Այգեգործներն ահազանգում են, մասնագետները՝ հանգստացնում. 60-100% ցրտահարման դեպքեր, որ համայնքներն են ամենաշատը տուժել

Լուսանկարում հայկական գյուղերից մեկում ծիրանենին՝ ձյան տակ: @Էբբի Թրեյլեր-Սմիթդ

Անցած շաբաթվա եղանակային վատ պայմանների հետևանքով Հայաստանում գրանցվել են պտղատու ծառերի ցրտահարության դեպքեր, որոնք սակայն մասշտաբային բնույթ չեն կրում: 

Ծիրանենու, կեռասի (գիլաս), սալորենու և այլ պտղատեսակների ցրտահարության դեպքեր գրանցվել են հիմնականում Արարատի ու Արմավիրի մարզերում: Այս մարզերի այգետերերն ահազանգում են՝ ցրտահարության հետևանքով կորցրել են ամբողջ բերքը:

«Քաղցրաշենում բերքի սպանդ է, ամեն բան ցրտահարվել է: 100 ծիրանենի ունեմ, որոնցից գոնե մեկ ծառը չի փրկվել, ցրտահարվել է ամբողջությամբ: Գիլաս ընդհանրապես չի մնացել, եթե անցած տարի մոտավոր 600 կգ բերք ենք հավաքել, այս տարի 10 կիլո էլ չենք կարող հավաքել: Սալորենիներ էլ ունենք, դրանք ևս ցրտահարվել են: Ընդհանրապես, մեր համայնքում շատ վնասներ են կրել մարդիկ», -«Մեդիալաբին» ասում է Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակչուհի Տաթև Մանուկյանը: Նրա խոսքով՝ իրենց մարզի ևս մեկ համայնքում՝ Նարեկում, ցրտահարությունն աննախադեպ ծավալների է հասնում:

Մարզի Լանջազատ գյուղի բնակիչ Հովսեփ Հովսեփյանը ևս ասում է, որ գյուղում ծիրանենու 100% ցրտահարություն է գրանցվել:

«Միայն ծիրանենու ցրտահարության դեպքը չէ, գյուղում շատերի սալորենիները, դամբուլի ծառերը, ինչպես ծիրանենին, ցրտահարվել են 100 տոկոսով: Գիլասի 100 տոկոս ցրտահարություն ունենք»,- ասում է Լանջազատի բնակիչը:

Արմավիրի մարզի Այգեկ գյուղում ևս կեռասի 100% ցրտահարում է գրանցվել: Տիկին Գայանեն, որը զբաղվում է 5000 մետր այգու մշակմամբ, ասում է, որ անցած շաբաթվա ցուրտը հօդս է ցնդեցրել լավ բերք ստանալու բոլոր ակնկալիքները:

«Ցուրտը ամբողջ կարմիր գիլասը տարել է, ծիրանի՝ կեսը, կեսը կա, նուշն է շատ լավ մնացել: Հենց ծառերը ծաղկեցին, անձրև եկավ, մի քանի օր հետո էլ ցուրտը խփեց: Անցած շաբաթ դրսում 4 աստիճան ցուրտ էր, ծուխ էլ տվեցինք՝ չօգնեց»,-«Մեդիալաբին» ասում է Գայանե Բոյաջյանը:

Այգեկ գյուղի բնակչուհի Լյուդմիլա Պետրոսյանին էլ ոչ այնքան անհանգստացնում է իր այգում գրանցված ցրտահարությունը, որքան ոռոգման ջրի խնդիրը:

«Իմ այգում վնասվել է միայն ծիրանենու 60%-ը, մնացած ծառերը չեն վնասվել, որովհետև դեռ չէին հասցրել լավ ծաղկել, բայց մնացածի հետ էլ մեծ հույսեր չունեմ, որովհետև սեզոնին ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու, եղած պտուղն էլ դրա հետևանքով կփչանա: Ջրային տնտեսության պատասխանատվության տակ է գտնվում փչացած խողովակի վերանորոգումը, բայց չեն հետևում, չնայած բազմիցս դիմել ենք»,- «Մեդիալաբին» ասում է Լյուդմիլա Պետրոսյանը:

