«Գագիկ Բեգլարյանին մեղադրանք ներկայացված չէ». Փաստաբան

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի պաշտպանությունն առայժմ դիրքորոշում չունի այսօր գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նախկին պաշտոնյայի գործունեության վերաբերյալ նշված մի շարք ուշագրավ հանգամանքների վերաբերյալ:

«Այս պահին մենք դիրքորոշում չունենք: Որևէ քննչական գործողություն չի կատարվել, այդ պատճառով հրաժարվելու ենք որևէ դիրքորոշում հայտնելուց»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Գագիկ Բեգլարյանի ներկայացուցիչ, փաստաբան Գոռ Օհանյանը:

Գլխավոր դատախազությունը, հիշեցնենք, այսօր հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացրել է, որ 2002-2010 թվականների ընթացքում Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ Երևան քաղաքում և այլ բնակավայրերում գտնվող բազմաթիվ՝ երկու տասնյակից ավելի անշարժ գույք։

«Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության՝ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացմամբ, կձեռնարկի դատախազական ներգործության անհրաժեշտ բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու նպատակով»,- նշված է իրավապահ մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտարկմանը, թե գլխավոր դատախազությունը, ըստ էության, գնահատական է տվել նախկին պաշտոնյայի կոնկրետ պաշտոնավարման ժամանակահատվածում իրականացրած գործունեությանը՝ մատնանշելով յուրացման, հափշտակության մասին, փաստաբանն արձագանքում է.

«Դա ընդամենը հայտարարություն է, քննչական գործողություններ չեն կատարվել, առաջադրված մեղադրանք չկա, ծանոթ չենք դրա բովանդակությանը և ոչ էլ հիմնավորման իրավական ձևակերպումներին, դրա համար հիմա ձեռնպահ ենք մնում որևէ գնահատական տալուց: Քննչական գործողություն կկատարվի, նոր կխոսենք»:

Այդ դեպքում ինչո՞ւ է պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում Քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմի մասին, թվարկվում են գույքերի հասցեները հարցին Գոռ Օհանյանը պատասխանում է. «Մեղադրանքները սովորաբար լինում են մի քանի էջ, բայց հիմա ընդամենը մի քաղվածք է տարածվել լրատվամիջոցների համար, մենք ծանոթ չենք բովանդակային մասին: Պարոն Բեգլարյանին մեղադրանք ներկայացված չէ: Դուք ասում եք՝ պաշտոնական հաղորդագրության մեջ կոնկրետ գնահատականներ են տրված, բայց ես էլ ասում եմ՝ մարդուն մեղադրանք ներկայացված չէ: Երբ մեղադրանք ներկայացվի, ծանոթանանք մեղադրանքին, ստանանք հասանելի փաստաթղթերը, նոր միայն կարող ենք դիրքորոշում հայտնել: Բա որ հիմա մեղադրանք չներկայացվի»:

Գլխավոր դատախազությունից նաև ընդգծել էին, որ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համակցությունը բավարար համարելով՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, սեփական նախաձեռնությամբ, նոյեմբերի 15-ին որոշել է Գագիկ Բեգլարյանի նկատմամբ 27 դեպքով հարուցել հանրային քրեական հետապնդում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 25 դեպքով՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացում, պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացում):

Շուրջ երկու տասնամյակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանին արդեն իսկ մեկ այլ վարույթով մեղադրանք է առաջադրվել Երևանի Կենտրոնի թաղապետ աշխատած տարիներին 230 մլն դրամանոց մանկապարտեզի շենքը յուրացնելու համար: Նախկին պաշտոնյան մեկ տարի գտնվում էր հետախուզման մեջ, սակայն նախորդ տարի՝ 2021-ին, վերադարձավ Հայաստան ու չկալանավորվեց՝ 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելով:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am