Ադրբեջանն սկսել է հող նախապատրաստել Սաֆարովին վերացնելու ուղղությամբ. Բաքուն` «հայերի ստոր մտադրությունների մասին»

Ադրբեջանն սկսել է հող նախապատրաստել Սաֆարովին վերացնելու ուղղությամբ. Բաքուն` «հայերի ստոր մտադրությունների մասին»
Ադրբեջանն սկսել է հող նախապատրաստել Սաֆարովին վերացնելու ուղղությամբ. Բաքուն` «հայերի ստոր մտադրությունների մասին»

Ադրբեջանն արդեն սկսել է հող նախապատրաստել ոճրագործ «հերոսին»` Ռամիլ Սաֆարովին հերոսական իրավիճակում վերացնելու ուղղությամբ:
Քիչ առաջ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, զարմանալի զուգադիպությամբ, (ինչպես եւ ավելի վաղ կանխատեսել էր Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) ), Ադրբեջանը ի լուր աշխարհի հայտարարում է, որ հայերն` իբր ընտրելով ահաբեկչությունը, պատրաստվում են վերացնել Ռամիլ Սաֆարովին:
«Թեև Հայաստանի ղեկավարը, ով փորձում է մեղմացնել բնակչության զայրույթը, դիմում է տարբեր մեթոդների և կտրուկ հայտարարություններ է անում, նա չի կարող ցանկալի արդյունքի հասնել: Դրա համար էլ, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, Սարգսյանն ընտրել է ահաբեկչությունը՝ Ռամիլ Սաֆարովին վերացնելու ճանապարհով: Չստուգված տեղեկությունների համաձայն, նա այդ կապակցությամբ նույնիսկ ցուցումներ է տվել համապատասխան կառույցներին»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը բավականին հնարավորություններ ունի և ի վիճակի է միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի նախագահի (ով ահաբեկչության մեծ փորձ ունի) ստոր մտադրությունները կանխելու և սեփական սպայի կյանքը պաշտպանելու համար»:

Այս հաղորդագրության բովանդակությունը առավել քան հետաքրքիր է դառնում այսօր ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կանխատեսումներից հետո, ըստ որի Սաֆարովն արդեն պետք չէ Ալիեվին, եւ նրան շուտով «հայերի ձեռքով» կվերացնի իրեն հեղինակություն պարգեւած ոճրագործին :

«Սաֆարովը Ադրբեջանին էլ պետք չի: Ինքը ինչքան մնա, Ալիեւի համար գլխացավ է: Պետք է վերացնի մի հատ հայ, ամեն տեղ կպատմեն, թե ոնց է էդ խեղճ մարդուն հայը սպանել, որն էլ կազմակերպել է իբր մեր հատուկ ծառայությունը: Կսարքեն մի հատ PR: Պետությունը ուզում է սկսի պատերազմ, իր եռանկյունը պետք է բարձրացնի, մնաց ամենադժվար հարցը, որը կլուծի այդ տեսակի»,-ասել է Տեր-Թադեւոսյանը:

Պատերազմի հերոս Տեր-Թադեւոսյանը հայտարարել է, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ պատերազմներն հենց այդպես են սկսում:

«Մենք հիմա կոնկրետ քայլեր պետք է անենք՝ Ադրբեջանի կողմից խաբեության քայլերը կանխելու համար : Ես վախենում եմ, մենք կուշանանք ինչ-որ քայլեր անել: Հավանականությունը պատերազմական գործողությունների արդեն մեծանում է այսօր: Մենք, այո, պատրաստ ենք պատերազմի, բայց դա ցանկալի չէ: Հարցն այն է, որ չտանք Ադրբեջանին բարոյական իրավունք հերթական սուտը մեր երկրի դեմ օգտագործելու: Չթողնենք, որ մեր թշնամին մի պրովոկացիա անի»,-նշել է Արկադի Տեր-Թադեւոսյանը :

2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել եւ պատիժն էր կրում Հունգարիայում, օգոստոսի 31-ին Ադրբեջան արտահանձնելուց հետո հերոսի դափնիներ եւ ազատություն պարգեւեցին հայրենիքում` առաջ բերելով միջազգային հանրության քննադատությունը:

Տեղի ունեցածից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարեց, որ Հայաստանը խզում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

© Medialab.am