Սահմանային սադրանքների առաջին նպատակն է, որ Երևանն ու Ստեփանակերտը ավելի արագ ու ավելի վճռական զիջումների գնան. Տիգրան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, ադրբեջանական վերջին սադրանքները սահմանին ի՞նչ նպատակ են հետապնդում։

– Կոնկրետ երեկվա էսկալացիան, պարզ է, որ պատրաստվում էր վերջին շաբաթների ընթացքում. եթե հետևենք վերջին շաբաթների ընթացքում նրանց պաշտպանության նախարարության կամ արտգործնախարարության տարածած հաղորդագրություններին, պարզ կդառնա, որ առնվազն մեկ ամիս առաջ նրանք նման ծրագրեր ունեին։ Կարծում եմ՝ հիմնական նպատակը հայկական կողմի վրա ճնշում գործադրելն է՝ մի քանի հարցերում հաջողության հասնելու համար։

Գիտենք, որ այս փուլում Ադրբեջանը բարձրացնում է Ղարաբաղից Հայաստանի զինված ուժերի դուրսբերման հարցը: Նրանք պաշտպանության բանակը ևս ներկայացնում են Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանում ու հետևողականորեն փորձում են հասնել ՊԲ-ի զինաթափմանը։ Սա նպատակներից մեկն է, որպեսզի Երևանն ու Ստեփանակերտը ավելի արագ ու ավելի վճռական զիջումների գնան այս հարցով։

Երկրորդ խնդիրը դիվանագիտական է, այսինքն՝ ուժային գործիքակազմի միջոցով փորձում են քաղաքական զիջումներ կորզել նույն, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի օրակարգում։ Գիտենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումներն այդ պայմանագրի վերաբերյալ տարբերվում են։ Հայաստանը մինչև վերջերս նշում էր, որ խաղաղության պայմանագրի օրակարգում պետք է ներառվի նաև Լեռնային Ղարաբաղի անվտանգության, բնակչության իրավունքների ու կարգավիճակի հարցը, սակայն վերջին ամիսների ընթացքում Ադրբեջանը կտրականապես հրաժարվում էր նույնիսկ խոսակցություն սկսել այդ հարցի շուրջ ու նշում էր, որ պայմանագրի հիմքը պետք է դառնան իր այն հայտնի հինգ սկզբունքները, որոնք հրապարակվել էին ամիսներ առաջ։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը հուլիսի 29-ին հայտարարեց, որ Հայաստանում պետք է ակտիվ քննարկումներ սկսվեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերություններից տարանջատելու ուղղությամբ։ Այս հայտարարությունը նպատակ էր հետապնդում զսպել Ադրբեջանի ագրեսիվ քայլերը, բայց, ինչպես տեսնում ենք, հայաստանյան պաշտոնյաների այդ բոլոր հայտարարություններն այնքան էլ արդյունավետ չեն։ Մինչ այս նույն Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ իբր ԼՂ-ում ինչ-որ հայկական ստորաբաժանումներ կան, որոնք պետք է դուրս բերվեն, բայց տեսնում ենք, որ նման հայտարարությունները որևէ կերպ չեն զսպում Ադրբեջանին, և Բաքուն շարունակում է ռազմական սադրանքների դիմել։

– Ադրբեջանն այս գործողություններով արդյոք ինչ-որ մեսի՞ջ է ուղարկում նաև Ռուսաստանին, եթե նկատի ունենանք, որ Արցախում տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը։

– Իրականում Բաքուն այսօր Ռուսաստանին մեսիջ ուղարկելու խնդիր չունի․ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, կարելի է ասել, մտել են մեղրամիսի շրջան, տեղի է ունենում հարաբերությունների սերտացում մի շարք ուղղություններով, և ռուսաստանյան տարբեր պաշտոնյաների պահվածքը վերջին շաբաթների ընթացքում ակնհայտորեն պրոադրբեջանական է: Խոսքս Բաքվում Լավրովի հայտարարությունների մասին է, ՌԴ դեսպանի այցին Շուշի ու նման մի շարք այլ գործողություններ։

