Կառավարությունը օգոստոսի 11-ին հաստատեց անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները։
Այս որոշման անհրաժեշտությունն առաջացել էր, երբ 2021 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը։
Սա օրենքից բխող՝ մարդկանց կյանքում բեկումնային փոփոխություն բերող ծառայություններից մեկն է։ Կամ գոնե այդպիսին պետք է լինի։
Այս կարգը հանրային քննարկման էր ներկայացվել այս տարվա փետրվարին՝ իր մեծ ու փոքր թերություններով հանդերձ արժանանալով հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների մեծ մասի հավանությանը:
Մինչդեռ երեկ ընդունվեց հանրային քննարկման ներկայացված նախագծից խիստ տարբեր նախագիծ։ Առանց խորհրդակցությունների, հեռու օրենքի պահանջներից, Հայաստանի միջազգային պարտավորություններից և մյուս երկրներում ձեռքբերումների ու ձախողումների հիման վրա ձևավորված գիտելիքից…
«Անձնական օգնական» ասելով աշխարհում հասկանում են հաշմանդամություն ունեցող անձի կողմից ղեկավարվող մարդկային աջակցություն, որի միջոցով անձը կարողանում է անկախ ապրել։ Սա սովորաբար մարդկանց շատ փոքր խմբին տրամադրվող ծառայություն է, որը ձևավորվել է հաշմանդամություն ունեցող այն անձանց պայքարի շնորհիվ, որոնք իրենց սահմանափակված էին զգում ավանդական խնամքի համակարգերի կողմից:
Հայաստանում այս ծառայության վերաբերյալ պատկերացումն ամբողջովին ձևավորված չէ։ Անձնական օգնականին թյուր կերպով ընկալում են որպես խնամակալի՝ մարդու, որը ստանձնում է անձի խնամքը ընտանիքի անդամի փոխարեն, կամ ընտանիքի անդամ, որին պետք է վճարել իր կատարած աշխատանքի համար։
Թեև տարբեր երկրներում տարբեր մեխանիզմներով են ապահովում այս ծառայությունը, կան մի քանի չափանիշներ, որոնք Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն սահմանել է այս ծառայության դեպքում։
Հենց դրանց միջոցով էլ հնարավոր է հասկանալ՝ Կառավարության երեկվա որոշումը անձնական օգնականի ծառայության մասի՞ն է, թե՞, օրինակ՝ տնային խնամքի։
Չափանիշներից մեկն այն է, որ անձնական օգնականի ֆինանսավորումը պետք է վերահսկվի հաշմանդամություն ունեցող անձի կողմից և հատկացվի անձին։
Մեր օրենքը հիմնված է հենց այս մոտեցման վրա, իսկ Կառավարության որոշումը՝ ոչ։ Անձի՝ որպես գործատու հանդես գալու տարբերակը բացառվել է։ Անձը չի կարողանա ինքը վարձել օգնականին, որոշել, թե ինչպես, երբ, որտեղ և ինչ եղանակով պետք է մատուցվի ծառայությունը։
Այս ամենը կազմակերպելու են անկախ կյանքի կենտրոնները, իսկ անձը միայն «մասնակցելու» է այդ որոշումների կայացմանը։ Ի դեպ, այս կենտրոններն էլ դեռ չեն ստեղծվել, ձևավորման ամենասկզբնական՝ գաղափարի փուլում են։
Անձին վերահսկողություն չտալու պատճառը, ենթադրում եմ, այն թյուր պատկերացումն է, որ հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող լավագույնս ասել, թե ինչ է իրենց պետք։
Մինչդեռ ճիշտ հակառակն է, ոչ ոք այդ անձից ավելի լավ չգիտի, թե ինչպես է պետք օգնել իրեն, օրինակ՝ զուգարան գնալիս, հագնվելիս, զբոսանքի ժամանակ ուղեկցելիս և այլն։ Իսկ դա անկախ կյանքի կենտրոնին կամ որևէ այլ մարմնի վստահելը չափազանց խիստ միջամտություն է մարդու անձնական կյանքին և լի՝ անձի արժանապատվությունը նվաստացնելու վտանգով։
