«Պատերազմի ժամանակ զանգում էր, ասում՝ կգամ, հիմա երազներում ա դա ասում»․ Տաթևն ասում է՝ հույսը չեն կտրում, որ եղբայրը մի օր կգա

29-ամյա Տաթև Հարությունյանը հուզմունքով ասում է՝ միշտ ականջներում է պատերազմի դաշտից եղբոր խոսքը՝ կգամ։ Քույրն ասում է՝ եղբայրը թե՛ իր և մյուս հարազատների և թե՛ հեռու-մոտիկ ծանոթների երազներում մշտապես ասում է, որ գալու է։ 

«Ինքը երազներում ասում ա՝ ողջ ա, Աստված պահել ա։ Մենք հույսով սպասում ենք իրեն»,- ասում է Տաթևը ու նշում՝ եղբոր ընկերը Պարույրի մասին գիրք է հրատարակել, որի վերնագիրն է՝ «Կգամ»։

Տաթևի եղբայրը՝ 26-ամյա Պարույր Հարությունյանը, պատերազմ մեկնել է կամավոր։ Քույրը պատմում է, որ սեպտեմբերի 27-ին եղբայրը ճանապարհից զանգել է ու ասել է, որ գնում է պատերազմ: Տաթևն ասում է՝ չեն փորձել հետ պահել, քանի որ գիտեին՝ եղբայրը որոշումը չէր փոխի։

«44-օրյայից առաջ ինչ հավաքներ եղել են, ինքը առաջինն ա գնացել որ կամավորագրվի, ոչ մի անգամ չեն տարել, հավանաբար, որ շուտ ա վերջացել։ Պարույրը մանկուց ապրում էր ազգային հերոսներով, իրա սոցիալական մեդիայի էջում հերոսների մասին տեսանյութեր են, ինքը փորձել ա նմանվել իրենց, ու իրա մոտ ստացվել ա»,- ասում է ու հուզվում 29-ամյա քույրը։

Պարույրը պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ կռվել է Ասկերանում, Ջրականում, Հադրութում։ Ընտանիքի հետ վերջին կապը եղել է հոկտեմբերի 14-ին, որից հետո այլևս անհասանելի է եղել։

«Մեզ պատմել են, որ վերջին անգամ եղել է Հադրութում։ Մոտ 200 հոգի են միասին եղել, հոկտեմբերի 14-ին որոշել են հետ գալ, պետք ա նահանջեին, տղաները արթնացել են և տեսել՝ Պարույրը և 15 հոգի գնացել են գրավված տարածքներ, ու այլևս կապ չեն ունեցել»,- պատմում է քույրն ու ասում, որ դեպքի մասին լուրն իմացել են 10 ամիս անց՝ օգոստոսի 18-ին։

«Ինքը 10 ամիս անհայտ կորած էր, մեզ տվել են մարմինը, բայց մենք, միևնույն է՝ սպասման մեջ ենք, որ մի օր դուռը կբացի, ներս մտնի»։

Պարույր Հարությունյանը մասնագիտությամբ ռեժիսոր էր, սովորել է Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում՝ ռեժիսուրա բաժնում։ Աշխատել է որպես ռեժիսորի օգնական հեռուստաընկերությունում, այնուհետև որպես խաղավար սրճարանում։

Քույրն ասում է՝ խաղավար աշխատելու եղբոր ընտրությունը պատահական չէր, քանի որ շատ էր սիրում երեխաների, երեխաներով ապրում էր։

«Պարույրը շատ խելացի էր, որ ասում էինք՝ ինչի՞ ուրիշ աշխատանքի չես գնում, ամեն ինչ կարող ես անել, ասում էր՝ դուք կես ժամում կարո՞ղ եք 15 երեխայի ուրախացնել, ես հաճույք եմ ստանում երեխաներին ժպիտ պարգևելուց, երևի դրանից լավ բան էս աշխարհում չկա»։

Քույրը հիշում է՝ անգամ մինչև պատերազմը սեպտեմբերի 1-ի առթիվ եղբայրը մուլտհերոսի հագուստ է հագել և երկու ընկերների հետ Չարբախում, որտեղ ապրել է, միջոցառում է կազմակերպել և երեխաներին ուրախացրել։

Տաթևն ասում է՝ առանց եղբոր կյանքը մռայլ ու դատարկ է։

«Ինքը անսահման բարի էր, մենք երբևէ չէինք պատկերացնում, որ առանց իրա կկարողանանք ապրել, իր բացակայությունը շատ-շատ ա զգացվում»,- պատմում է ու հուզվում քույրը։

Պարույր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հուղարկավորված է Եռաբլուրում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am