«Ասում էր՝ մամա՛, կտեսնես՝ ես ինչ լավ պապա եմ լինելու»․ 18-ամյա Գոռ Մելքոնյանը զոհվել է պատերազմի առաջին օրը

Լիլիա Բադալյանն արդեն երկու տարի է՝ ինչ գնում է պատերազմում զոհված որդու՝ Գոռի սիրած շոկոլադներն ու խնամքով դնում նկարի դիմաց, իսկ նկարի կողքին պարտադիր դասավորում է որդու սիրած ծաղիկները՝ շուշաններն ու վարդերը, ու շարունակ հետևում, որ թարմ լինեն:

Գոռ Մելքոնյանը 18 տարեկան էր: Զոհվել է պատերազմի հենց առաջին օրը՝ լինելով ընդամենը մեկ ամսվա ծառայող։ 

47-ամյա Լիլիա Բադալյանին ապրեցնողն այսօր մյուս որդին է՝ 24-ամյա Գուրգենը։ Ասում է՝ որդիներին մեծ դժվարությամբ է մեծացրել: 

«Էրեխեքիս մեծացնելու համար ամեն տեղ աշխատել եմ, եղել ա՝ ճաշ եմ եփել, խոհարար եմ եղել, երեխա եմ պահել, խանութում վաճառող եմ աշխատել, ամեն ինչ արել եմ հանուն իրենց։

Բայց որ գնում էի, Գոռս ինձ շատ էր կարոտում։ Գործից որ տուն էի գալիս, ոտքերիս մոտ երկար նստում էր, ասում էր՝ մամա՛, ուզում եմ երկու հատ Լիլիա ունենամ, որ մեկը գնա գործի, մեկն էլ մնա իմ մոտ՝ տունը։ Ինձ կյանքն էր ստիպել, որ ես տենց աշխատեմ, բայց ես չհասցրի երեխուս վայելեմ, գնաց․․․ տարան»,- ասում է մայրը։

Գոռի հետ վերջին անգամ ընտանիքը խոսել է սեպտեմբերի 26-ին։ Ասում են՝ զգուշացրել է՝ գուցե մի քանի օր չկարողանա զանգել, իսկ սեպտեմբերի 27-ի առավոտյան խոսել է միայն ավագ եղբոր հետ՝ կցկտուր կերպով հասկացնելով, որ պատերազմ է սկսվել։

«Էդ առավոտ զանգել էր ինձ, ես չէի լսել, հետո ախպորն էր զանգել, ասել էր՝ ապեր, պատերազմ ա, ախպերը քունը գլխին էր եղել, չէր հասկացել, հետո հորն էր զանգել, հերն էլ չէր հասկացել՝ ինչ ա ասում։ Արդեն մի քանի րոպե տարբերությամբ ես հետ զանգեցի, բայց էլ չվերցրեց»,- հիշում է մայրը։

Մոր խոսքով՝ իրենք ավելի ուշ են իմացել՝ ինչպես և ինչ պայմաններում է զոհվել Գոռը։ Ընտանիքն ասում է՝ մեկ ամսվա ծառայող էր, օգոստոսին էր զորակոչվել բանակ, սակայն երբ ցանկացել են նորակոչիկներին հետ տանել, չի ենթարկվել, առաջինն է վերցրել զենքն ու նետվել առաջ։

«Հրամանատարն իրան ասել ա՝ դու մնա՝ սնարյադները մեքենաների մեջ բեռնելու, իսկ իրենց հետ գտնվող մյուս 4 տղաներին թե՝ դուք նստեք, որ բարձրանանք դիրքեր։ Էդ պահին Գոռն ասել ա՝ իմ տեղը տղաների կողքին ա, ու մեկ ուրիշ տղայի հետ տեղերով փոխվել ա, բարձրացել դիրքեր»,- ասում է մայրը։

Ժամեր անց զինվորական մեքենան, որով Գոռը տեղափոխվել է առաջնագիծ, հայտնվել է թշնամու թիրախում, հարվածի հետևանքով զոհվել է մեքենայում գտնվող զինվորականների ողջ անձնակազմը: Գոռի հետ կապը ընտանիքը կորցրել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ից։ 

«Արցախ, Գորիս, Սիսիան, Մարտակերտ․․․ ուր ասես ման չեմ եկել։ Մեզ խառը տեղեկություններ էին տալիս. մեկն ասում էր՝ ստեղ ա, տեսել ենք, մեկն ասում էր՝ բունկերներում են պահած, ապահով են։ Մեզ ասում էին՝ անհայտ ա, բայց չի նշանակում, որ չկա։

Գնում էի, որ ԴՆԹ տայի, ինձանից չէին վերցնում, ասում էին՝ ինչի՞ ես տալիս, քո երեխեն կա, հլը կգա, հլը հույս կա»,- նշում է Լիլիա Բադալյանը։

Ընտանիքը Գոռին փնտրել է մոտ 11 ամիս՝ այդ ընթացքում ունենալով նրա գտնվելու մասին կցկտուր տեղեկություններ։

