Բարեւի հեղափոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է «հաղթանակների շրջագայություն»` Հայաստանի քաղաքներով

Բարեւի հեղափոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է «հաղթանակների շրջագայություն»` Հայաստանի քաղաքներով
Բարեւի հեղափոխություն. Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է «հաղթանակների շրջագայություն»` Հայաստանի քաղաքներով

Քիչ առաջ ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում հրավիրած բազմահազարանոց հանրահավաք, ուր Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց ինչպես երեկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած խոսակցության մանրամասներ, այնպես էլ խոսեց հետագա պլանների մասին:
Տեղեկացնենք, որ Ազատության հրապարակում մարդիկ արդարություն են պահանջում` հայտարարելով, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված են, եւ որ նախագահ է ընտրվել ոչ թե ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, այլեւ «Ժառանգության» Րաֆֆի Հովհաննիսյանը:

Այս պահին հանրահավաքի ներկաները Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ երթով անցնում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ մարդկանց ուղեկցությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների նախագահական ընտրություններում ստացած ձայների թվով երկրորդն էր գործող նախագահ Սերժ Սարգսյանից հետո, նախագահական նստավայրում հանդիպել է վերջինիս հետ` իշխանությունը «ժողովրդին վերադարձնելու» ակնկալիքով:

Մանրամասների մասին Հովհաննիսյանը խոստացել էր ներկայացնել այսօր, ինչը եւ արեց:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի, նա Սերժ Սարգսյանին առաջարկել է հրապարակավ պատժել կեղծարարաներին եւ չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները` կրկին ընտրություններ նշանակել, ինչին, հասկանալի է` Սարգսյանը չի համաձայնվել:

Այս դեպքում, ինչպես հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներին տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննսիյանը, նա առաջարկել է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել` խոսելով համամասնական խորհրդարանի եւ խորհրդարանական կառավարման, «ժողովրդի իշխանության» մասին: Այս առաջարկը եւս, նախագահ Սերժ Սարգսյանը չի ընդունել:

Ուստի, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ սկսում է երկարատեւ պայքար, եւ որ մինչեւ կյանքի վերջ ժողովրդի կողքին է լինելու:

«Վաղը ամբողջ հանրապետության մեջ մեկ առ մեկ պիտի հաղթանակը տանենք,-հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ Հայաստանի քաղաքներով «հաղթանակների շրջագայության» են դուրս գալիս:

«Վաղը ժամը 12-ին` Աշտարակ, կեսօրից հետո Վանաձորի Արցախի պուրակ, հինգին` Գյումրի,-պլանների մասին տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը` նշելով, որ կիրակի օրը` ժամը երեքին կրկին հանարահավաքի է հրավիրում մայրաքաղաք Երեւանում:

«Առաջարկում եմ Երեւանի քաղաքապետին, ով ի գիտություն չընդունեց մեր հայտը, հենց հիմիկվանից ի գիտություն ընդունի. սա Ազատության հրապարակն է, ոչ մեկի սեփականությունը չէ, հայ ժողովուրդն այստեղ է հավաքվելու»,-մասնավորապես նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը`անդրադառնալով քաղաքապետարանի կողմից այսօրվա հանրահավաքը չարտոնագրելուն:

Հիշեցնենք, որ այսօրվա հանրահավաքին միացել էին ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռոստոմյանը, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Հանրահավաքի մասնակիցներին առանձնապես հուզեց հայտնի երգահան, հեղինակային երգի կատարող Ռուբեն Հախվերդյանի ելույթը:

Հայտարարելով, որ սատարում է Րաֆֆի Հովհաննիսյանին, Ռուբեն Հախվերդյանն իր ելույթում հիշատակեց Սերժ Սարգսյանի եւ նրա եղբոր` Սաշիկ Սարգսյանի անունները` նրանց  գործունեությանն որակելով որպես «գայլերի ոհմակ»:

«Վերջապես պետք է ազատվենք գայլերի ոհմակից: Հասկանում եմ, որ իմ ասածն իմ վրա ծանր կնստի, բայց ես թքած ունեմ դրա վրա: Ես արդեն, ճիշտն ասած հույսս կտրել էի, մտածում էի, որ ոչինչ չի փոխվի: Բայց, որ Դուք այսպես հավաքվեցիք, Ձեզ տեսա այս հրապարակում, իմ մոտ նորից հույս արթանացավ, որ մեր երկիրը կարող է ունենալ ապագա»,-հակիրճ ելույթում նշեց Ռուբեն Հախվերդյանը:

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am