«Եթե մի րոպե մտածեմ, որ ինքը Եռաբլուրում ա, կխելագարվեմ, մինչ հիմա էլ սպասում եմ, որ կգա»․ որդեկորույս մայր

41-ամյա Լուսինե Խալաթյանը հուզմունքով ասում է, որ երբեք չի համակերպվի այն մտքի հետ, որ որդին զոհվել է, ասում է՝ որդու հետ միայն ներկայով է խոսում ու հավատում, որ մի օր որդին տուն է գալու։

«Եթե մի րոպե մտածեմ, որ ինքը Եռաբլուրում ա, ես կխելագարվեմ։ Մինչ հիմա էլ սպասում եմ, որ կգա։ Հուլիսի 13-ին արդեն պետք է բանակից հետ գար»,- հուզմունքը կոկորդում խեղդելով ասում է մայրը։

Լուսինեի որդին՝ 18-ամյա Էդգար Սազբանդյանը, 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվել է պատերազմը։ Մայրն ասում է՝ Էդգարը ծառայել է Հոկտեմբերյանում, պատերազմի ժամանակ տեղափոխվել է Կուբաթլու։

Որդու հետ վերջին կապը եղել է հոկտեմբերի 20-ին, Էդգարն ասել է՝ կարող է մի քանի օր չզանգի՝ հեռախոսի լիցքավորում չունենալու պատճառով։ Այդ օրվանից ընտանիքի անդամները որևէ զանգ չեն ստացել Էդգարից։

«Մի քանի օր լուր չստացանք, հետո պատահական մեկը տեսել էր, ասել էր՝ երեխուն վիրավոր տեղափոխել են հոսպիտալ։ Հետո տարբեր բաներ էին ասում՝ վիրավոր ա թևից, գլխից։ Որտեղ ասես, որ չփնտրեցինք, ման էինք գալիս, չէինք գտնում։ Որ չէր զանգում, արդեն մտածում էինք՝ կամ գերի ա, կամ վիրավոր ա, կամ անգիտակից ա։ Դեկտեմբերի 18-ին հաստատվեց ԴՆԹ-ով․․․»- հուզմունքով ասում է մայրը։ 

Էդգարը գնդացրորդ էր, մոր խոսքով՝ որդին պատերազմի ժամանակ 8 մարտական հաշվարկ է վնասազերծել։ 

Էդգար Սազբանդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Էդգարը տարբեր հետաքրքրություններ ուներ, սիրում էր երաժշտություն, խոհարարություն և զինվորական գործը:

7 տարի սովորել է «Հայոց արծիվներ» դհոլահարների համույթում, կարմիր դիպլոմով ավարտել։ Այնուհետև արհեստագործական համար 9 ուսումնարանում խոհարարություն է սովորել։ Մայրն ասում է՝ որդին նպատակ ուներ նաև զինվորական ուղիով գնալու, բայց ծնողների հորդորով՝ հետ է կանգնել որոշումից։ 

Էդգարը սովորելուն զուգահեռ նաև աշխատել է։

«Ինքը փոքր հասակից՝ 12 տարեկանից սկսել ա աշխատել, շատ ճարպիկ էր, մի օր զանգեց, ասեց՝ մի քիչ ուշ տուն կգամ, ասեց՝ գործի եմ գնում, ջղայնացա, ասեցի՝ տարիքիդ նայե՞լ ես, ասում էր՝ պիտի աշխատեմ։ Սուպերմարկետում էր աշխատում, օգնական էր։ Հետո արդեն ռեստորանում էր աշխատում՝ որպես խոհարարի օգնական, խոհարար, զուգահեռ դհոլ էր նվագում, խումբ ուներ»,- պատմում է մայրը։ 

Մոր խոսքով՝ որդին ցանկանում էր բանակից գալ, դհոլի խումբը մեծացնել, այդ գործով զբաղվել․ «Մենք նոր բնակարան էինք գնել, ինքն ասում էր՝ գնամ բանակ գամ, երկրորդ հարկը սարքենք, խումբս էդտեղ տեղափոխեմ։ Շատ երազանքներ ունեինք, ամեն ինչ կիսատ մնաց»,- ասում է ու հուզվում մայրը։

Մայրը կարոտով ու երանությամբ է հիշում այն օրը, երբ զույգ աղջիկների ծննդյան օրը որդին անպայման ուզել է հիշվող անակնկալ անել․

«Մենք նոր էինք եկել մեր նոր տուն, ասեց՝ մամա՛, ի՞նչ անակնկալ անեմ, որ ամբողջ կյանքում հիշեն: Ժամը 12-ին ասեց՝ մամա՛, ես պատուհանից ներս կմտնեմ։ Պատուհանը բացվեց ու մտավ, տորթով ու շամպայնով քույրերին շնորհավորեց»։

Էդգար Սազբանդյանը քույրերի հետ։ Լուսանկարը՝ ընտանեկան արխիվից։

Լուսինեն ասում է՝ մինչև այսօր էլ չի պատկերացնում, որ նման ողբերգական դեպք է պատահել իրենց ընտանիքի հետ․ 

«Չեմ մտածել ու պատկերացրել, որ նման բան կարող է լինել։ 

Միշտ երազիս գալիս ա ու ասում՝ մամա՛, ես կամ… Ես հավատում եմ ու սպասում, որ կգա»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am