Ապարանում չեն «պայքարում տոնածառի դեմ», սակայն տոնական զարդարանք չի լինի. «10 միլիոն դրամից ոչ մի կոպեկ չենք ծախսել»

Ապարանը և Երեւանը, դեկտեմբեր 2022

Մինչ մայրաքաղաք Երևանը շողշողում է լույսերի մեջ, գլխավոր փողոցները և Հանրապետության հրապարակը պարուրելով շքեղ տոնական լույսերով և զարդարանքով, Երևանից շուրջ 57 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Ապարանի համայնքապետարանը հայտարարել է, որ «նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել»:

«Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, ձեզ հայտնի է, որ Ապարան քաղաքը վերջին տարիներին իր տոնական զարդարանքով հաճելիորեն զարմացրել է թե՜ համայնքի բնակիչներին, թե՜ հյուրերին և այլ այցելուների: 

2022 թվականի սեպտեմբերին պատերազմի հետևանքով Ապարան համայնքում ունենք զոհված և անհետ կորած զինվորականներ: Այդ պատճառով համայնքապետարանը նպատակահարմար չի գտնում քաղաքը զարդարել և տոնական տեսքի բերել»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ՝ հույս հայտնելով, որ համայնքի բնակիչները ըմբռնումով կմոտենան որոշմանը: 

Արկադի Կարապետյանն ասում է, որ իրենց որոշումն արդարացված են համարում, քանի որ այս տարի ևս անհետ կորած ու զոհ ունեն. Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով համայնքի Հարթավան գյուղից անհետ կորած զինծառայող ունեն, իսկ Ապարան քաղաքից՝ զոհված սպա:

«Որևէ խնդիր չի առաջացել, բնակիչները ըմբռնումով են մոտենում համայնքապետարանի կայացրած որոշմանը, հասկանում են, որ այդ երեխաները նաև մերն են, և երբ ունես անհետ կորած ու զոհված երեխա, չես կարող զարդարանքներ ու ճոխություններ թույլ տալ: Ոչինչ, այս տարին էլ առանց դրանց թող լինի»,- «Մեդիալաբին» ասում է Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքը չզարդարելու ու տոնական տեսքի չբերելու իրենց որոշմանը:

Նա նշում է, որ ի սկզբանե ամանորյա զարդարանքների համար համայնքապետարանից նախատեսված 10 միլիոն դրամից դեռ «ոչ մի կոպեկ չի ծախսվել»:

«Նախատեսված էր 10 միլիոն դրամ ծախսել այդ նպատակով, բայց այս պահին ոչ մի կոպեկ չենք ծախսել, որովհետև ամանորյա միջոցառումներ չենք անելու: Թե որտեղ ու ինչ կարիքների համար կծախսվեն այդ գումարները, չեմ կարող ասել այս պահին, որովհետև որոշում չկա կայացրած: Մեր համայնքի բյուջեն է, տեղում է»,-ասում է նա: 

Ապարան համայնքի մշակույթի կենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը լիովին կիսում է համայնքապետարանի որոշումը: Նա համակարծիք է կայացված որոշմանը, որ այս իրավիճակում չարժի տոնական զարդարանքներով ու լուսավորությամբ պատել քաղաքը, բայց ընդգծում է, որ մանուկների համար, այնուամենայնիվ, ամանորյա հեքիաթային տրամադրությունը կապահովեն։ 

«Նախատեսված են միայն դահլիճային մանկական, փակ դահլիճային միջոցառումներ, տոնածառի հանդեսներ մանկապարտեզի և մինչև 12 տարեկան երեխաների համար։ Զանգվածային, ընդհանուր բնույթի միջոցառումներից, որոնք կարող են մարդկանց ցավի վրա ազդել, խուսափել ենք, որովհետև, իհարկե, ծանր օրեր ենք ապրում, ու կարիք չկա եղած ցավն էլ ավելի բորբոքել։ Ընդհանուր որոշմանը, իհարկե, մենք էլ ենք կողմ»,- «Մեդիալաբին» ասում է մշակույթի կենտրոնի տնօրենը։

Շուրջ 6000 բնակիչ ունեցող Ապարանը 2017-ին համայնքների խոշորացման ծրագրով միավորվեց երկու տասնյակ այլ համայնքների հետ՝ ձեռք բերելով բազմաբնակավայր համայնքի կարգավիճակ: Ապարան համայնքում այսօր բնակիչների թիվը շուրջ 25.000 է: 

