Ջերմուկում զինված ագրեսիայի հետևանքով վնասվել է մեկ հյուրանոց, զբոսաշրջության ոլորտը միլիոնների վնաս է կրել. ըստ մասնագետի՝ այժմ փորձում են ուշքի գալ

Վայոց ձորի մարզի առողջարանային Ջերմուկ քաղաքը, որի ենթակառուցվածքները սեպտեմբերի 13-ին ու դրան հաջորդած երկու օրերի ընթացքում ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով զգալի վնասներ էին կրել, փորձում է ուշքի գալ:

Քաղաքի Բարեկամության փողոցում գործող «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանը, որը զինված գործողությունների հետևանքով դադարեցրել էր գործունեությունը, արդեն մի քանի օր է՝ աշխատում է: Գործարանի աշխատանքի դադարի հետևանքով երևանյան որոշ խանութներ «Ջերմուկ» հանքային ջուր չեն ստացել: «Զինված բախման հետևանքով դադարեցվել էր աշխատանքը, հիմա արդեն սկսել են աշխատել, կարծում եմ՝ ամեն ինչ արագ կկարգավորվի»,- «Մեդիալաբին» փոխանցում են գործարանի երևանյան ներկայացուցչությունից:

Գործարանի դադարի հետևանքով կրած վնասների մասին փորձեցինք տեղեկանալ տնօրեն Սամվել Արսենյանից, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանեց նրա թոռը, ասաց, որ եթե ավագ Արսենյանը «բան ունենա ասելու, հետ կզանգի»: Սակայն գործարարը այդպես էլ չցանկացավ խոսել:

Ջերմուկում զգալիորեն տուժել է զբոսաշրջության ոլորտը. հյուրանոցները փակվել են սեպտեմբերի 13-ից, բոլոր ամրագրումները՝ չեղարկվել: Բայց այսօր Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը տարածել է հայտարարություն, որ գրեթե 20-օրյա դադարից հետո Ջերմուկում հյուրանոցային բիզնես իրականացնող ընկերությունները վերսկսում են աշխատանքը:

«Այս պահին հանգիստ վիճակ է, փորձում ենք վերադառնալ բնականոն կյանքի, փորձում ենք բացել հյուրանոցները և սկսել մեր աշխատանքները: Առաջիկայում մարքեթինգային արշավ կսկսենք ու մարդկանց կհրավիրենք վայելելու աշնանային Ջերմուկը»,- «Մեդիալաբին» ասում է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիր Նարեկ Միրզոյանը:

Ջերմուկն ունի 9-12 հյուրանոց, զինված ագրեսիայի հետևանքով վնասվել է մեկ հյուրանոցային համալիր, իրականացվում է վնասի գույքագրում, իսկ ոլորտի տնտեսական վնասը միլիոնավոր դրամների է հասնում: Հստակ չէ՝ որքան հյուրանոց կվերսկսի աշխատանքը, բայց, Միրզոյանի խոսքով՝ խոշոր 2-3-ը կսկսեն աշխատել:

«Ջերմուկի բոլոր հյուրանոցներում այդ ժամանակ եղել է 700-800 զբոսաշրջիկ: Այսինքն՝ մենք ամբողջ ուժով, ամբողջ թափով էինք աշխատում մինչև ռազմական ագրեսիայի օրը, և քանի որ ֆորսմաժորային իրավիճակում բոլորը լքել են քաղաքը, բոլոր հյուրանոցները մեծ վնասներ են կրել: Եվ հյուրանոցները ստիպված ամրագրումների համար վճարած գումարները վերադարձրել են քաղաքացիներին»,- ասում է Միրզոյանը:

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի հիմնադիրն ասում է՝ կառավարությունից չեն կապվել իրենց հետ՝ հասկանալու՝ ինչ վնասներ է կրել զբոսաշրջության ոլորտը: «Զբոսաշրջության կոմիտեից դեռ ոչ մի արձագանք չի եղել»,- ասում է Նարեկ Միրզոյանը:

Դիտարկմանը, թե ըստ պաշտոնական տեղեկությունների՝ թշնամին Ջերմուկից մի քանի կիլոմետր է հեռու, և հարցին՝ ի՞նչ երաշխիք ունեն, որ այդ իրադարձությունները չեն կրկնվի, Միրզոյանն արձագանքում է. «Երաշխիքների մասին թող պաշտպանության նախարարությունը խոսի, բայց ես կարող եմ ասել, որ մենք այս պահին փորձում ենք ոտքի կանգնել, վերադառնալ կյանքի բնականոն հուն, փորձում ենք շարունակել մեր կյանքը»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am