Տուժած գյուղացիներն օգնության որևէ ակնկալիք որևէ տեղից չունեն ու չեն էլ պատրաստվում ինչ-որ մեկին դիմելու: Ասում են՝ համոզված են, որ դիմելու դեպքում էլ օգնող ձեռք չեն տեսնելու, հետևաբար որոշել են բավարարվել նրանով, ինչ «Աստված տվել է»:

Հատվածային ընդգրկում ունեցող ցրտահարության այս դեպքերը լուրջ մտահոգությունների հիմք չեն համարում գյուղատնտեսության ոլորտի մասնագետներն ու խորհուրդ են տալիս չանհանգստանալ, թե այս տարի ծիրան չենք ունենալու:

«Դեռ վաղ է նման բան ասելը, թող նման պատասխանատու թվեր չհայտարարեն, մենք դեռ այդքան լուրջ խնդիր չենք տեսնում: Տեղային ցրտահարություն է եղել, հետևաբար չպետք է շտապել հետևություններ անելիս, պտղակալությունը կլինի՝ նոր կարող ենք ասել, որովհետև այդ ցրտահարության հետևանքները կտեսնենք, երբ փոքր-փոքր պտղակալած ցոկոլները կսկսեն թափվել, իսկ դրա համար 4-5 օր է հարկավոր»,-«Մեդիալաբին» ասում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը ևս, որն ունեցել է ծիրանենու և դեղձենու 100% ցրտահարության դեպք Արարատի մարզի Նիզամի գյուղում գտնվող իր այգում, լուրջ անհանգստության հիմքեր չի տեսնում, քանի որ համայնքների գերակշիռ մասում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել:

«Ջերմաստիճանի նվազման հետևանքով հարթավայրային առանձին հատվածներում, հատկապես գոգավորություններում, ցրտահարության հետևանքով կան համայնքներ, որտեղ ծիրանենին, ծաղկած դեղձենին ու այլ պտղատու ծառեր, որոնք ծաղկման կամ պտղագոյացման փուլում էին, ցրտահարվել են: Իհարկե սա չի կարելի ընդհանրացնել ամբողջ հարթավայրի վրա, որովհետև կան համայնքներ, որտեղ վնասներ եղել են, իսկ անմիջապես հարևան համայնքում ոչ մի դեպք չի գրանցվել: Հատվածային ընդգրկում է ունեցել, ու դա մասսայական ազդեցություն չի ունենա, բայց որ կան վնասներ՝ փաստ է»,- «Մեդիալաբին» ասում է գյուղատնտեսության նախկին նախարարը:

Հրաչ Բերբերյանն այգեգործներին հիշեցնում է, որ ծաղկած ծառերի ծաղիկների գույնի փոփոխությունը կարող է վկայել երկու բան. «Կա՛մ ծաղիկների թափվելու ժամանակն է, կա՛մ իրոք ցրտահարվել է: Դա ստուգելու համար բավական է բացել ծաղկի վարսանդը, եթե վարսանդը շագանակագույն է, նշանակում է այն իսկապես ցրտահարվել է»,- ասում է Բերբերյանը:

«Ագրարագյուղացիական միավորման» նախագահը վստահեցնում է, որ անկախ այս առանձին դեպքերից՝ հանրապետության մասշտաբով կլինի նորմալ բերք, ոչ ռեկորդային ցուցանիշներով, ու խորհուրդ է տալիս կառավարությանը մտածել արտահանման արդյունավետ ուղիներ մշակելու մասին:

Հավելենք, որ անցած տարի, պաշտոնական տվյալների համաձայն՝ ծիրանի արտահանումը կազմել է 21 հազար տոննա՝ նախորդ տարվա 19700 տոննայի դիմաց: Նույն տվյալների համաձայն՝ 2021-ին արտահանման կրկնակի աճ է գրանցվել ընդհանուր գյուղմթերքի պարագայում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am