«Կարող ա մի լույս բացվի, տեսնենք». Ստեփանակերտում շինարարական բում է, կառուցվում են բնակելի շենքեր, հիմնվում թաղամասեր. լուսանկարներ

65-ամյա Լյուսյա Սարգսյանը երկարամյա հմուտ կռունկավար է: Պատերազմից հետո Ստեփանակերտի նոր հիմնվող թաղամասում բնակելի համալիրի կառուցապատման մեջ պատասխանատու աշխատանքներից մեկն իրենն է. ամբարձիչ կռունկի սլաքը հմտորեն այսուայն կողմ է տանում՝ տեղափոխելով մեծածավալ պանելները:

Կռունկի հետ վարվելու գործին տիրապետում է ռուսաստանցի իր «մաստերի» շնորհիվ. «Ասեց՝ արի սովորի, դե ես էլ գնացի»: Բարձրությունից վախ չունի: Ասում է՝ «Որ վախեմ, չեմ կարա աշխատիմ: Ես իմ պրոֆեսիան շատ եմ սիրում»:

Լյուսյա Սարգսյանը որդու և դստեր հետ Ստեփանակերտում վարձով է ապրում իր հարազատ Շուշին կորցնելուց հետո: Այժմ պետությունը վճարում է վարձակալության գումարը, մինչև շուշեցի կինը Ստեփանակերտում բնակարան կունենա: Հարազատ տան ու սիրելի բնակավայրի ծանր կորստից հետո 65-ամյա կնոջը մխիթարում է մի բան՝ այնտեղ, որտեղ ինքը հիմա աշխատում է, կստանա նոր բնակարան: «Կարող ա մի լույս բացվի, տեսնենք»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Ստեփանակերտում այս օրերին շինարարական բում է: Քաղաքի տարբեր հատվածներում բնակելի շենքերի շինարարության վրա նույնիսկ աշխատողների պակաս կա: Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանն ասում է՝ հատկապես Փառուխի դեպքերից հետո Հայաստանից Արցախ եկած բանվորները անվտանգության խնդիրներից ելնելով գնացել են ու հետ չեն եկել:

«Մարդիկ այդ դեպքից հետո թողել գնացել են ու այլևս հետ չեն եկել: Շինարարական կազմակերպությունները կապվել են բոլորի հետ, և մարդկանց զգալի մասը, անվտանգային խնդիրներից ելնելով, հրաժարվել է շարունակել աշխատել շինարարության վրա»,- «Մեդիալաբին» ասում է նախարար Արամ Սարգսյանը:

Չնայած խնդիրներին՝ 44-օրյա պատերազմից հետո Արցախի վերահսկողության տակ մնացած տարածքներում սկսվել ու այժմ էլ շարունակվում են ավելի քան 3700 բնակելի տների կառուցման աշխատանքները: Դրանք նախատեսված են հիմնականում տեղահանված, զոհված, անհայտ կորած և այլ սոցիալական խմբերի պատկանող արցախցիների համար:

Նոր կառուցվող 3700 տներից 1065-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով են կառուցվում: Դրանցից 300-ը 2021 թվականի վերջին արդեն շահագործման են հանձնվել, մնացած 765-ը շահագործման կհանձնվեն մինչև 2023 թվականի ավարտը:

Բացի «Հայաստան» հիմնադրամի միջոցներից, Արցախում բնակարանաշինության գործում խոշոր ներդրումներ են անում նաև Հայաստանի ու Արցախի կառավարությունները:

Բնակելի շենքերը Արցախում կառուցվում են ապաստարաններով, որոնք համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին՝ ունեն ջրի պահեստավորման համար հսկայական տարաներ, լոգասենյակ, զուգարան ու քնելու համար համապատասխան սենյակներ:

«Պատերազմի ժամանակ նորմալ պայմաններով ապաստարանների կարիքը շատ ունեինք»,- ասում է շինարարական խմբի բրիգադիրը:

Շինարարական ակտիվ եռուզեռ էր նաև Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում, որին շինարարները պայմանական անվանում են ընտրել՝ Հադրութ: Այստեղ կառուցվող 240 բնակարանները հենց Հադրութ քաղաքի բնակիչների համար են:

Շինհրապարակի կազմակերպիչն ասում է՝ այս թաղամասում ընդհանուր 14 շենք է լինելու, յուրաքանչյուրը՝ քառահարկ, իսկ մեկը՝ նկուղային: Թաղամասը բարեկարգվելու է, ունենալու է կանաչ տարածքներ, մարզադաշտ, ինչպես նաև երեխաների համար խաղահրապարակ և զրուցարաններ:

Այստեղ շինարարությունը սկսել են 2021-ի սեպտեմբերի 23-ից և նախատեսում են ավարտել 2023-ի սեպտեմբերին: Բնակարանները բնակիչներին տրամադրում են կահավորված:

Իվանյան համայնքում հաջորդ շինհրապարակն է, որտեղ 180 բնակարանները «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվում են Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչների համար: Բնակարանները կհանձնվեն մինչև այս տարվա վերջ: Բնակելի շենքերից մեկի շինարարությունը շուտով կավարտվի, արտաքին երեսպատումն արվել է, մնում է ներքին հարդարման աշխատանքներն ավարտեն: 36-ամյա Դավիթ Ստեփանյանը, որի բնակարանը հենց այդ շենքում է, անհամբեր է, ասում է՝ հաճախ է այցելում, շինարարից հետաքրքրվում աշխատանքների ընթացքով: «Սպասում ենք, ինչ արած»,- ասում է նա:

Իվանյան համայնքը, նկատենք, գտնվում է Կարկառ և Պատարա գետերի հատման շրջակայքում, Պատարա գետի աջ և ձախ ափերին՝ Ասկերան քաղաքից 6 կմ հեռավորության վրա:

Այս համայնքում մյուս մեծամասշտաբ ծրագիրը, որը նույնպես հիմնադրամն է ֆինանսավորում, Հադրութի Ուխտասար համայնքի բնակիչների համար է: Իվանյան համայնքում 107 բնակելի տներով թաղամաս է կառուցվում: Բնակիչներին հանձնվելիք բոլոր տները նախատեսված են՝ պետք է ունենան 1200 քմ տարածք, որն ընդգրկելու է նաև հողատարածք՝ տնտեսական գործունեություն ծավալելու համար: Բնակելի թաղամասից քիչ հեռու մանկապարտեզն են ու դպրոցը: Մինչև դպրոցը ծրագրվել է վերգետնյա անցում կառուցել:

44-օրյա պատերազմից հետո, ընդհանուր առմամբ, 7000-9000 ընտանիքի համար բնակելի նոր տուն է անհրաժեշտ՝ տեղահանվածների, զոհվածների հարազատների բնակարանային կարիքները լուծելու համար: Այսօր փաստացի բնակարանով ապահովվել է 1000 ընտանիք, ևս 3700-ը մինչև 2023-ի վերջ բնակարան կունենան: «Ինչ վերաբերում է մյուսներին, ապա ունենք պատրաստի նախագծեր և առաջիկա ծրագրերում նույնպես շարունակելու ենք բնակարանաշինության ծրագիրը առաջ տանել»,- ասում է Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Բացի բնակարանաշինությունից, նախարարն ասում է՝ վերանորոգում են նաև հրետակոծությունից տուժած բնակելի տարածքները. օրինակ՝ 2021 թվականին ընդհանուր առմամբ վերանորոգել են 2800 տուն, որի գերակշիռ մասը՝ Մարտունիում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am