«Խոշոր հարկատուների ցուցակը ցույց է տալիս, որ Հայաստանը մեծ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից». տնտեսագետ

2022 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը տնտեսագետ Սուրեն Պարսյանին ստիպում է եզրակացնել՝ Հայաստանը մեծ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից:

«Եթե առաջին տասնյակը նայեք, այնտեղ երեք հանքարդյունաբերական ընկերություններ են, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանը էլ ավելի մեծ կախվածություն ունի հանքարդյունաբերությունից, հանքարդյունաբերության եկամուտներից»,- «Մեդիալաբին» ասում է տնտեսագետը:

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը այսպիսին է՝
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ ավելի քան 104 մլրդ դրամ.
«Գազպրոմ Արմենիա»՝ ավելի քան 33 մլրդ դրամ.
«Գրանդ տոբակո»՝ ավելի քան 20 մլրդ դրամ.
«Ինտերնեյշնլ Մասիս տաբակ»՝ ավելի քան 10,8 մլրդ դրամ.
«Թեղուտ»՝ ավելի քան 8,9 մլրդ դրամ.
«ՄՏՍ Հայաստան»՝ ավելի քան 8,2 մլրդ դրամ.
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»՝ ավելի քան 7,7 մլրդ դրամ.
«Ֆլեշ»՝ ավելի քան 7,6 մլրդ դրամ.
«Ֆիլիպ Մորիս Արմենիա»՝ ավելի քան 7,5 մլրդ դրամ.
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»՝ ավելի քան 7,2 մլրդ դրամ:

Տեղեկացնենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022-ին պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 722 մլրդ 325 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 613 մլրդ 72 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 109 մլրդ 253 մլն դրամ։

Սուրեն Պարսյանը աննախադեպ է համարում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարած հարկերը՝ ավելի քան 104 մլրդ դրամ: ԶՊՄԿ-ն, ճիշտ է, տարիներ շարունակ եղել է Հայաստանի ամենախոշոր հարկատուն ու ընկերությունը, բայց նման քանակի հարկ չի վճարել:

«Սա տրամաբանական և կանխատեսելի էր՝ հաշվի առնելով «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև ապրիլ-մայիս ամիսներին միջազգային շուկայում պղնձի գների աճը, որն այդ ժամանակ հասել էր 10.500 դոլարի, իսկ այդ պարագայում պետական տուրքը բավականին բարձր է լինում: Այս հանգամանքն էլ ապահովեց պետական բյուջե մուտքերի զգալի մասը»,- ասում է մասնագետը:

Նա հատկապես շեշտում է, որ շուրջ 15 մլրդ դրամը ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների հիման վրա կատարված վճարումներն են:

Պարսյանի խոսքով՝ 1000 խոշոր հարկատուների տասնյակում առնվազն երեքը հանքարդյունաբերական ընկերություններ են: Նա ասում է՝ այս տարվա տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից արտահանումն աճել է շուրջ 36 տոկոսով:

«Այդ արտահանման հիմնական մասն ապահովում է հանքահումքային արտադրանքը, մասնավորապես՝ պղինձը, մոլիբդենը և այլն: Այսինքն՝ մեր տնտեսություն մեծ քանակի դոլար է գալիս շնորհիվ այդ արտահանման: Դոլարի մեծ հոսքն էլ մեծ խնդիր է առաջացնում մեր տնտեսության մեջ՝ առաջացնելով դրամի գերարժևորում և մեծ վնաս է հասցնում արտահանող մյուս ճյուղերին: Ստացվում է՝ ոչ հանքահումքային ապրանքների արտահանումը էապես տուժում է»,- նշում է Սուրեն Պարսյանը:

Խոսելով առաջին տասնյակում հայտնված ընկերությունների մասին՝ տնտեսագետը նշում է, որ կորոնավիրուսային համավարակի ժամանակ զգալի տուժած «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունները վերականգնում են իրենց դիրքերը:

«2020 և 2021 թվականների ընթացքում սիգարետի արտադրության, ինչպես նաև արտահանման ծավալները զգալի նվազել էին, այն դեպքում երբ սիգարետը նախկինում կազմում էր մեր արտահանման 10 տոկոսը: Հիմա արտահանման ծավալները ավելացել են, դա անչափ դրական է, քանի որ ցույց է տալիս, որ մեր մշակող արդյունաբերությունը ակտիվ է»,- ասում է նա:

Առաջին տասնյակում «Ֆիլիպ Մորիս Արմենիա»-ի գոյությունը, ըստ Պարսյանի, ցույց է տալիս, որ ծխախոտի ու ծխախոտային արտադրանքի ներկրումը ու դրա արդյունքում սպառումը Հայաստանում մեծ տարածում ունեն: «Դա ցույց է տալիս, որ ծխողների մեծ քանակություն է հայտնվել Հայաստանում»,- նշում է նա:

Ինչպես ներկրվող ծխախոտի, այնպես էլ ներկրվող դիզելային վառելիքի («Ֆլեշ» ընկերություն) դեպքում, Պարսյանն ասում է, Հայաստանը տնտեսական զարգացում չի ապահովում, չի ունենում տնտեսական ռեսուրսների հզորությունների աճ:

«Ուղղակի այս դեպքում գնաճ է արձանագրվել, ինչի արդյունքում պետական բյուջե մուտքերն աճել են: Կարելի է եզրակացնել, որ հարկերի աննախադեպ աճը պայմանավորված է բարձր գնաճով»,- ընդգծում է Պարսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am