«Երևանը դարձել է անճաշակության մարմնավորում». Օհան Դուրյանի հուշակոթողի տեսքը և վայրը՝ դժգոհությունների առիթ

Երևանի ավագանու անդամները երեկ երեկոյան իրենց էլեկտրոնային հասցեներին Կառավարությունից նամակ են ստացել՝ հաստատել Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքում հայ հայտնի դիրիժոր Օհան Դուրյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը կանգնեցնելու մասին նախագիծը: Օհան Դուրյանի 100-ամյակի կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովը Երևանի ավագանուն առաջարկել է նախագիծը հաստատել հրատապ կարգով:

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասում է՝ նախագիծը հրատապ կարգով պետք է քննարկվի համապատասխան հանձնաժողովի նիստում, այնուհետև հունիսի 21-ին քվեարկության դրվի Երևանի ավագանու նիստում: «Իմ տպավորությամբ՝ Երևանի ավագանին հակված է հաստատելու այս նախագիծը»,-«Մեդիալաբին» ասում է Աբգարյանը:

Վերջինը, նկատենք, Երևանի ավագանու անկախ անդամ է. նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ պաշտոնից հեռանալուց հետո նա դուրս եկավ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից: Աբգարյանը դեռ տեղյակ չէ՝ ով է Դուրյանի հուշարձանի հեղինակը: 

Նա հուշարձանի նախագծի լուսանկարները հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում և հետաքրքրվել՝ ով ինչ կարծիք ունի: Արձագանքները, մեղմ ասած, բացասական են: «Հուսով եմ՝ ավագանին չի հաստատի»,- արձագանքել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը: Օգտատերերի մեծ մասը նկատել է, որ «սարսափելի, վախենալու, տգեղ» արձան է, ոմանք էլ ընդգծել են, որ չպետք է խախտել Օպերայի բակում տեղադրված Հ. Թումանյանի և Ալ. Սպենդիարյանի հուշարձանների անսամբլը: 

«Երևանի ավագանուն կառավարական հանձնաժողովը չի առաջարկում քննարկել արձանի էսթետիկական կողմը, դա ավագանու գործը չէ: Ավագանին պետք է քննարկի՝ արդյոք թո՞ւյլ է տալիս այդ վայրում տեղադրել, թե՞ ոչ: Վայրը, իմ կարծիքով, սխալ է ընտրված. երբ սրճարանները հեռացվեցին Օպերայի հրապարակից, մենք հայտարարեցինք, որ նոր կոնցեպտ է լինելու, հրապարակը բարեկարգվելու է, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել: Այսինքն՝ չկա հրապարակի նախագիծը, այդ հատվածում բարձիթողի վիճակ է, ու հանկարծ ստանում ենք նման առաջարկ: Ես դեմ եմ և կարծում եմ՝ արդեն իսկ կա երկու արձան այդ տարածքում, և այդ ոճի այս արձանն ավելի շատ կսազեր, օրինակ՝ Առնո Բաբաջանյանի հուշարձանի մոտ»,- նշում է Իզաբելլա Աբգարյանը:

Կառավարության նման վարքագիծը՝ վերջին պահին առանց մասնագիտական քննարկում անցած նախագծերը հրատապ կարգով հաստատման ներկայացնելը, Աբգարյանն անընդունելի է համարում: «Աբսուրդ է, քանի որ նման բանը չի կարող վերջին պահին քաղաքի համար անհրաժեշտություն համարվել: Դա պետք էր նախօրոք անել, քննարկել, հավանաբար որոշել են հիմա ներկայացնել, քանի որ ավագանին արձակուրդ է գնալու, որ էլ չսպասեն»,- ասում է նա:

Երևանի ավագանու անդամի խոսքով՝ Երևանում ոչ միայն արձաններն են հանպատրաստից, րոպեական որոշմամբ տեղադրվում, այլ նաև՝ շենքերը. «Շենքի թույլտվություն է տրվում, ասում են՝ այս տեղում հարմար է, բայց չեն նայում ընդհանուր ճարտարապետական տեսքը: Ի հետևանք՝ քաղաքը դարձել է անճաշակության մարմնավորում: Ցավով եմ սա ասում»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am