«Ազգային-ազատագրական բուդը» և կին քաղաքական գործիչները. Մարգարիտ Եսայանն ու Նաիրա Զոհրաբյանն` Ամանորի տոներին ընդառաջ

«Ազգային-ազատագրական բուդը» և կին քաղաքական գործիչները. Մարգարիտ Եսայանն ու Նաիրա Զոհրաբյանն` Ամանորի տոներին ընդառաջ
«Ազգային-ազատագրական բուդը» և կին քաղաքական գործիչները. Մարգարիտ Եսայանն ու Նաիրա Զոհրաբյանն` Ամանորի տոներին ընդառաջ

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը այս տարի առաջին անգամ Նոր տարին կանցկացնի Եվրոպայում` տղայի և ամուսնու հետ:
«Միշտ Հայաստանում ենք եղել` Դիլիջանում, Ծաղկաձորում, բայց այս տարի որոշեցինք մեկնել Չեխիա` Պրահա: Բայց մինչև մեր մեկնելը, տարվա վերջին կհավաքվենք մեր տանը` աղջիկներս իրենց ընտանիքներով, հայրս, քույրս, ու բոլորս միասին կճանապարհենք հին տարին, հետո նորից կհավաքվենք Սուրբ Ծննդյան տոներին, երբ վերադարձած կլինենք: Ընդամենը վեց օրով ենք գնում»,- ասում է Եսայանը:
Պատմում է, որ միշտ էլ ամանորյա տոնական սեղանը միայնակ է պատրաստել:

«Հայտնի բուդը, հնդկահավը, բլինչիկները, թփով տոլման… Երբ աղջիկներս դեռ ամուսնացած չէին, ինձ օգնում էին, ու հիշում եմ` այդ օրերի խոհանոցային բույրերը ու հաճելի թափթփվածությունը»,- ասում է Մարգարիտ Եսայանը:

Նշում է, որ առանձնահատուկ կերակրատեսակ չունի, պատրաստում է այն, ինչ բոլորը, սակայն մի հետաքրքիր սովորույթ ունի, որը իրեն է փոխանցվել մորից: Տոնական սեղանին միշտ աղանձ է ունենում է` ձավարից ու կանեփից, որպես կանոն` կանեփը ավելի շատ:

«Մեր հյուրերն արդեն գիտեն, ու եթե հանկարծ աղանձը սեղանի մի անկյունում է լինում, որ լավ չի երևում, միանգամից ասում են. «Բա աղանձն ո՞ւր է»: Նրանք բոլորը համամիտ են այն հարցում, որ իմ աղանձը ամենալավն է: Մենք ընտանիքով նաև մի սովորույթ ունենք. 31-ին սեղան ենք նստում երեկոյան ժամը յոթին, լավ ընթրում ենք ու ճանապարհում հին տարին: Իսկ արդեն ժամը 12-ին, երբ ղողանջում են տոնական զանգերը, ամուսինս բացում է ավանդական շամպայնը ու դիմավորում ենք Նոր Տարին, այսպես ասած` արդեն դեսերտի սեղանի շուրջը»,- ասում է հանրապետական պատգամավորը:

Եսայանը կարծում է, որ 2013-ին բազմաթիվ մաղթանքներ կհնչեն, բայց մի հարցում համակարծիք է` խաղաղություն լինի Հայաստանում, Արցախում, ողջ տարածաշրջանում:

«Խաղաղության դեպքում մյուս մարտահրավերներն ավելի հեշտ լուծելի են: Սահմաններն այնքան խաղաղ լինեն, որ այլևս մեր զինվորները դիպուկահարի կրակոցից չզոհվեն: Անտունները տուն ունենան, բարձր աշխատավարձ լինի, արժանապատիվ աշխատանք, հայ մարդը խնդիր չունենա ու գոհ լինի իր կյանքից: Ներդաշնակ լինենք ինքներս մեզ հետ, մեր հոգու հետ, այդ դեպքում արտաքին աշխարհում ավելի քիչ խնդիրներ կունենանք»,- ասում է նա:

2012-ի ձեռքբերումներից է համարում լավ անցկացված խորհրդարանական ընտրությունները, ինչը դրական գնահատեցին եվրոպական կառույցները:

«Ձեռքբերում է այն, որ այսօր մեր հասարակությունն իր խնդիրների լուծումը չի տեսնում փողոցում, այլ ներքաղաքական երկխոսություններում: Այսօր ԱԺ ամբիոնից խնդիրները բարձրաձայնում են ընդդիմադիր պատգամավորները, մենք ունենք լուրջ բանավեճ և քաղաքական երկխոսություն: Իշխանությունը փորձում է հանդուրժողականության մթնոլորտը տարածել ու ամրացնել, ընդդիմությունը լուրջ հարցեր է բարձրացնում: Ես դրանք համարում եմ ձեռքբերումներ: Մարդը պետք է կարողանա տեսնել այդ փոքրիկ, լավ բաները, հակառակ դեպքում մեծերը երբեք չի տեսնի»,- ասում է նա:

Նաիրա Զոհրաբյանը

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ինչպես միշտ այս տարի Ամանորը նույնպես անցկացնելու է ընտանեկան հարկի տակ:

«Դա մեր ընտանիքում սկզբունք է: Այդպիսի տարի չի եղել, որ բացակայենք»,- ասում է նա:

Զոհրաբյանը խոստովանում է, որ եթե ամբողջ տարին խոհանոցում պասիվ է լինում, ապա Ամանորին պարտադիր ակտիվ է:

«Որովհետև եթե թողնեմ իմ մայրիկին, դա կլինի խիստ կալորիականությամբ հագեցած սնունդ, իսկ ես աշխատում եմ, որ մեր տոնական սեղանը չզարդարի «ազգային-ազատագրական բուդը»: Փոխարենը պատրաստում եմ տավարի անյուղ բուդը (ֆիլեն) սև սալորաչրով և համեմունքներով, ինչն ավելի օգտակար է մեր օրգանիզմին: Ինձ համար ամենահակաէսթետիկ տեսարանն այն է, երբ կանայք ուտում են այդ յուղոտ ազգային բդերը»,- ասում է նա:

Նաիրա Զոհրաբյանն առաջնությունը տալիս է առողջության համար հատկապես օգտակար սննդամթերքին: Պատրաստում է արքայախնձորով ու ավոկադոյով աղցաններ, որոնք օգտակար են հատկապես կնոջ մաշկի համար: Պարտադիր պատրաստում է ձուկ, զերծ չի կարողանում մնալ միայն «ազգային, ավանդական բլինչիկից»:

Մեկ ցանկություն ունի, որ 2013-ին մարդիկ Հայաստանից ոչ թե փախչեն, այլ վերադառնան, որպեսզի կարողանան բարձրաձայնել, որ ազատ երկրի քաղաքացիներ են, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ օրենքից վեր մարդիկ չկան: 2012-ի ձեռքբերումներից է համարում միայն արտաքին քաղաքականության հարթակի հավասարակշված իրավիճակը:

Շարունակելի

© Medialab.am