց էր, իր առջև որ մի նպատակ դնում էր, անպայման հասնում էր։ Ասում էր՝ մարդ պետք ա խելացի լինի, կրթված լինի»,- պատմում է Քրիստինեն։

Քրիստինեի օրն անցնում է ամեն վայրկյան որդու նկարի հետ զրուցելով, օրվա իրադարձությունների մասին պատմելով, ասում է՝ երբեք Արամի մասին անցյալով չեն խոսում, միշտ իր ներկայությունը զգում են․ 

«Ես ամեն օր, ամեն վայրկյան իր հետ զրուցում եմ, ինքը միշտ ներկա ա, ինքը միշտ կա։ Ես միշտ սպասում են իրան»։

Մոր խոսքով՝ ապրելու ուժ տալիս է հենց Արամը։

«Ինքը միշտ ինձ ասում էր՝ գլուխդ երբեք չկախես, մա՛մ ջան։ Ես հպարտ եմ, որ իրա նման տղա ունեմ, որովհետև ինքը երբեք առիթ չի տվել, որ մենք մեր գլուխը կախենք, ես հպարտ եմ Արամովս։ Ինքն ա ինձ ուժ տալիս, որ կարողանամ ապրել»,- ասում է մայրը։

Արամ Գույումջյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am