Պարզ կենցաղային համամատությամբ՝ այնպես, ինչպես մարդիկ չեն սիրում խոհանոցը կիսել այլ մարդկանց հետ, կամ երբ ինչ-որ մեկն իրենց ասում է՝ ինչպես անեն մի գործողություն, որն իրենք նույնությամբ անում են տարիներ շարունակ։
Անձնական օգնականի ծառայությունը նմանօրինակ այլ ծառայություններից նախևառաջ տարբերվում է նրանով, որ առանցքում հաշմանդամություն ունեցող անձի կամքն ու ցանկությունն է, ոչ թե ուրիշների կարծիքը, թե ինչպես ավելի լավ կլիներ։
Տնային խնամքի կամ սպասարկման ծառայությունները լուծում են պետական մարմինների կողմից բացահայտված հատուկ խնդիրները՝ գնահատված կարիքների փոքր շրջանակը բավարարելու համար: Եվ, բնականաբար, հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող ունենալ ընտրության և վերահսկողության լայն հնարավորություններ, օրինակ, թե որ աշխատողը պետք է այցելի իրեն առավոտյան գնումների հարցում օգնելու համար, որովհետև ամեն ինչ նախապես պլանավորված է ծառայություն մատուցողի կողմից։
Կառավարության որոշմամբ՝ անձնական օգնականի ծառայություն պետք է ստանան «հենաշարժական, տեսողական և հոգեկան (մտավոր) խնդիրներով ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք, որի ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և ունի 10-ից բարձր անապահովության միավոր»։
Նախ՝ դեռ ներդրված չէ ֆունկցիոնալության գնահատման համակարգը, և ոչ ոք չի կարող պնդել, թե ովքեր և քանի մարդ 2023-ին կհամարվեն «ֆունկցիոնալության խոր աստիճանի սահմանափակում ունեցող»։
Անձնական օգնականի ծառայությունը որևէ կերպ չէր կարելի կապել անապահովության գնահատման համակարգի հետ։ Դա նույնն է, ինչ, օրինակ՝ անձին չտան սայլակ՝ իր ընտանիքի աղքատ չլինելու հիմնավորմամբ։ Կառավարության նիստի ժամանակ սա հիմնավորվեց նրանով, որ փորձում են առաջնահերթ արձագանքել «ամենախոցելիների» կարիքներին, սակայն դա անհիմն պնդում է։
Անձի անձնական օգնություն ստանալու կարիքը չի վերանում իր ընտանիքի սոցիալական կարգավիճակի փոփոխությամբ։ Նա շարունակում է ունենալ ինչ-որ մարդու մշտական օգնության կարիքը՝ անկախ ընտանիքի եկամուտներից։
Եվ, վերջապես, ինչո՞ւ է պետք մարդկանց ուղղորդել, ավելի ճիշտ՝ հարկադրել, որ անցնեն այն համակարգի թրի տակով, որը հայտնի է մարդկանց աղքատությունից ոչ թե դուրս բերելով, այլ աղքատությունը խորացնելով։
Այս խնդիրների մասին գիտեն որոշում կայացնողները։ Նրանք գիտեն նաև, որ չունեն շատ հարցերի պատասխաններ, նույնիսկ իրենց որոշումների հիմնավորումները։ Բայց նրանք նախընտրում են տուրք տալ «գոնե մի բան ունենանք, հետո կզարգացնենք» գաղափարին՝ նահանջողականությանը։
Այդ հապճեպ, առանց հասարակության տարբեր խմբերի բավարար ներգրավվածության կայացվող որոշումների հիմքում ամբոխահաճ չհամարվելու անհագ ցանկությունն է, վախը, որն ինքնին ոչ պակաս պոպուլիստական է։
Մուշեղ Հովսեփյան
MediaLab.am