Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարությունն այն մասին, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն տեղաշարժվի Լաչինի գործող միջանցքից, քանի դեռ նոր ճանապարհը չի շահագործվել, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը ո՛չ խնդրահարույց է համարում, ո՛չ նորություն:
«Պաշտոնատար անձի հայտարարությունն իրականությանը համապատասխանում է զուտ նրանով, որ հենց եռակողմ հայտարարության հիմքերով, երբ արդեն ավարտվի նոր երթուղու շինարարությունը, ռուսական խաղաղապահ զորախումբը տեղափոխվելու է արդեն նոր երթուղի: Այսինքն՝ ո՛չ հակառակ բան է ասել, ո՛չ ինչ-որ նոր բան է ասել, որևէ խնդիր չկա այդտեղ»,- «Մեդիալաբին» ասաց Վիտալի Բալասանյանի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանը:
«Ռուսաստանյան խաղաղապահները կվերատեղաբաշխվեն միայն այն պահին, երբ Լաչինի նոր միջանցքը կբացվի։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում նշված են այն քայլերը, քայլերի հերթականությունը՝ նախ կառուցվում է միջանցքը, և մինչ այն սկսում է գործել, ռուսաստանցի խաղաղապահները զբաղեցնում են հինգ կիլոմետրանոց միջանցքը՝ այդ ճանապարհի շուրջ»,- «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Սելեզնյովը:
Հակոբյանը չի շտապում ասել՝ օգոստոսի 25-ից հետո Հայաստան-Արցախ կապը կշարունակի ապահովվել Լաչինի միջանցքո՞վ, թե՞ երթևեկությունն իրականանալու է այլընտրանքային ճանապարհով:
«Առաջ Աստված, թող գա ամսի 25-ը, ամեն ինչ կդասավորվի, ամեն ինչ ավելի հստակ կլինի, որևէ խնդիր չի լինելու երթևեկության համար: Վերջնական մի բան հայտարարեմ, հետո սխալ հասկացվի, ճիշտ չի լինի: Եթե հարցը վերաբերում է ռուս խաղաղապահ զորախմբին, այո՛, շինարարության ավարտից հետո, երբ բացվի նոր երթուղին, նրանք կտեղափոխվեն նոր երթուղի, իսկ երթևեկությունը կլինի գրունտավոյ ճանապարհով, թե ոնց կլինի, որևէ վտանգ չի ներկայացնելու»,- վստահեցրեց Հրայր Հակոբյանը:
Նշենք, որ պաշտոնական Երևանի հայտարարության համաձայն՝ նոր ճանապարհի սեփական հատվածի շինարարությունը կավարտվի ամիսներ անց միայն՝ հաջորդ տարվա մայիսին։
Նկատի ունենալով այս ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդի հայտարարությունները՝ հարց է առաջանում, եթե Լաչինի գործող միջանցքը շարունակելու է գործել մինչև այլընտրանքային ճանապարհի բացումը, ինչո՞ւ Աղավնոյի ու Բերձորի բնակիչները ստիպված պետք է լքեն իրենց բնակավայրը մինչև օգոստոսի 20-ը, որ դրանք հանձնվեն թշնամուն:
«Այդ մասով ես հիմա մեկնաբանություններ չեմ տա, որովհետև դրանք տարբեր կարծիքներ են»,- «Մեդիալաբին» ասաց Հրայր Հակոբյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Մաքսիմ Սելեզնյովի հայտարարության մեջ խնդրահարույց ու հարցերի տեղիք տվող որևէ կետ չկա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am