«Էդպես մի օր էլի էդ թեմաների մեջ, մեկ էլ մեր ծանոթներից մեկը զանգեց՝ բա Հերացու մորգում ծանոթ կա, ինձ տվյալներ ասեք՝ տեսնեմ տենց մարդ կա՞ ընդեղ, թե՞ չէ։ Մի քանի ժամից զանգեց, ասեց, որ իրանց մոտ այրված մարմին կա՝ Գորիսից են բերել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, տվյալներն էլ հաստատված են, բայց տենց ո՞նց կարար լիներ, եթե ես մինչև էդ պահը ԴՆԹ չէի տվել»։

Մարմինը գտնելուց հետո երեք ԴՆԹ թեստ է արվում՝ Գոռի հորից, մորից, վերջինն էլ՝ եղբորից։ Բոլոր երեք թեստերն էլ հաստատում են՝ գտնված մարմինը Գոռինն է: 

Մայրը, սակայն, ասում է՝ որդուն բանակ չպիտի տանեին, քանի որ հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել, կարող էր անկանխատեսելի վարք դրսևորել, կտրուկ շարժումներ անել, ինչ-որ բան ջարդել կամ էլ ձեռքերով խփել պատերին:

«Փոքր տարիքից ինքը նյարդային բաներ ուներ, կարող էր կանգնած տեղը շապիկը ճղեր կամ խփեր պատերին: Ուրիշներին վնաս չէր տալիս, բայց հոգեկան առողջության խնդիրներ ուներ»,- ասում է մայրը և հավելում, որ որդու մոտ բժիշկները ախտորոշել էին «7-ի «գ»։ 

(«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Կառավարության «Զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմաններ սահմանելու մասին» որոշման 7-րդ հոդվածի «գ» կետին են վերաբերում «բուժմանը ենթարկվող և լավացումով ավարտվող թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան գործունեության խանգարումներ (օբսեսիվ, կոմպուլսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի, անձնային և իրավիճակային ռեակցիաները): Սահմանափակումով պիտանի է զինվորական ծառայության համար – խմբ.):

Բացի վերոնշյալ խնդիրներից, մայրն ասում է՝ Գոռը նաև կակազում էր, որը ձեռք էր բերել վաղ տարիքում: 

Չնայած այս ամենին, մայրը նշում է՝ Գոռն ամեն ինչ անում էր, որ մեկներ ծառայելու: 

«Իր պատկերացումներում հայրենիքը գեղեցիկ անկյուն էր, հետո էլ ոգեշնչվել էր քառօրյա պատերազմի զոհերից Ռոբերտ Աբաջյանի կերպարով»,- նշում է նա:

«Ես խնդրեցի, որ Գոռին ճիշտ հետազոտեն, բայց իրանք մի հատ հարցազրույց արեցին, հետո էլ տարան ու մի ամբողջ օր փակեցին Սովետաշենի հոգեբուժարանում։ Առանց նայելու՝ ով ինչ ա անում ըտեղ, ով ոնց ա, ուղղակի փակեցին։ Երեխեք կային, որ իրանց հատուկ փրթեցին, որ բանակ չգնան ու չգնացին, իսկ Գոռին տարան, որովհետև ամեն ինչ անում էր, որ գնար, բայց տենց ճիշտ չի»,- նշում է Լիլիա Բադալյանն ու հավելում՝ պատժելու է բոլոր մեղավորներին, գնալու է մինչև վերջ, պայքարելու է արդարության համար:

Մայրը հիշում է՝ Գոռը շատ երազանքներ ուներ։ Ուզում էր բանակից վերադառնալուց հետո աշխատել ու մեծ տուն կառուցել: 

Հոր հետ խնդիրներ ուներ և որոշել էր, որ մայրն ու տատն էլ երբեք չպիտի աշխատեն իրեն պահելու համար, չէ՞ որ բանակից ինքն արդեն մեծացած էր գալու: 

«Ասում էր՝ մամա՛, կտեսնես՝ ես ինչ լավ պապա եմ լինելու, ինչ լավ ընտանիք եմ ունենալու, բայց ես էնքան չեմ ամուսնանա, մինչև չիմանամ, որ քո համար լավ ա․․․»,- որդու խոսքն է հիշում որդեկորույս մայրը:

Մայրն ասում է, որ որդու երազանքները մնացին անկատար, իսկ իրենց վերքը՝ միշտ բաց: Մի դրվագ է հիշում ու նշում, որ դա իրեն հանգիստ չի տալիս: Լիլիան ասում է՝ հոգու վրա ծանրացել է, որ մեծ որդու համար լավ հեռախոս էր գնել, իսկ Գոռի համար չհասցրեց: 

«Դա գուցե մեծ բան չի, բայց ինձ սպանում ա, շատ եմ նեղվում: Ինքը հեռախոս էր ուզում։ Մի անգամ փորձեցի ապառիկով վերցնեմ, չստացվեց, ասեցի՝ գնաս, գաս, մինչև հետ գալդ էդ հեռախոսը կլինի։ Ինքը գիտեր, որ եթե մաման խոստանում ա, բացառվում ա, որ չանեմ։ Գուրգենիս համար արեցի, բայց Գոռիս համար՝ չէ…»- հուզվում է Գոռի մայրը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am