«Իրականությունը հասնում ա իմ գլխին՝ ես վատանում եմ»․ 19-ամյա Արթուրը զոհվել է Հադրութում՝ հայտնվելով շրջափակման մեջ

40-ամյա Նունե Առուստամյանը հուզմունքով ասում է՝ որդու զոհվելուց հետո ապրում է կարծես առանց օդ ու ջրի, համակերպվել որդու կորստի հետ՝ մինչև այժմ չի կարողանում։

«Ես չեմ հաղթահարել սթրեսը, մինչև էսօր անընդհատ դեղերով եմ ապրում, որ իրականությունը հասնում ա իմ գլխին՝ ես վատանում եմ։ Հոգեբանի եմ այցելում, որ ինձ մի փոքր հանեն էս վիճակից»,- արցունքների միջից ասում է որդեկորույս մայրը։

Նունե Առուստամյանի որդին՝ 19-ամյա Արթուր Առուստամյանը, Մարտունի 3-րդում 7-րդ վաշտում է ծառայել, երբ սկսվել է պատերազմը։

Նունեն ասում է՝ որդին մշտապես ասում էր՝ ամեն ինչ կարգին է, իր մասին չմտածի, ապահով վայրում է․ «Ես էլ հավատում էի, ի՜նչ իմանայի․․․»։

Նունեի խոսքով՝ հոկտեմբերի 11-ին 7-րդ վաշտի տղաներին հրաման է տրվել, որ տեղափոխվեն Հադրութ հատուկ գործողության նպատակով, որտեղ նրանց պետք է դիմավորեին, սակայն Հադրութ հասնելուն պես դիմավորող չի եղել, և տղաները հայտնվել են հակառակորդի շրջափակման մեջ։

«Հադրութն արդեն հոկտեմբերի 9-ին հանձնված է եղել, տղաները հասել են ու կռվի բռնվել, օգնություն են խնդրել, որ վիրավորներին տեղափոխեն, զենք են խնդրել, բայց ոչ օգնության են հասել, ոչ զենք են ուղարկել։ 

73 հոգին անմահացան, գերի չընկան, պայքարեցին մինչև վերջին շունչը»,- ասում է Նունեն։

https://a1plus.am/hy/article/398846

«Հիմա դատաքննություն է ընթանում, ծնողներով դիմել ենք դատարան, որ դեպքի հետ առնչություն ունեցող մեղավոր անձինք պատժվեն»,- նշում է Նունեն։

Նունեն ասում է՝ որդին սովորաբար 3-4 օր ընդմիջումով էր զանգում, երբ օրերն անցել են, և զանգ չի եղել, ընտանիքը սկսել է անհանգստանալ։

«Մտածում էինք՝ անտառներում թաքնված են, իրանց մասին ոչ ոք տեղյակ չէր, ոչ ոք բան չէր ասում»,- ասում է Նունեն ու նշում, որ 2020-ի դեկտեմբերի 22-ին է իմացել որդու զոհվելու մասին։ «Դեկտեմբերի 22-ին հայտնեցին, իր զինգրքույկն էլ իր գրպանում է եղել»։

2021-ի հունվարին 6-ին ԴՆԹ-ով հաստատվել է որդու մարմինը, հունվարի 9-ին հուղարկավորել են ծննդավայր Ճարտարում։

Նունեն ասում է՝ այդ լուրից հետո կյանքն այլևս առաջվանը չէ, չի կարողանում ցավը հաղթահարել․ «Ես անընդհատ վատանում եմ, թուլանում, սիրտս սեղմվում ա։ Սկզբում եղել ա շրջան, որ իմ հարազատներն են ինձ խնամել, ես չէի կարողանում ոտի կանգնել, հաց սարքել»։

Մոր խոսքով՝ տղան բնավորությամբ հանգիստ էր, համեստ, միևնույն ժամանակ՝ բռնկուն։ 

Նունեն ասում է՝ շատ կապված էր որդու հետ։ Հաճախ է ականջներում հնչում որդու «մամ» բառը, որն անպակաս էր որդու շուրթերից։

«Միշտ սիրում էր «մամ» կանչեր, ու ձայն հանեի, ինքն անընդհատ կանչում էր, ես ասում էի՝ ասա, բայց ասելու բան չուներ, ուղղակի կանչում էր, որ ձայնս լսեր»։

Արթուր Առուստամյանը սովորել է Շուշիում գործող «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանում՝ ներքին հարդարում բաժինը։ Սիրել է գծագրեր անել, շենքերի նախագծեր անել։ Մոր խոսքով՝ որդու երազանքն էր այդ ուղղությամբ շարունակել կրթությունը և աշխատել։ Մորն էլ հաճախ է ասել, որ շատ լավ տուն է կառուցելու ընտանիքի համար։

Նունեն ասում է՝ չնայած գիտի, որ որդին զոհվել է, բայց չի տեսել որդու մարմինը ու սպասում է, որ տղան մի օր կհայտնվի:

«Ես իրականությունը չեմ ընդունում, սպասում եմ իմ երեխին»,- ասում է ու հուզվում մայրը։

Արթուր Առուստամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Արփինե Արզումանյան

MediaLab.am