«Ռուս-ուկրաինական պատերազմում այսօրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ, ինչպես ասում են՝ մի՛ բզբզա, թե չէ համապատասխան արձագանք կստանաք: Այդ արձագանքն այսօր իրենց վրա զգացին Ուկրաինայի համարյա բոլոր խոշոր քաղաքները»,- վերլուծելով ռուս-ուկրաինական պատերազմի սրացման պատճառները՝ «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նշենք, որ այսօր Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրել էր Ուկրաինային և այդ երկրի գործողությունները որակել ահաբեկչական՝ ընդգծելով, որ նման գործողությունները հնարավոր չէ անպատասխան թողնել:
«Այսօր առավոտյան ՌԴ ՊՆ առաջարկությամբ և ՌԴ գլխավոր շտաբի պլանի համաձայն՝ գերճշգրիտ զինատեսակներով զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի էներգետիկայի, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին»,- ՌԴ ԱԽ նիստին հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Մարկարովը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է ուժեղացնել ճնշումն Ուկրաինայի վրա, չնայած իրենց ռազմավարությունը եղել է նվազագույնի հասցնել զոհերի թիվը, բայց տեսանելի է, որ իրենք փորձում են այլ կերպ գնալ խնդրի կարգավորմանը:
Այն, որ Բելառուսը ու Ռուսաստանը սկսում են գործածել տարածաշրջանային համատեղ զորքերի խմբավորումը, ինչպես հայտնել էր ՏԱՍՍ գործակալությունը, քաղաքագետը բնական է համարում, որովհետև, նրա խոսքով՝ Ռուսաստանը հիմա օժանդակ ուժերի կարիք ունի:
«Ռուսաստանը, հատկապես Ղրիմի կամրջի պայթյունից հետո, փորձում է հավաքագրել այլ օժանդակություններ, ներառյալ՝ Բելառուսից, թեև հայտնի է, որ ուկրաինական կողմը ոչնչացրել է բոլոր կամուրջները ուկրաինա-բելառուսական սահմանին, ինչն էականորեն դժվարացնում է հյուսիսից մուտքը դեպի Ուկրաինա, չնայած առայժմ դրա մասին դեռ չեն խոսում»,- ասում է Ալեքսանդր Մարկարովը:
Քաղաքագետը նկատում է՝ թեև Հայաստանն անմիջականորեն ներգրավված չէ «ֆորմալ առումով ռուս-ուկրաինական, իսկ իրականության մեջ՝ միջազգային կոալիցիոն պայքարում», այնուամենայնիվ, դրա հետևանքներից անմասն չի մնում նաև մեր տարածաշրջանը:
«Հայաստանը ուշադիր հետևում է զարգացումներին, որովհետև այն, ինչ տեղի է ունենում ռուս-արևմտյան հարաբերություններում, բնականաբար, իրենց աձագանքը գտնում են Հարավային Կովկասում, որտեղ Արևմուտքի առջև, այն պայմաններում, երբ Ռուսաստանի ազդեցությունը նվազում է տարածաշրջանում, շատ լավ հնարավորություն է վերջինիս համար, որը կարելի է բաց չթողնել»,- ասում է Մարկարովը:
Քաղաքագետը հրաժարվում է կանխատեսումներ անել հետագա զարգացումների վերաբերյալ ու ասել, թե Ռուսաստանը կդիմի՞ միջուկային զենքի կիրառմանը կամ կպարտվի պատերազմում, որովհետև, իր խոսքով, այդ մասին կարող են եզրահանգումներ անել միայն ռազմական փորձագետները, բայց «քաղաքական ճակատում առկա են խնդիրներ, որոնք փորձում է կարգավորել Ռուսաստանը՝ փաստ է»:
Հավելենք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր Տելեգրամի իր ալիքում գրել էր. «Ուկրաինական պետությունը նացիստական քաղաքական ռեժիմի հետ ներկայիս կոնֆիգուրացիայում մշտական, ուղիղ և բացահայտ սպառնալիք է ներկայացնում Ռուսաստանին։ Այդ պատճառով, բացի մեր մարդկանց պաշտպանությունից և երկրի սահմանների պաշտպանությունից, մեր հետագա գործողությունների նպատակը, իմ կարծիքով, պետք է դառնա Ուկրաինայի քաղաքական ռեժիմի լիակատար ապամոնտաժումը»:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am