«Ես պատերազմ եմ հայտարարում իրենց». ԱԻ նախկին նախարարը շարունակում է չընդունել մեղադրանքը

Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և մյուսների գործով նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը դատախազի կողմից հաստատվելուց հետո կուղարկվի հակակոռուպցիոն դատարան:

Նախկին նախարարի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Տիգրան Սարգսյանն ասում է՝ ծանոթ են մեղադրական եզրակացությանը և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պնդում են՝ մեղադրանքն անհիմն է, չեն ընդունում:

«Չենք ընդունում, չենք ընդունելու անգամ, եթե որևէ դատարան մեղադրական դատավճիռ կայացնի, որովհետև անհեթեթությունները պետք է սահման ունենան»,-«Մեդիալաբի» հետ զրույցում ասում է փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք՝ Փիլոյանը մեղադրվում է կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու համար:

Փաստաբանի խոսքով՝ 16 հատորից կազմված քրեական գործում չկան կոնկրետ ապացույցներ, որոնք կհաստատեն Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը: Ավելին, ըստ փաստաբանի, նույնիսկ վկայություններ չկան նախկին պաշտոնյայի դեմ:

«Չկա որևէ մեկը, որ Փիլոյանի դեմ ցուցմունք տված լինի, բոլորը տվել են ցուցմունքներ Փիլոյանի օգտին: Տեսեք՝ մեղադրանքում գրում են՝ ինչ-որ անձի կողմից ջեռուցման համակարգի («Բաքսի») տեսքով կաշառք է տրվել աշխատանքի անցնելու համար, բայց գործի նյութերում այդպես էլ չի պարզվում՝ ով է այդ անհայտ անձը ու ինչ աշխատանքի է փորձել անցնել»,- նշում է Սարգսյանը:

Ըստ փաստաբանի՝ քրեական գործի նյութերում մեղադրանքը կազմվել է մոտավորապես, ենթադրությունների ու գաղտնալսված կցկտուր խոսակցություններից արված եզրակացությունների հիման վրա, ինչի արդյունքում բազում հարցեր չպարզաբանված են մնացել:

Մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս տարածել էր նախաքննության ավարտի մասին հաղորդագրություն և տեղեկացրել. «Բավարար ապացույցներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վ. Մ.-ն իր ծանոթ Ա. Օ.-ի կողմից կաշառք տալու եղանակով նախարարության ՓԾ ջոկատներից մեկի հրամանատարի պաշտոնին նշանակվելու մտադրության մասին 2022 թ. հունվարին հայտնել է ԱԻ նախարարին, որն էլ ընդունել է այդ առաջարկը: Ա. Օ.-ի` համապատասխան պաշտոնում նշանակվելուց հետո Վ. Մ.-ն օժանդակել է նախարար Ա. Փիլոյանի կողմից հիշյալ անձից ոսկու ձուլակտորի տեսքով կաշառք ստանալուն»:

«Վիգեն Մկրտչյանը Արթուր Օհանյանին, ըստ գաղտնալսված ձայնագրության, ասում է՝ ծնունդն է, արի էդ նվերը վերցնենք, տանք, բայց նախաքննական մարմինը վերագրում է, որ էդ ձուլակտորը որպես կաշառք տալիս են Փիլոյանին: Կամ՝ անձն ասում է՝ ես գնել եմ շվեյցարական արտադրանքի ոսկու ձուլակտոր, բայց Փիլոյանի տնից խուզարկությամբ հայտնաբերում են ավստրիական արտադրության ոսկու ձուլակտոր: Կցկտուր ձայնագրությունների հիման վրա մեղադրանք է ձևավորվել»,-նշում է Տիգրան Սարգսյանը:

Փաստաբանն ասում է՝ քրեական գործի նախաքննության ավարտի մասին կողմերին տեղեկացրել էին դեռ օգոստոսի 3-ին, ինչից հետո փաստաբանը միջնորդել է դատարան իր պաշտպանյալին ազատ արձակելու պահանջով, քանի որ Անդրանիկ Փիլոյանին կալանքի տակ պահելու հիմքերը նախաքննության ավարտի հետ մեկտեղ վերանում են, և նա չի կարող հնարավոր ազդեցություն գործադրել վկաների վրա: Սակայն դատախազությունը չի հաստատում մեղադրական եզրակացությունը՝ նշելով, որ լրացուցիչ աշխատանք կատարելու կարիք կա: Արդյունքում Անդրանիկ Փիլոյանին կալանքից ազատելու մասին փաստաբանի միջնորդությունը մերժվում է:

Այնուհետև նախաքննական մարմինը սեպտեմբերի 20-ին հայտարարում է նախաքննության ավարտի մասին, բայց դարձյալ միևնույն բովանդակությամբ միջնորդությունը մերժվում է նաև սեպտեմբերի 29-ին, այն դեպքում, երբ այսօր՝ սեպտեմբերի 30-ին ավարտվում է Փիլոյանի կալանքի լրացուցիչ ժամկետը:

Տիգրան Սարգսյանը չի շտապում քաղաքական ենթատեքստ տալ այս քրեական գործին: Ասում է՝ ինքը փաստաբան է, Փիլոյանն իր մարտական ընկերն է, պաշտպանությունն իրականացնում է անվճար: «Երկուսս էլ գեներալ ենք, ինքն իմ մարտական ընկերն է, ես անհատույց ծառայություն եմ մատուցում, ու սա դարձել է ինձ համար սկզբունքի հարց: Ես պատերազմ եմ հայտարարում իրենց: Չի կարելի իրավաբանությունը մեկնաբանել ըստ իրենց ցանկության, ինչպես իրենց հարմար է: Չի կարելի, ճիշտ չեք վարվում: Սա է պատերազմի պատճառը»,- նշում է փաստաբանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am