Այդ առումով պետք է խոսել ոչ թե այն մասին, որ Ադրբեջանը Մոսկվային ինչ-որ մեսիջ է ուղարկում, այլ այն մասին, որ այդ ռուս-ադրբեջանական մերձեցման ֆոնին Ադրբեջանն իրեն ավելի ինքնավստահ է զգում։ Ադրբեջանի դերը Ռուսաստանի համար զգալիորեն մեծացել է ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ու Ադրբեջանն օգտագործում է այդ արտոնյալ կարգավիճակը՝ ավելի ագրեսիվ քաղաքականություն վարելու և Ռուսաստանից ու Հայաստանից որոշակի զիջումներ պահանջելու համար։ Ռուսաստանի զիջումները, պարզ է, որ ևս լինելու են Հայաստանի շահերի հաշվին։

– Պարո՛ն Գրիգորյան, իսկ Ռուսաստանը ո՞ր պահին կկանգնեցնի Ադրբեջանի ագրեսիան։

– Կարծում եմ՝ քանի դեռ բանը չի հասել լայնածավալ պատերազմի, ռուսներից պետք չէ ակտիվ գործողություններ ակնկալել։ Ինչ-որ գործողություններ հիմա էլ են անում, բայց Փառուխի դեպքերից հետո հասկանում ենք այդ բանակցությունների արդյունավետության աստիճանը, բայց կոշտ միջամտություն հնարավոր է միայն, եթե ավելի լուրջ մասշտաբի էսկալացիա լինի։

– Եթե այդ կոշտ միջամտությունն ի սկզբանե լիներ Ռուսաստանի կողմից, Ադրբեջանը այս քայլերին չէ՞ր դիմի։

– Խնդիրն այն է, որ Մոսկվան այս փուլում նպատակ չունի Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու: Ինչպես արդեն նշեցի, Ադրբեջանի ագրեսիվության պատճառներից մեկն էլ հենց դա է, որովհետև գիտեն, որ Ռուսաստանը ինչ-որ սահմաններում պատրաստ է հանդուրժելու այդ ագրեսիվ գործողությունները, բայց, իհարկե, Ռուսաստանը ցանկության դեպքում, եթե դա իր շահերից բխի, վստահաբար, Ադրբեջանին զսպելու գործիքակազմ ունի։

– Հաշվի առնելով ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, ինչ եք կարծում՝ Ադրբեջանին կհաջողի՞ այսկերպ հաջողության հասնել թեկուզ հենց այդ խաղաղության պայմանագրի մասով։

– Իրականում տեսնում ենք, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը բավականին արդյունավետ է: Եթե դիտարկենք նախորդ մեկ տարվա կտրվածքով՝ Հայաստանի վրա ուժային ճնշման միջոցով Բաքվին հաջողում է զիջումներ կորզել Հայաստանից տարբեր գործընթացներում։ Տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխում իր դիրքորոշումը տարբեր հարցերում։ Ամենավառ օրինակը հենց Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունն էր, որ պետք է տարանջատել ԼՂ-ի հարցը Ադրբեջան-Հայաստան հարաբերություններից, այսինքն՝ այդ ճնշումն իր արդյունքը տալիս է։

– Հնարավո՞ր է, որ Ադրբեջանը սահմանային սադրանքները տեղափոխի նաև Հայաստան-Ադրբեջան սահման։

– Իհարկե, որևէ էական խոչընդոտ Ադրբեջանի համար այս գործընթացում չկա, կարծում եմ, որ նույնիսկ հավանական է իրադարձությունների զարգացման այդ տարբերակը։

– Պարո՛ն Գրիգորյան, լայնամասշտաբ սադրանքները չե՞ք բացառում։

– Նայած թե ինչ ենք հասկանում լայնամասշտաբ ասելով, պատերազմից հետո պարբերաբար կրկնվող էսկալացիաները հնարավոր են։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am