«Սա ոչ թե հեղափոխություն էր, այլ հեղափոխություն է և շարունակվելու է այնքան, քանի դեռ չի ավարտվել իշխանության մարմինների ձևավորումը». քաղաքագետ

«Սա ոչ թե հեղափոխություն էր, այլ հեղափոխություն է և շարունակվելու է այնքան, քանի դեռ չի ավարտվել իշխանության մարմինների ձևավորումը». քաղաքագետ
«Սա ոչ թե հեղափոխություն էր, այլ հեղափոխություն է և շարունակվելու է այնքան, քանի դեռ չի ավարտվել իշխանության մարմինների ձևավորումը». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:

– Պարո՛ն Մեհրաբյան, ի՞նչ փուլ են մտնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները: Վերջին օրերին կարծես սաբոտաժային երևույթների ականատես եղանք, սպասելի՞ գործընթաց է սա:

– Ինձ բազմիցս հարցրել են՝ սա հեղափոխությո՞ւն էր, թե՞ ոչ: Ես պատասխանում եմ՝ սա ոչ թե հեղափոխություն էր, այլ հեղափոխություն է: Այն շարունակվում է և շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ամբողջությամբ չենք ավարտել իշխանության մարմինների ձևավորումը, այդ թվում՝ օրենսդիր իշխանության: Խոսքն արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին է:

Դրանով նոր միայն մենք կարող ենք համարել, որ Հայաստանում այս հեղափոխական ճգնաժամն ավարտվեց: Այո, այսօր քաղաքական ճգնաժամ է, որը նաև բարդացած է օրենսդրական կազուսներով: Իսկ մինչև ընտրությունները սա գործընթաց է, որը դեռ շարունակվում է:

– Ի՞նչ իշխանություն ունենք այսօր, այն կարելի՞ է երկբևեռ համարել, եթե հաշվի ենք առնում, որ դատախազությունը, Սահմանադրական դատարանը, այլ կարևոր կառույցներ ղեկավարվում են ՀՀԿ վստահությունը վայելող անձանց կողմից, բայց կառավարությունը ձևավորել է Նիկոլ Փաշինյանը:

– Սա երկբևեռ չեմ անվանի: Մենք ունենք ընդամենը երեք օրական կամ մեկ շաբաթական կառավարություն, և մարդկանցից մի քանի օրվա ընթացքում պահանջել բոլոր խնդիրների լուծումը, կարծում եմ, արդար չէ: Մենք օրեցօր տեսնում ենք իրավիճակի փոփոխություն: Այո՛, մինչև երեկ մենք ունեինք նախկին իշխանություններից մնացած հարկային ու մաքսային ծառայության ղեկավար:

Այսօր արդեն չունենք: Վաղը մենք այլ բան չենք ունենա, մյուս օրը՝ այլ: Այսինքն՝ սա հնարավոր չէ համարել երկբևեռ իշխանություն: Իշխանությունը կա և մնում է միաբևեռ, բայց բավական բազմաշերտ ու բազմատարր: Եվ մենք նաև տեսնում ենք հստակ ուղղված գործընթաց, որը տանում է իշխանության կոնսոլիդացման: Եվ կարծում եմ՝ դա նոր-նոր է սկսվել, որոշ ժամանակ անց կհասնի իր տրամաբանական հանգրվանին:

– Սպասելի՞ գործընթաց էր, որ հասարակությունը խմբերով գնում է վարչապետի նստավայր՝ բողոքի ակցիաների: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ օրում ստանում են այնքան դիմում-բողոք, որքան նախկինում մեկ ամսում է ստացվել:

