«Հույսով էինք, չէինք սպասում, որ էդպես կլիներ»․ ապագա սոցիոլոգ, 2 ամսվա զինծառայող Արտակը «Մարտական ծառայության» մեդալակիր՝ հետմահու

Վերջին երկու տարին Ստեփանյանները հուլիսի 19-ին ուրախանալու, պարելու և տորթ պատրաստելու փոխարեն օրն անցկացնում են նախորդ տարիների հիշողություններով ու հուզմունքով։ 25-ամյա Ռուզաննա Ստեփանյանը հուզմունքով ասում է՝ ոչ մի առիթ այնքան ծանր չի անցնում, որքան եղբոր ծննդյան օրը․ «Շատ դժվար ա առանց իրա»։ 

Ռուզաննան եղբորը կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 19-ամյա Արտակ Ստեփանյանը 2 ամսվա ժամկետային զինծառայող էր Մարտունի 2-ում, երբ սկսվել է պատերազմը։ Պատերազմի օրերին Արտակը Մարտունի 2-ից տեղափոխվել է Ֆիզուլի, որտեղ էլ շարունակել է հակառակորդի դեմ պայքարը։ 

«Ընկերները պատմել են, որ պատերազմի հենց սկզբից եղբայրս ինքնակամ մեկնել ա ռազմի դաշտ, ու երբ ընկերները ասել են՝ նորակոչիկ ես, մի գնա, ի պատասխան եղբայրս ասել ա՝ եթե ես չգնամ, դու չգնաս, բա ո՞վ գնա, տղերքին օգնություն ա պետք, ես պետք ա գնամ։ Ու ճանապարհին ԱԹՍ-ն զենքերով բեռնված մեքենան պայթացրել ա, ու հետ դառնալու փոխարեն շարունակել են առաջ գնալ առանց զենքի»։

Հոկտեմբերի 15-ին ընտանիքը վերջին անգամ է կապ հաստատել Արտակի հետ, որից հետո շուրջ 5 ամիս լուր չեն ունեցել, սակայն հույսով սպասել են, որ ողջ կգտնվի։

«Գերիների առաջին խումբը որ եկավ, իրանց մեջ Արտակի հետ ծառայած տղա կար, ինքը պատմեց, որ հայտնվել են շրջափակման մեջ, վերջին անգամ տեսել ա, որ Արտակը երկու ոտքից վիրավոր ա, սնայպերն ա հարվածել։ Հետո մեզ ասում էին, թե նախնական տվյալներով՝ գերիների ցուցակում ինքը կա։ Հույսով էինք, չէինք սպասում, որ էդպես կլիներ։ Փետրվարի 14-ին դիակների փոխանակություն եղավ, մարտի 15-ին ԴՆԹ-ով հաստատվեց»,- պատմում է ու հուզվում 25-ամյա քույրը։

Ռուզաննայի խոսքով՝ այդ օրվանից իրենց կյանքը գլխիվայր շրջվել է, ամեն ինչ փոխվել է դեպի վատը․ «Ու մինչև հիմա էլ չի կարգավորվել»,- ասում է ու հուզվում քույրը։

Ռուզաննան պատմում է, որ եղբայրը սիրում էր սովորել, մասնակցել է օլիմպիադաների և հաղթանակներով վերադարձել․ «Մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայում 3-րդ տեղն է զբաղեցել»։

Արտակը դպրոցը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո անվճար ընդունվել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետ։ Մեկ տարի սովորել է համալսարանում և զորակոչվել բանակ:

Քույրը պատմում է, որ եղբայրը շատ ակտիվ էր համալսարանում, ուսխորհրդով միջոցառումներ էր կազմակերպում։ Առաջատար էր և՛ կարգապահությամբ, և՛ սովորելով։ «Զոհվելուց հետո համալսարանում իր անունով լսարան են բացել»,- ասում է Ռուզաննան։

Ռուզաննայի հիշողություններում եղբայրը միշտ ժպիտով է, ասում է՝ Արտակը կատակասեր էր, հումորով ու միշտ ժպիտը դեմքին։ Քրոջ խոսքով՝ միմյանց հետ շատ կապված էին, Արտակը տան փոքրն էր, ու բոլորը շատ էին սիրում նրան։

«Մեր տարիքային տարբերությունը մեծ էր, փոքր էրեխու պես պահել ենք, ամեն առումով կապված էինք, միշտ իրար հետ ենք եղել»,- ասում է քույրն ու հուզմունքով նշում, որ եղբորից մնացել են միայն հուշերն ու նկարները։

«Տան ամեն անկյունը իրան ա հիշեցնում, օր չկա՝ իր մասին չխոսենք, չհիշենք։

Արտակը շատ երազանքներ ուներ, սիրած աղջիկ ուներ, բայց ամեն ինչ կիսատ թողեց»,- ցավով ասում է քույրը։

Արտակ Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է ծննդավայրում՝ Հրազդանում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am