Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ հղի կնոջ վրաերթի դեպքը՝ նոր կարգավորումների առիթ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոխել Կառավարության որոշումներից մեկը, որը առաջին հայացքից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցող խմբի մասնակցությամբ հայտնի վրաերթի հետ է առնչվում:

Փաշինյանի ավտոշարասյան մասնակցությամբ տեղի ունեցած վրաերթի հետևանքով, հիշեցնենք, մահացել էր 29-ամյա հղի Սոնա Մնացականյանը: Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 26-ին Երևանի Լեոյի-Պարոնյան փողոցների խաչմերուկում: Այս գործով մեղադրյալը ՀՀ վարչապետի ավտոշարասյան ուղեկցող սպայական գումարտակի հրամանատար Արամ Նավասարդյանն է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Մասնավորապես, Կառավարության որոշման մեջ փոփոխություններով ԱԱԾ-ն առաջարկում է գործող օրենքով սահմանված առավելագույն արագությունը (բնակավայրերում՝ մինչև 100 կմ/ժ, բնակավայրերից դուրս՝ 120 կմ/ժ) գերազանցելու իրավունք վերապահել շքախմբում ներգրավված ավտոմեքենաներին։

Դրա համար առաջարկվում է սահմանել բացառություն` «Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերի» համար։

Հանրային քննարկման դրված Կառավարության որոշման նախագծում նաև նշվում է, որոնք են հատուկ նշանակության տրանսպորտային միջոցները. «Տրանսպորտային միջոցներ, որոնցով երթևեկում են Հանրապետության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, օրենքով սահմանված դեպքերում՝ Հանրապետության պաշտոնաթող նախագահը, պաշտոնաթող վարչապետը և այլ անձինք, Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա պետությունների ղեկավարները, օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները և նրանց ուղեկցող անձինք, ինչպես նաև ուղեկցման ընթացքում պետական պահպանության իրականացումն ապահովող անձինք»:

Բացի այդ, առաջարկվող փոփոխություններով հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման ժամանակ երթևեկության անվտանգության համար պատասխանատվությունը դրվում է վարորդների վրա, մինչդեռ գործող կարգավորմամբ, նման դեպքերում պատասխանատվություն են կրում ուղեկցող շարասյան ղեկավարները (ուղեկցող խմբի ավագը):

Ճանապարհային երթևեկության փորձագետ Արտակ Խաչատուրովն ասում է՝ ոլորտում եղած բացթողումը փորձում են լրացնել:

«Համակարգում հավանաբար միշտ մտածել են, որ սահմանվածից ավելի արագությունը, որը չի ամրագրվել որևէ փաստաթղթով, խնդիրներ չի առաջացնի: Բայց, փաստորեն, հիմա փորձում են բացը լրացնել: Իրենք ներքին կարգով իրենց համար սահմանել են կարգ, առանց որևէ որոշման մեջ ամրագրելու ու շարժվել իրենց երևակայած կարգով»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Խաչատուրովը:

Նրա խոսքով՝ ժամանակները փոխվել են, փոխվել են երթևեկության կանոնները, դրանց վերաբերյալ սահմանումները, սակայն, չգիտես ինչու, այդ մասը բաց է թողնվել, ինչը հիմա փորձում են լրացնել:

«Բացթողումը երևաց հենց Լեոյի-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած ողբերգության հետևանքով, երբ բոլորը սկսեցին հետաքրքրվել ու հասկացան, որ սահմանումներ չեն եղել, կարգավորումներ այդ մասով չեն գործել»,- նշում է նա:

Նա ասում է, որ իր գործունեության ընթացքում շատ են եղել դեպքեր, երբ պարզվել է, որ ինչ-որ խախտման կամ ինչ-որ արարքի դեպքում չկա պատիժ կամ պատասխանատվություն, ու դա նախադեպ է եղել, որ նոր սահմանումներ գործեն: «Կարելի է ասել, որ միլիոնից մեկ անգամ նման դեպք եղավ, ու փորձում են կարգավորումներ ներդնել»,- հավելում է Խաչատուրովը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am