«Մեդիալաբի» հարցերի պատասխանել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը:
-Պարոն Մեհրաբյան, ինչո՞վ եք պայմանավորում այս փուլում Ադրբեջանի կողմից սահմանային իրավիճակի սրումը:
-Իրավիճակի սրումը մեծապես պայմանավորված է նրանով, որ չկա բանակցային գործընթաց: Մյուս կողմից էլ Ադրբեջանը չի հրաժարվում հարցն ուժային ճանապարհով լուծելուց և արդեն գնում է իրավիճակի սրացման՝ փորձելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ղարաբաղյան հարցի կարգավորման վրա և այդ ընթացքում Հայաստանին հասցնել մաքսիմալ բարոյական ու քաղաքական վնաս՝ փորձելով բանակցային գործըթնացում սեփական մաքսիմալիստական դիրքորոշումն առաջ տանել: Բացի դրանից, Ադրբեջանը նման հնարավորություն է ստանում, քանի որ Հայաստանը ֆունդամենտալ առումով սխալ է հաշվարկել իր սպառնալիքները, իր սպառնալիքների պատճառահետևանքային կապերը: Ըստ այդմ՝ սխալ է որոշել իր բարեկամներին ու հակառակորդներին, փաստորեն իր գլխավոր սպառնալիքին կոչում է ռազմավարական դաշնակից ու դարավոր բարեկամ՝ դրանով իսկ վանելով իրենից պոտենցիալ դաշնակիցներին և բարեկամներին: Միաժամանակ, դրանով Հայաստանը բարդացնում է իր հարաբերությունները հարևանների հետ, խոսքը հատկապես Վրաստանի ու Իրանի մասին: Կատարելով քաղաքական քայլեր, որոնք սպասարկում են այդ ռազմավարական դաշնակցի շահերը՝ ի վնաս և ի հաշիվ մեր շահերի, Հայաստանը կրում է մեծագուն բարոյական և քաղաքական վնասներ և դրա դիմաց ստանում մեր պոտենցիալ դաշնակիցների ու բարեկամների լռությունը:
-Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանն անդամագրվել է Եվրասիական տնտեսական միությանը: Այդ կառույցին անդամագրումն իշխանությունները հիմնավորում էին նաև նրանով, որ պետք է բարձրանար Հայաստանի անվտանգության բաղադրիչը: Իրականում ի՞նչ ունենք այսօր:
-Այս ընթացքում Հայաստանը միանգամայն անտեղի իր վրա վերցրեց նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ողջ վնասի իր բաժինը, որից կարող էր խուսափել: Երկրորդ, Հայաստանն այս քայլով սասանեց, վտանգեց իր անվտանգությունը՝ դիմացը ստանալով միայն պրոբլեմներ, ուրիշ ոչինչ: Բացի դրանից, Հայաստանում էլ ավելի խորացավ, այսպես կոչված, ռուսական համակարգը, այսինքն՝ քաղաքական-տնտեսական համակարգի ռուսական ձևը, որն այլ տեղ, քան կործանում, չի կարող տանել: Այսինքն՝ մի համակարգ, որտեղ կոռուպցիան ոչ թե չարիք է, այլ կառավարման համակարգ:
Դա էլ անխուսափելիորեն բերեց իր հետևանքներին, և մենք փաստորեն վերջին երկու տարվա ընթացքում ունեցանք աննախադեպ սրացումներ սահմանի վրա, այդ թվում՝ այն գագաթնակետը, որը մենք տեսանք ապրիլին: Իսկ ապրիլից հետո փաստորեն Հայաստանը բոլոր քաղաքական հնարավորություններն ուղղակի մսխեց, և մենք երեկ արդեն ստացանք ոտնձգություն Հայաստանի սահմանի նկատմամբ:
-Եվ այս պայմաններում ՀԱՊԿ-ն, որը կոչված է նման դեպքերում արագ արձագանքելու, անհասցե հայտարարություն է անում: Սա ի՞նչ է նշանակում:
-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իրականում մի բան է, որտեղ չկա ոչ հավաքականը, ոչ անվտանգությունը, ոչ պայմանագիրը, ոչ էլ կազմակերպությունը: Դա ուղղակի մի զսպաշապիկ է Հայաստանի վրա, որի նպատական է անվտանգության և պաշտպանական համակարգերի առումով սահմանափակել Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ՝ դիմացը չտալով ոչինչ: Իրենք բացատրում են, որ Ադրբեջանն իրենց գործընկերն է: Մենք գործ ունենք մի աբսուրդ իրավիճակի հետ, և այդ ՀԱՊԿ-ն ոչ թե ամրապնդում է մեր անվտանգությունը, այլ թիվ մեկ սպառնալիքն է մեր անվտանգության համար:
-Իսկ ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը՝ այս իրավիճակից դուրս գալու համար:
-Հայաստանը պետք է վերանայի իր սպառնալիքների գնահատականը: Այդ վերանայված գնահատականի հիման վրա նորովի պետք է սահմանի, թե ովքեր են իր իրական բարեկամները և հակառակորդները: Հայաստանը պետք է իրական ու լիբերալ բարեփոխումներ անցկացնի երկրի ներսում՝ դրանով բարձրացնելով ամրության պաշարը և իր վրայից պետք է թոթափի բոլոր, այսպես կոչված, պարտավորությունները Ռուսաստանի առաջ: Եվ Հայաստանը պետք է դիվերսիֆիակցնի իր անվտանգության քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, տնտեսական քաղաքականությունը, արտաքին տնտեսական կապերը, էներգետիկ քաղաքականությունը: Ռուսական մոնոպոլիաները Հայաստանում քամում են երկիրը ու մաշեցնում մեր ռեսուրսը, ինչը թույլ չի տալիս, որպեսզի երկիրը կարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները:
Էմմա Մանուկյան
MediaLab.am