Սարգսյանն ընդդեմ Սարգսյանի. «մրցակցային» նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը

Սարգսյանն ընդդեմ Սարգսյանի. «մրցակցային» նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը
Սարգսյանն ընդդեմ Սարգսյանի. «մրցակցային» նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկը

Հացադուլով, նախընտրական երգի հոլովակով, ընտրողների հետ հանդիպումներով այսօր Հայաստանում մեկնարկեց նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև փետրվարի 16-ը:
Ըստ ժամանակացույցի` փետրվարի 17-ին «լռության օր» կլինի, իսկ փետրվարի 18-ին Հայաստանում կանցկացվեն նախագահի ընտրությունները:
Նախագահի պաշտոնի համար պայքարում է 8 թեկնածու` գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԱԻՄ-ի առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, «Ռադիո հայի» տնօրեն Անդրիաս Ղուկասյանը և «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը:
Թեև երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը «մրցակցային» ընտրություններ էր խոստացել, այնուամենայնիվ, այսօր պաշտոնապես մեկնարկած քարոզարշավի առաջին օրը քաղաքագետներն արդեն իսկ անհավասար ընտրապայքար են կանխատեսում:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ այդպես էլ չձևավորվեց այն ազդեցիկ բևեռը, որը կկարողանար այլընտրանք լինել գործող նախագահին: Արդյունքում, ըստ քաղաքագետի, գործող նախագահն ունի հսկայական առավելություն մյուս թեկնածուների համեմատ:

Նրա խոսքով` ընտրարշավի հենց առաջին օրվանից արդեն պարզ է, թե ով է լինելու ֆավորիտը, հետևաբար, ընտրարշավը ձևական բնույթ է կրելու:

«Նախագահի թեկնածուներից և´ Րաֆֆի Հովհաննիսյանին, և´ Հրանտ Բագրատյանին հարգանքով եմ վերաբերվում, սակայն անգամ այս երկու թեկնածուները չունեն այն տարրական ռեսուրսները, որ կարողանան լուրջ դիմադրություն ցուցաբերել գործող նախագահին»,- ասաց Բոզոյանը:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին իշխող ՀՀԿ-ն ու իր ղեկավարն են շահագրգռված, որ լիարժեք քարոզարշավ լինի, քանի որ այս ուղղությամբ քննադատությունը շատ է:

«Բայց էստեղ մի փոքր բայց կա. թեկնածուներից ոչ բոլորն են, որ կարող են լիարժեք քարոզարշավ կազմակերպել: Երբ ասում ենք «լիարժեք քարոզարշավ», պետք է տարբեր գործոններ նկատի ունենանք` և´ որակական, և´ քանակական: Կարո՞ղ են արդյոք այս թեկնածուներն ամբողջ Հայաստանի մարզերով ու համայնքներով շրջել, ընտրողներին ներկայանալ իրենց ընտրածրագրերով, կամ կարո՞ղ են արդյոք այնքան նյութական ռեսուրսներ ունենալ, որ կարողանան բոլոր բնակավայրերում ապահովել իրենց շտաբների գործունեությունը: Եթե համեմատեք որևէ թեկնածուի շտաբների քանակը Սերժ Սարգսյանի շտաբների քանակի հետ, կտեսնեք, որ թեկնածու կա, որ կարող է ունենալ 3-4 շտաբ կամ ընդհանրապես չունենալ: Ուստի այստեղ հավասար ընտրարշավ մենք չենք կարող տեսնել ռեսուրսների խիստ անհավասարության պատճառով»,- ասաց քաղաքագետը:

Գարիկ Քեռյանը նկատում է, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այս հարցն այդքան սուր չի եղել, որովհետև այն ժամանակ ընտրապայքարին մասնակցող ընդդիմադիրներն ունեին բոլոր կազմակերպչական և ֆինանսական ռեսուրսները` իրենց քարոզարշավում ընդգրկելու ամբողջ հանրապետության տարածքը:

Անդրադառնալով ընտրություններին հիմնական ընդդիմադիր ուժերի չմասնակցելուն` Գարիկ Քեռյանը նշեց, որ դա պայմանավորված էր ընդդիմադիր ճակատի չձևավորմամբ, ինչի հետևանքով ՀԱԿ-ը մենակ մնաց:

Միաժամանակ քաղաքագետը նշեց, որ միայն ՀԱԿ-ին է ընդդիմություն համարում, իսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ընդդիմություն չեն, որովհետև երկու ուժերն էլ եղել են կոալիցիայի կազմում:

«Ինչ վերաբերում է նրան, թե ՀԱԿ-ն ինչո´ւ չմասնակցեց ընտրություններին, ապա այն ձևաչափը, որը սկսել էր ձևավորվել նախընտրական փուլում` ԲՀԿ-ՀՅԴ-ՀԱԿ, չկարողացավ վերջնական կազմակերպչական ձևավորում ստանալ: Լևոն Տեր-Պետրոսյանն իր հաշվարկներով գտավ, որ միայնակ չի կարող ցանկալի արդյունք ապահովել և հրաժարվեց: Ցավոք, ես դա չեմ արդարացնում: Իր իմիջը պահելու համար այդ ուժը պետք է իր թեկնածուն պաշտոնապես ունենար»,- ասաց Գարիկ Քեռյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում մրցակցային ընտրությունների մասին բազմիցս նշել են միջազգային կազմակերպությունները, ազդեցիկ կառույցների ներկայացուցիչները:

«Մենք սպասում ենք նախագահական ընտրություններին և հուսով ենք, որ դրանք կլինեն թափանցիկ և արդար: Ակնկալում ենք, որ այդ ընտրությունների ժամանակ կապահովվի ամուր և արդար մրցակցությունը»,- ըստ «Արմենպրեսի»` նոյեմբերի 1-ին Գյումրի կատարած այցի ընթացքում ասել էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը:

© Medialab.am