«Ասում էր՝ բոլորին հերթագրի, բանակից գամ, ատամները սարքեմ». ատամնաբույժ դառնալու երազանքով՝ Արիության մեդալ՝ հետմահու

43-ամյա Օֆելյա Հարությունյանը հուզմունքով է հիշում որդու խոսքը, որը հաճախ էր մորը կատակով ասում՝ բոլորին հերթագրի, բանակից գամ, ատամները սարքեմ։

Օֆելյայի որդին՝ 19-ամյա Արշալույս Խուգոյանը երազում էր ատամնաբույժ դառնալ: Չհասցրեց՝ հուզվում է մայրը։ 

Արշալույսը որոշել էր բանակում ծառայությունն ավարտելուց հետո այդ ուղղությամբ մասնագիտանալ։ «Ասում էր՝ էլ ի՛նչ տղամարդ, որ չծառայի, առաջնահերթ ծառայությունն ա, հետո կգամ կշարունակեմ»։

Արշալույսը մինչև բանակ գնալն էլ արդեն սիրած մասնագիտությամբ զբաղվելու համար քայլեր կատարել, 9-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել էր «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջի ատամնատեխնիկական գործ բաժինը, ավարտել և այնուհետև ընդունվել էր «Հայբուսակի» ստոմատոլոգիայի բաժինը ու մեկնել ծառայության․ «Գնաց ու չեկավ, կիսատ մնացին էրեխուս բոլոր նպատակները»,- հուզմունքով հավելում է մայրը։

Արշալույս Խուգոյանի ժամկետային ծառայության անցնելու ժամանակահատվածը համընկնում է 44-օրյա պատերազմի հետ։ Արշալույսն առաջին իսկ օրը առաջնագծում է լինում, հակառակորդի դեմ թեժ պայքար մղում Թալիշում։

19-ամյա Արշալույսը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ երեկոյան, անօդաչու թռչող սարքի հարվածից։

Մայրը հիշում է․ «Ամսի 27-ին կապ չկար, հրամանատարի հետ կապ հաստատեցինք, դեպքն արդեն եղել էր, բայց հրամանատարը խաբեց, ասեց՝ արխային մնացեք, իրան ոչ մի բան էլ չի լինի, հետո պարզվեց՝ էրեխեն արդեն չկար, զոհվել էր»,- ցավով ասում է մայրը։

Որդեկորույս մայրն ասում է՝ սեպտեմբերի 27-ից կյանքը շրջվեց, դարձավ աննպատակ։ Օֆելյայի որդին իրենց՝ Գավառի Նորատուս գյուղի առաջին զոհն էր, այնուհետև գյուղը ևս 5 զոհ է տվել պատերազմի ընթացքում։ Բոլոր տղաները հուղարկավորված են Նորատուս գյուղում։

Օֆելյան ասում է՝ որդու հետ շատ կապված էին, որդին բարի էր, փորձում էր բոլորին օգնել ու ոչ մեկին անհանգստություն չպատճառել․ «Ինքը ուսանող ժամանակ էլ գաղտնի աշխատում էր, որ հանկարծ մեզ նեղություն չտար, հացի փռում բանվորություն էր անում, առավոտն էլ գնում էր դասի»,- պատմում է մայրը։

Օֆելյան ասում է՝ որդու երազանքներից էր Երևանում տուն գնել՝ Կոմիտասի պողոտայում, ցանկանում էր հենց այդտեղ էլ ատամնաբուժարան բացել․ «Ասում էր՝ հենց ավարտեմ, Կոմիտասում տուն պիտի առնեմ, բոլորիդ բերեմ քաղաք»։

Օֆելյան ասում է՝ այժմ միայն որդու նկարներով ու նրա մասին հուշերով են ապրում, ասում է՝ հաճախ է որդու նկարի հետ զրուցում, օրվա մասին պատմում, նշում, որ կարոտում է։ Օֆելյան ասում է՝ ականջից դուրս չի գալիս որդու բառերը, որը միշտ իրեն դիմում էր՝ մամեսնյակ։ «Զանգում էր, առաջին բառը՝ ո՞նց ես, մամեսնա՛կ»,- հիշում է ու հուզվում մայրը։

Արշալույս Խուգոյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Արիության մեդալը շնորհվում է հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության, ազգային անվտանգության գործում, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարման, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Արփինե Արզումանյան

MediaLab.am