2021 թվականի մայիսին կայացած ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավար է վերընտրվել 2017-ից պաշտոնավարող Կարեն Եղիազարյանը, որի միակ մրցակիցը իշխող «Քաղաքացիական պայմանագրից» էր: Գործող իշխանությունների օրոք Եղիազարյանի դեմ մեկ տասնյակից ավելի քրեական գործեր էին հարուցվել, որոնք հետո կարճվել են: 

Իր նկատմամբ հարուցված քրեական գործերին անդրադառնալով՝ Եղիազարյանը այն որակել էր որպես շոու: 

«Չեմ վախենում, ապարանցուն ո՞նց կարող են քրեական գործերով վախեցնել»,- լրագրողներին ասել էր նա։

Հետաքրքիր է, որ ճոխ Ամանոր նշելու ավանդույթ ունեցող Ապարանում սակայն նախորդ տարիներին քաղաքը զարդարվել է: Զարդարվել է և՛ պատերազմից հետո, և՛ դրան հաջորդող 2021, 2022 թվականներին: 

Հաշվի առնելով մայրաքաղաք Երևանում այս տարվա կատարված աննախադեպ մեծ ամանորյա ծախսերը՝ արդյոք Ապարանն իր քայլով ընդդիմանո՞ւմ է իշխանությանը, համայնքի ղեկավարի տեղակալը պատասխանում է. 

«Մենք իշխանության հետ ոչ մի խնդիր չունենք այս պահին, ո՛չ ընդդիմություն ենք խաղում, ո՛չ էլ այլ բան ենք անում,-«Մեդիալաբին» ասում է Կարապետյանը: -Անցած տարիներին համայնքը զարդարվել է, որովհետև զոհվածների և՛ քառասունքն էր լրացել, և՛ տարին, ու մենք մտել ենք մարդկանց տներ, անձամբ ներողություն ենք խնդրել, ստացել ենք իրենց թույլտվությունը, նոր միայն քաղաքը զարդարել ենք, իսկ այս տարի ունենք մարդիկ, որ դեռ անհետ կորած են, բացի քառասունք լրանալ-չլրանալուց: Այս ամենի մեջ բացարձակ միտումներ չկան, ոչ ոք թող քաղաքական ենթատեքստ չփնտրի այս ամենի տակ»:

Ամանորյա տրամադրություն ապահովելու նպատակով արված ծախսերը, որոնք մայրաքաղաք Երևանում կազմել են մոտ 192 միլիոն դրամ, վերջին օրերին բուռն քննարկումների և քննադատությունների առիթ դարձան: 

Իշխանության կողմից արվող ճոխ ծախսերը թեժ քննադատության առիթ դարձան նաևընդդիմության տարբեր ներկայացուցիչների կողմից: Կարծիքներ հնչեցին, որ երբ երկիրը անվտանգային լուրջ խնդիրների առաջ է կանգնած, տնտեսական, սոցիալական բարդությունների, առաջնագիծը կահավորված չէ, նման աննախադեպ ծախսերը բացարձակ տեղին չեն: 

Ի պատասխան քննադատությունների, դեկտեմբերի 6-ին Հանրային հեռուստաընկերության «Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում իշխանական թիմի ներկայացուցիչ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն աննախադեպ ծախսերի նպատակահարմարությունը բացատրեց նրանով, որ երկրում տրամադրությունների փոփոխություն է պետք: 

«Ընդդիմությունը փորձում է պայքարել նմանատիպ բոլոր իրողությունների դեմ՝ դա հիմնավորելով պատերազմով: Հիմա էլ ընդդիմությունը պայքարում է տոնածառի դեմ»,- հայտարարեց Քոչարյանն ու հարց հնչեցրեց, թե «պատերազմների ժամանակ Նոր տարի չե՞ն նշել»:

Արկադի Կարապետյանն ասում է, որ իրենք ոչ տոնածառի, ոչ էլ երկրում իշխանության կողմից ստեղծվող տրամադրությունների փոփոխության դեմ չեն պայքարում:

«Եթե մեր բանակը, մեր հայրենիքի սահմանները քաղաքականացնում են, ապա դա իրենց գործն է, մեզ հետ բացարձակ կապ չունի: Նորից եմ կրկնում՝ ունենք անհետ կորած զինվոր և զոհված սպա: Միակ պատճառը սա է»,- ասում է Ապարան համայնքի ղեկավարի տեղակալն ու շեշտում, որ աշխատում են իշխանության հետ, բնականոն հարաբերություններ ունեն,-ոչ մեկի հետ խնդիր չունենք»:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLaba.am