– Հանրությունը պահանջում է բոլոր հարցերի լուծում, որոք կուտակվել են այս 20 տարիների ընթացքում: Դա նորմալ է, բայց նորմալ չէ, երբ մարդիկ դրանց լուծումը պահանջում են ամբողջությամբ և հիմա: Այդպես չի լինում: Ես կարծում եմ, որ այս տրամադրությունը դեռ որոշ ժամանակ էլ կպահպանվի, բայց մենք տեսնում ենք նաև, որ իշխանությունը ձևավորում է հետադարձ կապի իրական մեխանիզմներ, որոնք թույլ կտան այդ ամբողջ դիմումներն ու բողոքները ոչ վթարային խողովակներով ուղղակի հասցնել իշխանությանը: Ի վերջո չմոռանանք, որ մենք 20 տարի ունեցել ենք իշխանություն, որը եղել է պարսպի հետևում, ճաղերի հետևում, ժողովրդի հետ շփվել է մահակով, ցինիզմով, արհամարհել է մարդկանց բողոքները: Եվ բնական էր, որ պայթյուն հիշեցնող այս ալիքը, որը եկել է ու հասել է կառավարության դուռը, պետք է լիներ:

Ընդ որում, մարդիկ անգամ ամենափոքր հարցերով դիմում են անձամբ վարչապետին, բայց գուցե այդ հարցը կարող էր լուծել տեղական ինքնակառավարման մարմինը, հետո նոր պետք էր հասնել նախարարին կամ ավելի վերևներ: Ես կարծում եմ, որ հետադարձ կապի մեխանիզմների ձևավորմանը զուգընթաց այս ալիքը նաև կմարի, որովհետև մարդիկ կտեսնեն, որ եթե կա խնդիր, որը պետք է լուծել, ապա պետք չէ փոքր թղթի վրա մի բան գրել ու գալ կանգնել հրապարակում, սպասել, թե նախարարը երբ կմտնի կառավարության նիստի, որ թուղթը դնեն գրպանը կամ տան ձեռքը:

Երկրորդ՝ կարիք էլ չի լինի հաստատ այդ ամենին հասնել ցույցով, փողոց փակելով: Այսինքն՝ այս ալիքը ես համարում եմ օրինաչափ, բայց նաև օրինաչափ է, որ այս ալիքը որոշ ժամանակ անց կմարի հետադարձ կապի մեխանիզմների ձևավորմանը զուգընթաց:

– Այս կառավարության հիմնական խնդիրը արտահերթ ընտրություններ անցկացնելն է: Ձեր կարծիքով՝ երբ պետք է անցկացվեն այդ ընտրությունները:

– Ընտրությունները պետք է անցկացվեն հնարավորինս շուտ՝ ողջամիտ ժամկետներում: Հասկանալի է, որ խոսքը հենց վաղվա մասին չէ, դա իրատեսական չէ, մեկ ամիսը նույնպես իրատեսական ժամկետ չէ: Նախքան ընտրությունները պետք են նորամուծություններ, որոնք կփակեն այն սողանցքները, որոնք եղել են, դրանք են՝ վարչական, ֆինանսական ռեսուրսի օգտագործումը: Բացի դրանից, մենք ձևավորելով խորհրդարանական կառավարման համակարգ, պետք է հասկանանք մի բան, որ ներկայիս հայաստանյան կուսակցությունները ադեկվատ չեն այդ համակարգին:

Այսինքն՝ ժամանակ է պետք, որ այդ կուսակցությունները վերախմբավորվեն, ադապտացվեն այդ իրավիճակին և նախապատրաստվեն ընտրություններին: Նաև քաղաքական դաշտը պետք է մաքրվի, այսինքն՝ եթե կա կուսակցություն, որը չի մասնակցում ընտրություններին, ապա այդ ընտրություններից հետո նա այլևս չպետք է գոյություն ունենա: Երկրորդ՝ դաշինքների ձևավորման եղանակը պետք է հստակեցվի, այդ դաշինքները պետք է ձևավորվեն նախքա՞ն ընտրությունները, թե՞ արդեն պառլամենտում:

Այս ամենը քննարկման և օրենսդրորեն ամրագրման խնդիր ունի: Եվ ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նախանշված ժամկետը, որ արտահերթ ընտրությունները կարող են լինել նաև այս տարի, իրատեսական է: Այս տարի ասելով՝ ես նկատի ունեմ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսները:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am