Գումար ուսանողներին՝ ցույցերին մասնակցելու դիմա՞ց. բուհից պնդում են՝ քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest march in four different directions of Yerevan demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Այս օրերին համացանցում ակտիվորեն տարածվում է մի ձայնագրություն, որում հավանաբար ընդդիմության ներկայացուցիչները բարեխոսում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահի հետ՝ բողոքի ակցիաներին ուսանողներ ապահովելու համար:

Ըստ հրապարակված ձայնագրության՝ ուսխորհրդի նախագահին դասախոսներից մեկի միջոցով, որը ներկայացվում էր Էմմա Սարգսյան անունով, հորդորում են գումարի դիմաց բողոքի ակցիաներին ապահովել մեծ թվով ուսանողներ: Բարեխոսության արդյունքում ուսխորհրդի նախագահին առաջարկվում է 2000 ուսանողի դիմաց 2 մլն դրամ, այսինքն՝ մեկ ուսանողի համար 1000 դրամ:

Ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը «Մեդիալաբի» հարցին ի պատասխան հրաժարվեց մեկնաբանել ձայնագրությունը և դրանում իր մասնակցությունը՝ նշելով, որ այդ մասին հայտարարություն կտարածեն:

Համալսարանի լրատվության հետ կապերի բաժնի ղեկավար Սոս Ավետիսյանը «Մեդիալաբին» ասաց, որ Էմմա Սարգսյանը Ագրարային համալսարանում դասախոս չէ: «Նա մեր համալսարանի հետ ընդհանրապես կապ չունի: Սարգսյանը Ամերիկյան համալսարանի դասախոս է և միաժամանակ ժամավճարով ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի կրթական ծրագրերից մեկում էր դասախոսում»,- ներկայացրեց Ավետիսյանը:

Բուհի ներկայացուցչի խոսքով՝ իրենք համալսարանում գործով են զբաղված, և քաղաքականությունն իրենց չի հետաքրքրում. «Մենք, անկեղծ ասած, գործով ենք զբաղված, քաղաքականությունը մեզ չի հետաքրքրում: Նաև՝ ուսանողներին: Իսկ եթե ոմանց էլ հետաքրքրում է, նրանք ազատ են, կարող են մասնակցել, ոչ մի խոչընդոտ չկա: Բայց ասեմ ձեզ, որ մեր դասերը վերջին շրջանում երբևէ չեն խաթարվել»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am