«Արմանը մեր առաջնեկն էր, միակ տղան, մեր հույսն էր ու լույսը»․ 18-ամյա Արմանը զոհվել է պատերազմի առաջին օրը

Երկու տարի է անցել այն օրից, երբ 18-ամյա Արմանը պատերազմի դաշտում զոհվել է, սակայն հարազատների համար ժամանակը սպեղանի չի եղել, որ փոքր-ինչ մեղմի կորստյան ցավն ու մորմոքը:

«Օրեցօր ավելի վատ ա դառնում, կարոտն ահավոր խեղդում ա։ Արմանը մեր առաջնեկն ու միակ տղան էր, մեր հույսն էր ու լույսը։ Շատ ծանր ա»,- ասում է մայրը՝ 44-ամյա Արմինե Թովմասյանը։

Արման Կարապետյանը զոհվել է 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, երբ դիրքից դիրք տեղափոխվելիս ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։ Մեքենայում 7 զինվոր են եղել, 2-ը զոհվել են, որոնցից մեկը Արմանն է եղել։

Կարապետյաններն ասում են՝ դեպքից օրեր անց փրկված տղաներից իմացել էին որդու հետ կատարված ողբերգական դեպքի մասին, սակայն որևէ պաշտոնական աղբյուր այն չէր հաստատում։

Մայրն ասում է, որ ամբողջ ընտանիքը մինչև վերջին վայրկյանը աղոթքով ու հույսով սպասել է, որ Արմանից մի լուր կստանան, ողջ կհայտնվի, մինչև հունվարի 18-ին ստացել են ԴՆԹ համընկնման պատասխանը։

«Սիսիանի հոսպիտալում բերել էին իր վիրավոր ընկերներից, հանդիպել էինք, խոսել, բայց չէինք հավատում, մտածում էինք՝ սուտ կլինի։ Բայց, ցավոք․․․»- հուզվում է մայրը։

Արման Կարապետյանը հուղարկավորվել է Սիսիանի պանթեոնում։ 

Հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման, երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությունների համար:

Արմինեն որդու մասին պատմելիս թախիծի միջից ժպտում է, ասում է՝ որդուն մշտապես հիշում է ժպիտը դեմքին։ Արմանը կատակասեր էր, հումորով, որտեղ ինքն էր, այնտեղ ծիծաղն էր՝ ասում է մայրը։

«Եթե տխուր էինք, ինքը հայտնվում էր, մենք արդեն ուրախ էինք, եթե ինքը տանն էր, տունը լիքն էր։ Դպրոցում, բանակում իրան շատ էին սիրում, հրամանատարների հետ մինչև հիմա կապ ունենք, ասում էին՝ տենց երեխա չենք տեսել»,- ասում է մայրը։

Արմինեն որդու զոհվելուց հետո ապրում է նրա մասին հուշերով, հաճախ է դիտում որդու տեսանյութերը, որոնցում ևս որդու հումորներն անպակաս են․ 

«Դրանցով ենք ապրում՝ իրա նկարներով ու տեսանյութերով, օր չկա, որ չնայեմ, պարտադիր պիտի նայեմ»։

Արմանը բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր ուներ։ Սիրել է ֆուտբոլ, հաճախել Սիսիանում ֆուտբոլի խմբակ, ուզում էր ֆուտբոլիստ դառնալ: Մինչև բանակ զորակոչվելը ընդունվել է ֆիզկուլտ ինստիտուտ, հասցրել 6 ամիս սովորել, 2019-ի դեկտեմբերի 27-ին մեկնել է ծառայելու։ Որոշել էր ծառայությունն ավարտելուց հետո վերադառնալ, շարունակել կրթությունը և դառնալ մարզիչ կամ դպրոցի ուսուցիչ։

«Բայց չհասցրեց»,- կրկին հուզվում է մայրը։

Ծնողները ևս իրենց միակ որդու հետ կապված փայփայած շատ երազանքներ ունեին, որ որդին բանակից գար, սիրած գործով զբաղվեր, ընտանիք կազմեր, թոռներ ունենային…

«Հիմա ապրում ենք իր մասին հիշելով, գերեզման գնալով, իր հետ զրուցելով։ 44-օրյայի տղաների մասին գրքեր տպագրվեցին, Արմանիս ևս անդրադարձել են, դրանցով ենք ապրում»,- ցավով ասում է մայրը ու նշում՝ միշտ ականջին է որդու դիմելաձևը: 

«Ձայնն ականջումս ա, մամայի փոխարեն կատակով անունով էր դիմում՝ Արմինե»,- հուզվում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am